Ստեփանակերտի քաղաքապետարանը ձյան մաքրման աշխատանքներում ակնկալում է քաղաքացիների աջակցությունը

Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ տեղացած առատ ձյան հետևանքում մի շարք խնդիրներ են առաջացել քաղաքացիների համար: Նշվում է, որ Ստեփանակերտի քաղաքապետարանը ենթակա համապատասխան ստորաբաժանումներով լծված է այդ դժվարությունները ժամ առաջ չեզոքացնելու գործին: Ձնամաքրման մեքենաները շրջում են փողոցներով և անցանելի դարձնում ճանապարհները երթևեկության համար:

«Մայթերի մաքրմանը հիմնականում մասնակցում են մարդկային աշխատուժը, բայց աշխատանքները ժամանակին և պատշաճ իրականացնելուն մի շարք հանգամանքներ են խոչընդոտում: Վերջին մեկ ամսում քաղաքում երթևեկող փոխադրամիջոցների թիվը զգալիորեն մեծացել է, ինչը բացասաբար է ազդում մերկասառույցի կանխարգելման աշխատանքներին: Աջակցության ծրագրերից օգտվելու նպատակով քաղաքի տարբեր վայրերում հերթեր են գոյանում, և որոշակի տարածքներում գրեթե անհնար են դառնում ձնամաքրման աշխատանքները: Պատերազմից հետո աշխատուժի պակաս է զգացվում: Առկա մարդկային ռեսուրսները բավարար չեն հրատապ խնդիրներին լուծում տալու համար»,- ասված է Ստեփանակերտի քաղաքապետարանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հրապարակված հաղորդագրությունում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշվում է, որ տեխնիկական միավորների մի մասը պատերազմի հետևանքով կամ մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ, կամ էլ գտնվում է անսարք վիճակում: Արդյունքում մեքենատրակտորային լրակազմը լրջորեն համալրելու կարիք ունի:

«Հայցում ենք մեր հայրենակիցների ներողամտությունը ու ակնկալում նրանց աջակցությունը վերը թվարկված խնդիրների կարգավորման հարցում. ով ինչով կարող է: Մենք շարունակում ենք աշխատանքները՝ ունեցած հնարավորությունները առավելագույնս օգտագործելով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով