ԵԽԽՎ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդներն Ադրբեջանին և Հայաստանին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ երկխոսության: ТАСС գործակալութան փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Հայաստանի հարցով համազեկուցողներ շվեդուհի Բորիանա Օբերգի ու ֆինն Կիմո Կիլյունենի և Ադրբեջանի հարցով համազեկուցողներ ավստրիացի Շտեֆան Շեննահի ու բրիտանացի Ռոջեր Գեյլի համատեղ հայտարարության մեջ:

«Մենք ծայրահեղ մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների մեկնարկով և դրանց սրմամբ, որոնք սպառնում են տարածաշրջանային կայունությանը: Մենք խորապես ցավում ենք զինվորականների և քաղաքացիների շրջանում արձանագրված կորուստների համար, որոնց մասին երկու կողմերն էլ հայտնել են: Կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ Մինսկի խմբի ձևաչափում»,- ընդգծում են ԵԽԽՎ ներկայացուցիչները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բացի այդ, համազեկուցողները Եվրոպայի խորհրդի մյուս երկրներին կոչ են անում «զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են նպաստել լարվածության զարգացմանը տարածաշրջանում»: «Կրկին հայտարարում ենք, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- ընդգծել են համազեկուցողները:

Խորհրդականները նաև ուշադրություն են հրավիրել «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտավորվածություններին՝ իրար միջև հակամարտությունները միայն խաղաղ ուղիներով կարգավորելու հարցով»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով