Ոստիկանությունը թող չփորձի քայլեր անել խաղաղ հանրահավաքի դեմ. Իշխան Սաղաթելյան

 

Նիկոլ Փաշինյանի անհետևողական, ապաշնորհ, դավաճանական գործունեության արդյունքում երկիրը հանգեց պատերազմի: Այս մասին «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ընթացքում հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նշել է, թե օրվա քաղաքական իշխանությունը պատրաստ չէր այս պատերազմին, բայց ոչ միայն ոչինչ չարեց այս ամենը կանխելու համար, այլև ամեն ինչ արեց՝ երկիրը հասցնելով պատերազմի: «Ընդդիմությունն ունի իր մեղքի բաժինը, որ չենք կարողացել հասարակությանը բացատրել, որ այս մարդիկ վտանգավոր են այս երկրի և պետության համար: Մենք՝ քաղաքական ուժերս, չկարողացանք այս մարդուն հեռացնել քաղաքական իշխանությունից»,-ասաց նա՝ նշելով նաև, որ չեն լռել, բայց առաջարկները ներկայացրել են իշխանություններին:

Ինչ վերաբերում է պատերազմի ընթացքին, ըստ Սաղաթելյանի, ՀՀ քաղաքական դաշտի ընդդիմադիր կուսակցությունները բացառիկ կեցվածք են ցուցաբերել:

Ըստ Սաղաթելյանի՝ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ողջ ժամանակահատվածում միշտ մտածել է իր իշխանության պահպանման համար: «Այս ամբողջ ժամանակահատվածում իր համար գերխնդիր է եղել իր իշխանության պահպանումը: Սա ձեռագիր է, իսկ այս օրերին, եթե մի տոկոս արժանապատվություն և ինքնասիրություն ունի, անհապաղ պետք է հեռանա իշխանությունից»,-ասել է նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անդրադառնալով 17 կուսակցությունների նախաձեռնությամբ այսօր կայանալիք հանրահավաքին՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հայտարարել է. «Ոստիկանությունը թող չփորձի որևէ քայլ ձեռնարկել խաղաղ հանրահավաքի դեմ: Մեզ համար Հայաստանի ներքին կայունությունը շատ կարևոր է: Մենք երբեք չենք գնա քայլերի, որոնք ցնցումներ կառաջացնեն մեր քաղաքում, Հայաստանում, և թիկունքում երկրորդ ճակատ կբացվի: Մենք չենք տրվելու որևէ պրովոկացիայի, բայց վարչապետի երեկվա ոչ սթափ և անադեկվատ կեցվածքը ակնհայտ է դարձնում, որ ինքը գնում է սադրանքի»,-ասել է նա:

Հարցին էլ՝ ինչ հարց է լուծվում Փաշինյանի հեռացմամբ, Սաղաթելյանը պատասխանել է. «Մենք պետք է փրկենք մեր հայրենիքի բեկորները, այս երկիրը վերականգնենք և փորձենք ստեղծված իրավիճակում գործադրել առավելագույն ջանքեր՝ ինչ-որ բաներ փրկելու համար և չհամակերպվել այս կապիտուլյացիայի պայմանագրի ամբողջական պայմանների հետ: Նիկոլ Փաշինյանը հանձնող է, նա պետություն կառուցող չէ, իրենով հնարավոր չէ առաջընթաց ունենալ. սա է խնդիրը»,-հայտարարել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով