Մարդիկ հասկանո՞ւմ են, որ մենք հայրենիք ենք կորցնելու, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության.«Հրապարակ»

«Հրապարակ»-ի  հարցազրույցը ԱԱԾ նախկին տնօրեն, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ

– Նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթից ավելի քան 2 շաբաթ է անցել, եւ ձեր՝ 17 քաղաքական ուժերի պահանջը շարունակում է մնալ օդում կախված՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է հրաժարական տալ։ Այս իրավիճակում ինչպե՞ս եք պատրաստվում հասնել նրա հրաժարականին, քայլերի հաջորդականություն, հստակ մեխանիզմ ունե՞ք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Իհարկե, հստակ մեխանիզմ ունենք, բայց կարծում եմ՝ եթե Նիկոլ Փաշինյանն ունի գոնե մի փոքր պետական մտածելակերպ եւ իր քայլերով փորձում է ինչ-որ մի կերպ աջակցել պետության հետագա գոյությանը, նա պետք է մտածի որպես պետական գործիչ, այլ ոչ թե փողոցից եկած ավանտյուրիստ, որը պատահական հայտնվել է այսօր իշխանության մեջ, եւ ինքնակամ ներկայացնի իր հրաժարականի դիմումը։

– Այս ընթացքում դեռ չե՞ք համոզվել՝ Փաշինյանն ունի՞ այդ պետական մտածելակերպը, թե՞ ոչ։

– Ես հույս ունեմ, որ նրա մեջ գոնե մի փոքր կա մարդը, որը հասկանում է, որ իր հրաժարականով ինքը ոչ թե զրկվելու է իշխանությունից, որից ինքը կառչած է, այլ օգնելու է Հայաստանի եւ Արցախի հետագա կայացմանը, զարգացման ընթացքին, այլ ոչ թե երկիրը տանելու է վերջնական կործանման։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Լավ, իսկ ինչպե՞ս եք հասնելու նրա հրաժարականին, հանրահավաքները դեռեւս օգուտ չեն տալիս։

– Կան քաղաքական պայքարի բազմաթիվ մեխանիզմներ, մենք օգտվելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներից եւ գեներացնելու ենք հանրային պահանջ, իսկ այդ հանրային պահանջը կա, եւ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Դա ժամանակի հարց է, ինձ համար Նիկոլ Փաշինյան-քաղաքական գործիչ, Նիկոլ Փաշինյան-վարչապետ այլեւս գոյություն չունի, ինչպես իմ, այնպես էլ մեր հանրության շատ մեծ հատվածի համար։

– Շատ քաղաքացիներ, դեմ լինելով Փաշինյանին, ասում են, որ հարթակում գտնվող քաղաքական ուժերին չեն տեսնում որպես հաջորդ իշխանություն, ասում են՝ նրանք նախկին են, մենք նախկինների վերադարձ չենք ուզում, Ձեզ էլ են դիտարկում նախկինների պրիզմայում։

– Մարդիկ, որոնք ինչ-որ պատճառներ են ման գալիս այս գործընթացին չմիանալու համար, կարող են բազմաթիվ պատճառներ գտնել՝ նախկին-ներկա, սեւ-սպիտակ, կանաչ-կապույտ․․․ Բայց այդ մարդկանց, օգտվելով առիթից, ես ուզում եմ մի հարց ուղղել՝ արդյոք այդ մարդիկ ունե՞ն հայրենիք, արդյոք այդ մարդիկ հասկանո՞ւմ են, որ մենք հայրենիք ենք կորցրել, կորցնում, կորցնելու ենք, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության։ Արդյոք այդ մարդիկ ազգային ինքնություն ունե՞ն, հա՞յ են, թե՞ հայ չեն։ Նախկին-ներկա՝ դա կեղծ օրակարգ է՝ բերված Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նիկոլ Փաշինյանը «նախկինների» ժամանակ ամենալավ կարիերան է արել՝ երկու անգամ դարձել է պատգամավոր, մեկ անգամ՝ վարչապետ։ Իսկ ինձ կպցնել նախկինների հետ՝ ուղղակի ծիծաղելի է։

– Ձեր մասին էլ կարող են ասել, որ Դուք էլ Նիկոլ Փաշինյանի օրոք եք կարիերա արել՝ նշանակվել ԱԱԾ տնօրեն, գեներալի կոչում ստացել։

– Ես 20 տարի ծառայել եմ Ազգային անվտանգության ծառայությունում, այդ ընթացքում ունեցել եմ բավականին դրական արդյունքներ, չեմ զբաղվել քաղաքականությամբ եւ կատարել եմ իմ գործը, ինչի համար բազմիցս խրախուսվել եմ։ Խրախուսումները, այդ թվում՝ գեներալի կոչումը, ոչ թե անձերն են շնորհում, այլ դա քո ծառայության գնահատականն է, որը տալիս է պետությունը։ Եթե դու լավ չաշխատես, լավ չծառայես քո երկրին եւ պետությանը, որեւէ դեպքում քեզ չեն խրախուսի։

– Համարենք, որ ինչ-որ պահի Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, ո՞րն է լինելու հաջորդ քայլը՝ գործող խորհրդարա՞նը պետք է թեկնածու առաջադրի եւ ընտրի, թե՞ պետք է խորհրդարանը ցրել, նոր ընտրություններ նշանակել եւ ժամանակավոր կառավարություն ձեւավորել։

– Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հրաժարական ներկայացնի, առաջնային մանդատ ունեցող մարմինը, այն է՝ Ազգային ժողովը, պետք է գործուն քայլեր ձեռնարկի եւ արագ ընտրի նոր վարչապետ։ Դա է միակ ճանապարհը՝ մեր երկիրն այս արհավիրքից հանելու։ Ուրիշ ճանապարհ չկա։ Հավատացեք, էս երկրում կա մեկ պրոբլեմ, եւ էդ պրոբլեմի անունը Նիկոլ Փաշինյան է։ Մինչեւ այդ մեծ պրոբլեմի հարցը չլուծվի, որեւէ կերպ այս երկիրը չի գնալու առաջ, չի ունենալու հաջողություններ։

– Բայց մենք տեսնում ենք, որ Փաշինյանը գնալու միտք չունի։

– Որեւէ իշխանություն, որը պետք է հեռանա, նախօրոք նման պլաններ չի ունենում․ դա լինում է շատ արագ եւ անպայման դա լինելու է, ես մի վայրկյան կասկած չունեմ։ Ուղղակի յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ ու վայրկյան Փաշինյանի մնալը մեր երկրի ապագային ուղիղ սպառնալիք է։

– Իսկ ո՞վ է լինելու հաջորդ վարչապետը, օրինակ՝ Դուք հավակնո՞ւմ եք այդ պաշտոնին․ մամուլում գրվեց, որ Ռուսաստանի իշխանությունները երեք թեկնածու են քննարկում՝ Ձեր, Վազգեն Մանուկյանի ու Հրանտ Բագրատյանի թեկնածությունները։

– Շատ կարեւոր է տարանջատել մեր հայրենիքի փրկության համար պայքարը իշխանության տենչանքից կամ պաշտոնակռվից։ Հավատացեք՝ որեւէ մեկն այս պայքարում չի փորձում ինչ-որ քայլեր ձեռնարկել՝ պաշտոն ունենալու համար։ Նման ինքնանպատակ ցանկություն որեւէ մեկը չունի։ Վարչապետ պետք է լինի հանրության կողմից հնարավորինս ընդունելի մի անձ, որը կոնսենսուսի միջոցով կառաջադրվի քաղաքական ուժերի կողմից։ Հանրության կողմից չընդունված մարդը հաստատ չի ստանձնի վարչապետի պաշտոնը։

– Այդ մարդը կարո՞ղ եք լինել Դուք, 17 քաղաքական ուժերը պատրա՞ստ են համախմբվել, օրինակ, Ձեր շուրջը։

– Մենք դեռեւս նման քննարկում չենք ունեցել, բայց, հավատացեք՝ ամենաարագ եւ հեշտ լուծվող հարցն է, թե ով կլինի այդ կոնսենսուսային վարչապետի թեկնածուն, որը կզբաղեցնի որոշ ժամանակ վարչապետի պաշտոնը՝ մինչեւ նոր խորհրդարանական ընտրություններ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով