Արցախն Ադրբեջանի իրավասության տակ չի՛ եղել և չի՛ լինելու. Վիտալի Բալասանյան

Վստահ եմ, որ Արցախի Հանրապետության զինված ուժերը, մայր Հայաստանի և ի սփյուռս աշխարհի հայության հետ մեկտեղ, կարողանալու են ևս մեկ անգամ հակահարված տալ ոխերիմ թշնամուն և ապացուցել, որ մենք հաղթելու ենք, քանզի միաբան ենք, Facebook-ում գրել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը։
«Սիրելի հայրենակիցներ,
1988-ը Լեռնային Ղարաբաղի պատմության համար շրջադարձային տարի դարձավ: Սումգայիթում և Բաքվում հայերի նկատմամբ կազմակերպած ահասարսուռ ջարդերի հետևանքով Արցախի ժողովուրդը բարձրացրեց իր ձայնն ի պաշտպանություն սեփական իրավունքների ու ազատությունների և փետրվարի 22-ին հետևեց Ադրբեջանի կողմից հարձակում Ասկերան քաղաքի և հարակից գյուղերի վրա, որի ժամանակ ողջ հայությունը ոտքի կանգնեց պաշտպանելու իր ինքնությունը:
1988-1991 թվականներին Ադրբեջանի զորքերը սկսեցին ԼՂԻՄ-ի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ՝ վերցնելով այն ամբողջովին շրջափակման մեջ: Այդ օրերին Ադրբեջանի իշխանության հատուկ նշանակության զորքերը կազմակերպեցին ԼՂԻՄ խաղաղ բնակչության դեմ աննախադեպ հակամարդկային «կոլցո» օպերացիան:
1991 թվականի օգոստոսին Ադրբեջանը լայնամաշտաբ պատերազմ սկսեց շրջափակման մեջ գտնվող ԼՂԻՄ-ի դեմ, որն ուներ 160.000-ից քիչ բնակչություն: ԼՂՀ բնակչությունը մեկ մարդու պես ոտքի կանգնեցին և մայր Հայաստանի, սփյուռքի իր որդիների հետ պայքարեցին, դուրս եկանք շրջափակումից և հաղթեցին շուրջ 7 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանին: Հաղթեցինք, քանզի միաբան էինք, հաղթեցինք, քանզի չվախեցանք, հաղթեցինք, քանզի պարտությունը անհնարին էր:
2016 թվականին Բաքվի իշխանություններն, արդեն իսկ Թուրքիայի դրդմամբ, փորձեցին լայնածավալ պատերազմ սկսել, սակայն մենք անսասան էինք և դիմակայեցինք:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին նույն ադրբեջանական իշխանություններն, արդեն Թուրքիայի բացահայտ մասնակցությամբ նախաձեռնել են հերթական լայնածավալ ագրեսիա Արցախի Հանրապետության դեմ, վերսկսելով ակտիվ ռազմական գործողությունները՝ օգտագործելով տեխնիկապես ավելի հագեցած և ահաբեկիչներով համալրված ռազմական ուժեր: Արցախի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով ընթանում են ծանր մարտեր:
Սիրելի հայ ժողովուրդ, վստահ եմ, որ Արցախի Հանրապետության զինված ուժերը, մայր Հայաստանի և ի սփյուռս աշխարհի հայության հետ մեկտեղ կարողանալու ենք ևս մեկ անգամ հակահարված տալ ոխերիմ թշնամուն և ապացուցել, որ մենք հաղթելու ենք, քանզի միաբան ենք, հաղթելու ենք, քանզի դատապարտված ենք հաղթանակելու: Չափից շատ է արյուն հեղվել, չափազանց մեծ են կորուստները: Քաջ հայորդիների սխրանքներն անգնահատելի են: Նրանց վառ հիշատակը, այսօր ոսոխի դեմ կանգնած մարտիկների ազգանվեր պայքարը, թիկունքում մեր հայրենակիցների համախմբված օգնությունը թույլ չեն տալիս, որ որևէ հայի մտքով անգամ անցնի և վստահ եմ, որ չի էլ անցնում, որ հնարավոր է վերադառնալ Ադրբեջանի իրավասության տակ:
Չի՛ եղել և չի՛ լինելու», – գրել է Վիտալի Բալասանյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով