ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոքը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հաղորդել է, որ Սաղաթելյանը ձերբակալվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի կասկածանքով՝ օրենքով սահմանված կարգի խախտման հավաքներ կազմակերպելու համար։
Պաշտպանական կողմը բողոքարկել է ձերբակալման մասին որոշումը՝ նշելով, որ ձերբակալման հիմքը և նպատակն իրավաչափ չեն։ Ընդ որում՝ հոդվածը, որի կասկածանքով ձերբակալվել է Սաղաթելյանը, չի նախատեսում պատիժ՝ ազատազրկում մեկ տարուց ավելի ժամկետով, ինչը ենթադրում է, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն չի կարող ներկայացվել։ Ասել է թե՝ նախաքննական մարմինը Ա. Սաղաթելյանին մեկուսացնելու նպատակ հետապնդում միայն։
Նշենք, որ ձերբակալման իրավաչափության վերաբերյալ դատական նիստը, ըստ գործող օրենսդրության, պետք է կայանա այսօր, սակայն դատական նիստի ժամը դեռևս հայտնի չէ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի տարբեր փողոցներում նոյեմբերի 20-ին տեղի են ունեցել անհնազանդության ակցիներ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Քաղաքացիները, հասարակական-քաղաքական գործիչներն այդպես իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել Արցախի հողերը ադրբեջանցիներին հանձնելու Փաշինյանի որոշման դեմ։ Բողոքի ակցիաների կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է Երեւանի քննչական վարչությունում, որի պետը ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն է։
Բողոքի ակցիաները ճնշելու համար իշխանություններն անցել են բիրտ ուժի գործադրման. միայն նոյեմբերի 20-ին ձերբակալվել է շուրջ 20 հանրային գործիչ 72 ժամով ձերբակալվել է, 200 մարդ բերման ենթարկվել։