«Հայոց արծիվներ» քաջաց ջոկատը, Խաչիկ Ասրյանի հրամանատարությամբ, անդրդվելիորեն իրեն վստահված դիրքերում է

«Սյունյաց երկրին» հաջողվեց այսօր կապ հաստատել ռազմաճակատի հարավ-արեւելյան թեւում մարտական դիրքեր պաշտպանող «Հայոց արծիվներ» կամավորական ջոկատի (վաշտի) հրամանատար, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ասրյանի հետ:

«Հայոց արծիվներ» ջոկատը ռազմաճակատ է մեկնել հայրենիքի կանչով՝ սեփական նախաձեռնությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ սեպտեմբերի 29-ից մինչեւ հիմա, առանց հերթափոխի, արժանապատվորեն պաշտպանում է վստահված դիրքերը:

Հայրենապաշտությունը Խաչիկ Ասրյան սյունեցու եւ նրա հետեւորդների համար կոնկրետ գործեր է ենթադրում: Դրա հերթական վկայությունը մարտական ներկա առաքելությունն է, որ փառավոր կերպով իրականացնում է քաջերի այդ վաշտը:

«Հայոց արծիվները» մարտական սխրալից ուղի են անցել նաեւ 2016-ի ապրիլյան օրերին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ Խաչիկ Ասրյանի՝ ջոկատի անդամների տրամադրությունը բարձր է, կա հաստատուն հավատամք՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները ու մոտեցնելու բաղձալի հաղթանակը:

Եվ, առհասարակ, Պաշտպանության բանակի յուրաքանչյուր զինվորի, սպայի եւ բանակին անդամագրված կամավորականի ոգին հերոսական է ավելի, քան երբեւէ:

Պարզվում է՝ կրակագծում նույնպես Խաչիկ Ասրյանն ունի իր յուրօրինակ ու հայրենաշունչ գաղափարախոսությունը կամ պատվիրանների ամբողջությունը, որ ներկայումս թեւածում է կրակագծի այդ հատվածում:

-Յուրաքանչյուր զինվորի, կամավորականի ասում եմ՝ «Դուք ունեք երկու առաքելություն՝ պահպանել ձեր կյանքը եւ պահպանել հայոց սուրբ հողը: Բայց, եթե երկուսի միջեւ  ընտրություն կատարելու խնդիր առաջանա, պարտավոր եք նախապատվությունը տալ այս առաքելությանը՝ «Պաշտպանել հայոց սուրբ հողը»՝ զոհաբերելով ձեր կյանքը»,- ասաց Խաչիկ Ասրյանը:

Դե ինչ, «Հայոց արծիվներ» քաջաց ջոկատին մաղթում ենք հաղթանակ եւ շուտափույթ վերադարձ, այն էլ՝ ամբողջ կազմով:

Աստված ձեզ պահապան:

(Հրամանատար Խաչիկ Ասրյանը ռազմաճակատից` 1-ին գծից, սեպտեմբերի   29-ից մինչև հիմա դեռ ոչ մի նկար չի ուղարկել)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով