Նավալնին, ԵԽԽՎ-ն ու մեր ռազմագերիները։ Ինչ կարող էր անել պատվիրակության ղեկավար ռուբինյանը.Հովհաննիսյան

«Նավալնին, ԵԽԽՎ-ն ու մեր ռազմագերիները։ Ինչ կարող էր անել պատվիրակության ղեկավար ռուբինյանը»:Այս մասին  ֆեյսբուքյան  իր  էջում գրառում է արել    Աժ նախկին փոխնախագահ,  «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ ղեկավար   Արփինե Հովհաննիսյանը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
«Երեկ հանրային այս տիրույթում քննարկվում էր այն հարցը, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը չքննարկեց մեր ռազմագերիների չվերադարձի հարցը՝ նախապատվությունը տալով Նավալնու թեմային։
Որպես ԵԽԽՎ պատվիրակության նախկին ղեկավար հարկ եմ համարում մի քանի դիտարկում անել.
Նախ՝ ԵԽԽՎ-ում կա երկու ընթացակարգ՝ հրատապ հարցերի քննարկում ( սովորաբար հինգշաբթի օրերին քննարկվող) եւ ընթացիկ հարցերի քննարկում( սովորաբար չորեքշաբթի օրերին քննարկվող)։ Պատվիրակությունը խնդրել էր հարցը դարձնել ընթացիկ դեբատի առարկա։ Հրատապ քննարկման համար չէին դիմել։
Երկրորդ՝ նախկինում( 2018թ. ապրիլ) եղել են դեպքեր, երբ վեհաժողովը, որի բյուրոն քվեարկությամբ է որոշում, որ հարցն է հրատապ դեբատի առարկա, համարել է, որ ԵՐԿՈՒ թեմա են հրատապ ու քննարկել են երկու հարց նույն օրը։ (որպես բյուրոյի նախկին անդամ տեսել եմ՝ ինչպես են դա անում)։ Բայց այս հարցով զբաղվելու համար պատվիրակության ղեկավարը նախ եւ առաջ պետք է տիրապետի 2 թեմայով քննարկման հնարավորության մասին տեղեկատվությանը եւ իմացությանը։
Երրորդ՝ ցավոք, պատվիրակությունը օբյեկտիվ պատճառներով չէր կարող այնպես անել, որ Նավալնու թեման դառնա պակաս կարեւոր, քան մեր ռազմագերիներինն է։ Սա քննարկման այլ նյութ է։ Հակառուսական տրամադրություններ, եվրոպացիների օրակարգ, լոբբինգ եւ այլն։
Բայց պատվիրակությունը, իսկ գործնականում՝ պատվիրակության ղեկավարը ՊԵՏՔ է կարողանար այնպես անել, որ թեման զուգահեռ կարեւոր լինի։ Օրինակ, Նավալնին դառնար 2-րդ հրատապ թեմա, իսկ մեր հարցը՝ գոնե ընթացիկ կամ մերը դառնար 2-րդ հրատապ թեմա։ Իհարկե, եթե հույս ունեին սա այնտեղ տեղում լուծել, ասեմ, որ դա անհնար էր, քանզի, պահանջում էր երկար, սեւ, ոչ հրապարակային աշխատանք մինչեւ մեկնելը։ Նվազագույնը 1 ամիս առաջ։ Նախագահական կոմիտեում, բյուրոյում կողմնակիցների հետ աշխատանք՝ հաշվի առնելով, որ այս պահին մենք որեւէ ներկայացուցիչ պատվիրակությունից այնտեղ չունենք։ Պատվիրակության ղեկավարը նիկոլի «թարգմանիչ» աշխատելու տեղը պիտի պատվիրակության ղեկավար լիներ։
Չորրորդ՝ եթե անգամ այսքանից հետո չհաջողեին, կարելի էր ակցիաներ անել, ինչպես Էդմոնը։ Ոչ միայն դա, այլեւ շատ այլ, ու շատ ավելի տեսանելի։ Եթե մարդիկ միանային, այդքան խղճուկ չէր լինի։ Պատվիրակության ղեկավարի գործառույթն է այդ ամենը պլանավորելը։
Հ.Գ. Շաաատ առիթներով եմ ասել՝ վեհաժողովում բոցաշունչ ելույթները թխվածքի վրայի բալն են, բայց դրանք ԶՐՈ են, եթե մինչ այդ աշխատանք չի արվել կամ արվել է ոչ բավարար։ Առայժմ՝ այսքանը։ Ներքին տեղեկատվություն կա, որ չեմ բացում Հայաստանի շահից ելնելով»,-գրել  է Հովհաննիսյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով