Հակառակորդի ամեն հրթիռակոծությունից հետո վնասների ծավալներն ավելանում են. Վահրամ Պողոսյան

Արցախի իշխանությունները դեռևս չեն հաշվարկել, թե որքան գումար անհրաժեշտ կլինի Ադրբեջանի Զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի հրթիռակոծության վնասները վերականգնելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 12-ին «Ազատություն ռադիոկայան»-ի եթերում ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ նշելով, որ հրթիռակոծությունները շարունակվում են, վնասներն էլ ավելանում:

«Այսօր մենք նման հաշվարկներ չենք իրականացնում, որովհետև պատերազմը դեռևս չի ավարտվել: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի զենքերից հրթիռակոծել, հրետանակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը: Ցավոք, յուրաքանչյուր հրթիռակոծությունից հետո միշտ ավելանում են այդ վնասների ծավալները, երբ կավարտվի պատերազմը, այդ ժամանակ արդեն կստեղծվի վնասները գնահատող հանձնաժողով, այդ հաշվարկները կարվեն ու հանրությանը տեղյակ կպահենք»,- ասաց Պողոսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արցախի նախագահի մամուլի խոսնակը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր այս օրերին գումար են նվիրաբերում Արցախին:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին, ովքեր այս օրերին մասնակցում են դրամահավաքին: Հավաքագրվող գումարներն ամբողջությամբ ուղղվելու են այն վնասների ու ավերակների վերականգնմանը, որոնք այս ընթացքում տեղի են ունեցել ու տեղի են ունենում»,- նշեց Վահրամ Պողոսյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով