Փողին մունաթ՝ վճարիր բանակից «թռնելու» համար և խուսափիր քրեական պատասխանատվությունից

Այսօր լրահոսից տեղեկացանք, որ երեկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի՝ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։

Ըստ 2019 թվականի հոկտեմբերի 31-ին ՊՆ-ի կողմից տարածած հայտարարության՝ շարքային կազմի պայմանագրային զինծառայողի միջին աշխատավարձը կազմում է 135-260 հազար /առանց եկամտահարկի/ ՀՀ դրամ`կախված մարտական հերթապահության ընդգրկվածությունից, զորամասի տեղակայման վայրից և կատարվող խնդիրների առանձնահատկություններից: Սա ընդունենք ի գիտություն և անցնենք առաջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ԱԺ Նախագահին ուղղված օրենքի նախագիծը և կից փաստաթղթերը շրջանառության մեջ դնելու մասին նամակը ստորագրել են այս նախաձեռնության հեղինակները, որոնց կազմը մի տեսակ տարակուսանք է առաջացնում՝ Մխիթար Հայրապետյան, Արման Բաբաջանյան և Անդրանիկ Քոչարյան: Վստահաբար վերջինի անունը նշվել է նախաձեռնությանը գոնե մի փոքր լրջություն փոխանցելու համար, քանի որ առաջին երկուսը չեն ծառայել ՀՀ բանակում և իրենց կողմից այսպիսի օրենքի նախագիծ հեղինակելը մի շարք օրինաչափ հարցեր է առաջացնում: Այս պահին դեռ հասանելի չի օրենքի նախագծի ամբողջական տեքստը, որպեսզի մենք կարողանանք հստակ հասկանալ, թե ինչ են մոգոնել բանակում գիտական աշխատանքով զբաղվելու պատրվակով չծառայածը և զինվորական ծառայությունից խուսափելու համար փաստաթղթեր կեղծելու համար դատապարտված և ազատազրկված երեսփոխանները:

Սակայն մենք կարող ենք միջինացված հաշվարկ անել և հասկանալ, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում այդ ֆանտաստիկ արտոնությունից կկարողանան օգտվել նրանք, ովքեր կունենան ավելորդ 4 740 000 ՀՀ դրամ (շուրջ 10 000 ԱՄՆ դոլար): Ինքնին հասկանալի է, որ սովորական մահկանացուն չի կարող ունենալ այդքան գումար վճարելու համար: Եվ հակառակը՝ օրվա իշխանության ներկայացուցիչներն ու իրենց մերձավորները միանշանակ կկարողանան օգտվել այդ արտոնությունից:

Անդրադառնանք նաև հարցի բարոյական կողմին: Արդյո՞ք այն անձինք, ովքեր խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից և գտնվում են քրեական հետապնդման մեջ, պետք է կարողանան գումարի դիմաց ազատվեն պատասխանատվությունից: Մի՞թե հայրենիքին առանց հարգելի պատճառի իրենց զինվորական պարտքը տալուց խուսափողները պետք է իրավունք ունենան պարզապես վճարել և հանգիստ քնել գիշերը: Զավեշտալի են նույն քաղաքական ուժի զանազան գործիչների կողմից այս թեմայով արվող բոցաշունչ հայտարարությունները: Նրանք հիմնականում փորձում էին արդարացնել այս նախագիծը՝ շեշտը դնելով այն գաղափարի վրա, որ բանակում ծառայելը պետք է պատիվ լինի: Այս իմաստով արդարացումն այնքան էլ չստացվեց, քանի որ այն իմաստ ունի, եթե քո երկրում բանակում ծառայելը ոչ թե գեոքաղաքական առանձնահատկություններից բխող պարտադիր պարտականություն է, այլ օրինակ ԱՄՆ-ի նման համեմատաբար լավ վարձատրվող, տարբեր բոնուսներ նախատեսող և ուստի խիստ ընտրություն ենթադրող համակարգ է: Հայաստանի պարագայում օրենքի այս նախագիծը կարող է ծառայել ընդամենը երկու նպատակի՝ անհույս վիճակում գտնվող կառավարությանն օգնել բյուջե լցնել ամեն հնարավոր տարբերակով, այդ թվում՝ օրինականացված կաշառքի ձևով, և օգնել Արման Բաբաջանյանի նմաններին (դե Մխիթար Հայրապետյանը գոնե թղթերով գիտական աշխատանքով է զբաղվել, թեպետ չենք կարողանում գտնել նրա հեղինակած գեթ մեկ գիտական հոդված կամ մոնոգրաֆիա) խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից և դրա համար պատասխանատվություն չկրել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գլոբալ իմաստով այս նախագիծը համահունչ է օրվա իշխանության կեցվածքին: Զարմանալի չէ, որ հենց այս երկու երեսփոխաններն են հեղինակել իրենց ազգային արժեհամակարգը, իսկ ավելի ճիշտ՝ ազգային արժեհամակարգի բացակայությունը, արտացոլող այս նախագիծը, որը քարոզում է «փողով բոլոր հարցերը լուծվում են» սկզբունքը, և սակարկում են հայրենասիրությունը որպես ազգային կատեգորիա՝ այն տեղափոխելով սպառողական ոլորտ, որն իրենց համար կոմֆորտ զոնա է:

Պարոնայք երեսփոխաններ, ի գիտություն ձեզ Հայաստանում բանակում ծառայելը նույնպես պատիվ է, բայց ոչ թե այն պատճառներով, որոնք դուք եք պատկերացնում: Բանակում ծառայելը պատիվ է, քանի որ Հայրենիքը պաշտպանելն է պատիվ, այլ ոչ թե այնքան փող ունենալը, որ կարողանաս քեզ իրավունք գնել խուսափել զինվորական ծառայությունից և պատասխանատվության չենթարկվել դրա համար: Այն, ինչ դուք եք քարոզում, ուղղակի հակասում է հայրենասիրության գաղափարին և փողը դարձնում է ամեն հարցի անկյունաքար:

Ցավոք, սա է ձեզ ծանոթ միակ լեզուն, ձեր պարադիգման:

Ամփոփենք փաստելով, որ ինչպես և մի շարք այլ տարակուսելի օրենքներ, այս նախագիծը մեծ շանսեր ունի ընդունվելու սեփական կարծիք չունեցող և մեկ մարդու նման ԱԺ-ում քվեարկող 88 իշխանական պատգամավորների կողմից:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով