Շուրջ երեսուն տարվա անկախության պատմության ընթացքում Հայաստանը երբեք չի ունեցել այսչափ խայտառակ արտաքին քաղաքականություն, ինչ որ ունի Նիկոլ Փաշինյան վարչապետի օրոք.Միհրան Հակոբյան

Շուրջ երեսուն տարվա անկախության պատմության ընթացքում Հայաստանը երբեք չի ունեցել այսչափ խայտառակ արտաքին քաղաքականություն, ինչ որ ունի Նիկոլ Փաշինյան վարչապետի օրոք: Երբեք Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսչափ պասիվ, այսչափ ձախողված ու փակուղային չի եղել: Երկու տարիների ընթացքում Նիկոլ Փաշիյանը խառնեց ու փչացրեց ամեն ինչ` նվազագույնի հասցնելով թե Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ՀԱՊԿ գծով դաշնակիցների հետ հարաբերությունները, և թե ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու Չինաստանի հետ հարաբերությունները: Ըստ էության, պետության արտաքին քաղաքականության ոլորտում ոչինչ չի կատարվում, կրկնում եմ` ոչինչ չի կատարվում, բացի հետընթացից: Արցախյան բանակցությունների մասին չխոսենք, որովհետև Նիկոլն այնպես է խառնել ամեն ինչ իրար, որ տասնամյակներ են պետք գալու վիճակը շտկելու համար: Հուսանք, որ ստեղծված իրավիճակում Ալիևի «դուխը չի հերիքի» օգտվել բանակցային սեղանին Նիկոլ Փաշինյանի «մատուցած ծառայություններից» ու լայնամաշստաբ պատերազմ չի սկսի, ավելի շուտ` Մոսկվան ու Վաշինգտոնը հաստատակամ կգտնվեն Ադրբեջանին զսպելու հարցում:

Ասածս ստեղծված իրավիճակի ոչ քաղաքական, ոչ էլ քաղաքագիտական գնահատական է: Ասածս հանրահռչակ ճշմարտություն է: Դա տեսնում են բոլորը, դա գիտեն բոլորը: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը բոլոր հնարավորություններն ուներ գոնե թե արտաքին քաղաքականության բնագավառում վիճակն այս ողբերգական կետին չհասցնելու համար: Գիտե՞ք` ինչու՞ այսպես եղավ: Որովհետև Նիկոլն ու իր հետ Գյումրիից Երևան քայլածները թերուս են, պետական կառավարման զրո փորձ ու գիտելիք ունեն, գոռոզ են, ոչ մի պատկերացում չունեն արտաքին քաղաքականության, դիվանագիտության և աշխարհաքաղաքականության մասին: Իսկ պետական շահը հասկանում են միայն պարգևավճարներով բյուջեն լափելու համատեքստում: Ուսումնասիրեք սրանց անցյալը. սրանցից ո՞ր մեկն է իրենց կուրսի ամենալավ սովորողների եռյակում եղել, սրանցից ո՞վ է մասնավորում կայացած եղել` որպես բարձր վարձատրվող ինչ-որ բանի մասնագետ: Ուսումնասիրեք ու ինքներդ կհամոզվեք, որ արանք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ միջակությունների խմբավորում են, որ զավթեցին իշխանությունը Հայաստանում և երկու տարվա ընթացքում երկիրը կանգնեցրել են բարոյական, իրավական, արտաքին քաղաքական, ռազմական, տնտեսական ու սոցիալական աղետի շեմին: Ասածումս չափազանցություն չկա. համարյա թե երաշխավորված արհավիրքի նախանշանները միայն կույրը չի տեսնում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ կարող էին չէ՞ մարդկանց չսորտավորել, սև ու սպիտակի չբաժանել ու նախկին արտգործնախարարների ներուժն օգտագործել դիվանագիտական գործերում: Օրինակ` էդվարդ Նալբանդյանի փորձն ու գիտելիքները պետք չէի՞ն երկրին: Շատ բարձր որակավորում ունեցող այս դիվանագետը Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից պատվով կատարել է իր գործը դիվանագիտական ճակատում: Ու՞մ էր խանգարում Էդվարդ Նալբանդյանը, որ այս փնթիները չցանկացան օգտագործել նրա գիտելիքներն ու փորձը` հանուն պետական շահերի: Ասենք` ո՞նց որոշեցին, որ Էդվարդ Նալբանդյանը սև է, իսկ Ֆելիքս Ցոլակյանն ու Զոհրաբ Մնացականյանը` սպիտակ: Կամ արդյո՞ք 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո Վարդան Օսկանյանն ու Զոհրաբ Մնացականյանը նույն գործը չեն արել, այսպես ասած` նույն քաղաքական գծի մեջ չեն եղել: Կամ Րաֆֆի Հովհաննիսյանը, ում 2013-ի միտինգներին Նիկոլ Փաշինյանը հարթակներից կոկորդն էր պատռում, ընդհանրապես ոչ մի անելիք չունե՞ր երկրի դիվանագիտական գործերում: Իսկ Վահան Փափազյանն ի՞նչ էր արել սրանց, որի ծառայություններից նույնպես չօգտվեցին: Միակ նախկին արտգործնախարարը, որ դիվանագիտական պաշտոն է զբաղեցնում, Ալեքսանդր Արզումանյանն է, այն էլ` Դանիայում նրան դեսպան նշանակել է Նախագահ Սերժ Սարգսյանը 2017թ.-ին: Հիմա հասկացա՞ք` ով են սրանք, ինչքան հեռու են պետական կառավարում ու պետական շահ հասկացություններից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով