«Եթե հակառակորդը պատերազմը տեղափոխի երկրի խորքը, մենք պետք է պատրաստ լինենք տալ կոշտ հակահարված». Ավետիք Չալաբյան.168.am

Օգոստոսի 24-ին Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման դրեց «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով նախատեսվում է ստեղծել աշխարհազոր։ Նախագծով առաջարկվող փոփոխությունների և քննարկումների առիթ դարձած մի շարք դրույթների շուրջ 168.am-ը զրուցել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի հետ:

– Աշխարհազորի ստեղծման գաղափարի մասին խոսվում էր տարիներ շարունակ, ավելի վաղ էլ այդ գաղափարը փորձարկվել էր սահմանամերձ մի քանի գյուղում։ Դուք ինչո՞վ եք պայմանավորում այս փուլում նման նախագծի ներկայացումը, հուլիսյան տավուշյան դեպքերն ու օր օրի խորացող թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությո՞ւնն են պատճառը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Աշխարհազորի մասին ոչ միայն խոսվում էր, այլև 2015-17 թվականներն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի մեծ մասում տեղի են ունեցել աշխարհազորի հավաքներ, ՊՆ ղեկավարությամբ և մեր ԱրԱր հիմնադրամի աջակցությամբ։ Ցավոք, 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, ծրագրի հետագա ընդլայնումը կասեցվեց, թեև չդադարող պատերազմի պայմաններում ապրող երկրի համար արագ մոբիլիզացիայի համակարգն անհրաժեշտություն է։ Ընդ որում, եթե բանակի պահեստազորն անհրաժեշտ է գործող մարտական ստորաբաժանումները համալրելու համար, ապա աշխարհազորի խնդիրը մարտական գործողությունների անմիջական թիկունքում քաղաքացիական պաշտպանության իրականացումն է, ընդ որում, ոչ միայն պատերազմական պայմաններում, այլև խոշորամասշտաբ բնական կամ տեխնոգեն աղետների դեպքում, որոնք իրենց կործանիչ ազդեցությամբ համարժեք են պատերազմական գործողություններին։

– Առաջարկվող նախագծով նախատեսվում է ունենալ մոտ 100 հազարի հասնող աշխարհազոր. սա ենթադրո՞ւմ է պաշտպանությանն ուղղված ծախսերի ավելացում, թե՞ բանակն իր միջոցներով կարող է լուծել, օրինակ, 100 հազար քաղաքացու սպառազինության հարցը։

– Աշխարհազորի թիվն օրենքով չի սահմանվում, և իրականում միայն ժամանակը ցույց կտա, թե ինչ թվով քաղաքացիներ են պատրաստ կամավորագրվել աշխարհազորին՝ դա նաև էապես կախված է Պաշտպանության նախարարության գործադրած ջանքերից և ծրագրի հանրայնացման արդյունավետությունից։ Ես կարծում եմ, որ պետությունը պետք է յուրաքանչյուր աշխարհազորայինի վրա որոշակի խելամիտ ծախսեր կատարի, որպեսզի ապահովի նրան համապատասխան համազգեստով, սպառազինությամբ, այլ անհրաժեշտ սարքավորմամբ, և ամենակարևորը՝ մարզի և համարժեք պատրաստի իր ապագա ֆունկցիաների արդյունավետ կատարմանը։ Այդ իմաստով տարակուսելի է, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնության մեջ ներկայումս նշված է, որ այն լրացուցիչ բյուջետային ծախսեր չի պահանջի՝ եթե ցանկանում ենք, որ այս նախաձեռնությունն արդյունավետ լինի, այն անխուսափելիորեն որոշակի բյուջետային հատկացումներ է պահանջելու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Աշխարհազորի ստեղծումը տեղավորվում է Ազգ-բանակ կոնցեպտի մե՞ջ։

– Ազգ-բանակ կոնցեպտի շուրջ շահարկումները բավական շատ են, քանի որ այն շրջանառության մեջ է դրվել նախորդ իշխանության կողմից, իսկ գործող իշխանությունն էլ ինչ որ պահի փորձել է, բավական անհաջող կերպով, այն շրջանառությունից հանել։ Կարծում եմ, պետք է դադարեցնել այդ անիմաստ բանավեճը և ելնել այն պարզ գիտակցությունից, որ մենք ապրում ենք վտանգավոր տարածաշրջանում, ունենք մի շարք ագրեսիվ հարևաններ, և մեր դիմադրողականության աստիճանը պետք է համարժեք լինի առկա իրական վտանգներին։ Եթե հակառակորդը պատերազմը տեղափոխի երկրի խորքը, մենք պետք է պատրաստ լինենք տալ կոշտ հակահարված։ Պետք է պատրաստ լինենք նաև նրան, որ մարտական գործողությունները կարող են ընդգրկել մեր սահմանագծի զգալի մասը և զգալի հավելյալ ռեսուրսներ պահանջել։ Եթե գործող իշխանությունն ամեն գնով խուսափում է «Ազգ-բանակ» արտահայտության օգտագործումից, դա իր գործն է, բայց դրանից մեր աշխարհաքաղաքական իրականությունը չի փոխվում, այստեղ պատրանքներ պետք չի ունենալ։

– Առաջարկվող նախագծով աշխարհազորը մասնակցելու է հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանությանը։ Հատուկ պաշտպանության շենք է համարվում, օրինակ, Կառավարության և Ազգային ժողովի շենքը. ո՞րն է երաշխիքը, որ աշխարհազորը չի օգտագործվի քաղաքական նպատակով և, օրինակ, չի ցրի բողոքի ակցիաներ։

– Ես կարծում եմ, որ օրենքով հստակ պետք է սահմանվի, որ աշխարհազորը ենթարկվում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբին, կարող է օգտագործվել միայն պատերազմական դրության դեպքում, և արտաքին հակառակորդի գործողություններից այդ օբյեկտները պաշտպանելու համար։ Օրենքը պետք է հստակ արգելք սահմանի՝ ցանկացած ներքաղաքական զարգացումներին աշխարհազորի մասնակցության հետ կապված, այս իմաստով այն հիմա էական բաց ունի, որը պետք է շտկել։

– Խաղաղ ժամանակ աշխարհազորային զորամիավորումների և դրանց ենթակա բրիգադների ու գումարտակների ղեկավարման կարգը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ և իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն. ո՞րն է երաշխիքը, որ խաղաղ ժամանակ Կառավարության որոշմամբ աշխարհազորի գործունեության պլան չի հաստատվի։ Հանրային քննարկման դրված նախագիծը Ձեզ նման երաշխիք տալի՞ս է։

– Ինչպես արդեն նշեցի, խաղաղ պայմաններում աշխարհազորը պետք է վերապատրաստվի, ընդ որում, ցանկալի է՝ զորամասերի տարածքում, սակայն նրա անմիջական կիրառումը պետք է իրականացվի միայն պատերազմական դրության պայմաններում, և դա պետք է հստակ սահմանվի օրենքով։

– Ներկայացված նախագծով աշխարհազորն իրականացնելու է քաղպաշտպանություն՝ քաղաքացիների տարհանում և այլն. այս դեպքում ի՞նչ են  անելու այդ գործով զբաղվող Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Ոստիկանության զորքերն ու Ազգային անվտանգության սահմանապահ ծառայությունը։

– Պետք է նկատի ունենալ, որ բոլոր թվարկված  կառույցների թվակազմը հաշվարկված է խաղաղ պայմանների համար։ Պատերազմական պայմաններում  էապես ավելի մեծ ռեսուրսներ կարող են պահանջվել՝ նմանօրինակ խնդիրներ լուծելու համար, մանավանդ, եթե պատերազմական գործողությունների աշխարհագրությունն ընդլայնվի։ Հուսով եմ, որ դա երբևիցե տեղի չի ունենա, սակայն շատ կարևոր է, որ նաև մեր հնարավոր հակառակորդները գիտակցեն, որ Հայաստանն ունի մարտունակ և արագ մոբիլիզացվող զգալի ռեսուրսներ, դա ինքնին կարող է նրան հետ պահել հնարավոր արկածախնդրություններից։

– Արդյոք  պե՞տք է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձանց  տալ հնարավորություն համալրելու աշխարհազորը։

– Պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում՝ խուսափած։ Շատ քաղաքացիներ զինվորական ծառայություն չեն անցել՝ օրինական հիմքի վրա, եթե նրանք պատրաստ են կամավորագրվել աշխարհազորին, կարծում եմ, պատճառ չկա հիմա դա արգելելու, ավելին՝ դա հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու լրացուցիչ հնարավորություն է։ Եթե, սակայն, քաղաքացին իսկապես թաքնվել է զինվորական ծառայությունից, և հետո փողով «ազատում» է գնել, ինչպես, ցավոք, թույլ էր տալիս մեր օրենսդրությունը, կամ չարամիտ խուսափել է ծառայությունից, գուցե այդ քաղաքացիներին այլևս իմաստ չունի ընդգրկել աշխարհազորում։

Աղբյուր`168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով