Նոր 100 փաստ՝ խնջույք ժանտախտի ժամանակ

Գաղտնիք չէ, որ ՀՀ վարչապետը սիրում է ասուլիսներ տալ և պատմել իր պաշտոնավարման նվաճումներ ներկայացվող 100 փաստերի մասին: Նա արդեն չորս այդպիսի մամուլի ասուլիս է տվել, չորսն էլ ոչ մի բանի մասին: Վերջինը՝ հաշվով չորրորդը, եղել է այս տարի մայիսի 16-ին:

Այն աչքի էր ընկնում առանձնահատուկ ցինիզմով, քանի որ ներառում էր այնպիսի բաներ, որոնք համավարակի պայմաններում Կառավարության ուղիղ պարտականությունների շրջանակներում են և դրանք որպես իշխանության նվաճում ներկայացնելն ուղղակի անբարոյական է: Մայիսի 16-ին վարչապետը մասնավորապես առանձնահատուկ ընդգծել էր, որ կորոնավիրուսային հիվանդությանը դիմակայելու նպատակով ձեռք են բերվել շուրջ 100 հազար թեստեր և շարունակում են ձեռք բերվել բժշկական սարքեր, անհատական պաշտպանիչ պարագաներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ստացվում է, որ ժողովրդի առողջության ապահովման համար անհրաժեշտ պարագաների գնումը կարող էր և չարվել, բայց վարչապետի մեծահոգությամբ արվել է: Ըստ էության, վարչապետի կողմից պաթոսով ներկայացվող բոլոր 100 փաստերը սոսկ դատարկաբանություն էին:

Օրերս շրջանառության մեջ դրվեց հերթական 100 փաստերի մասին մամուլի ասուլիսի հավանականության մասին լուրը, որը մի շարք հարցեր առաջացրեց:

Առաջինը՝ ի՞նչ 100 փաստի մասին կարելի է խոսել, եթե քո երկրում քո գլխավորած կառավարության փաստացի ձախողման արդյունքում վեց ամիսների ընթացքում գրանցվել է շուրջ 1120 մահ, և այդ թիվը տարածաշրջանում ամենաբարձրն է:

Երկրորդը՝ ի՞նչ 100 փաստի մասին կարելի է խոսել, եթե համավարակի ճանկերում գտնվող երկրում բացի կառավարության անդամներից բոլորը տեսնում են տնտեսական ճգնաժամը և դրանից բխող՝ քաղաքացիների ֆինանսական խիստ աղետալի վիչակը:

Երրորդը՝ ի՞նչ 100 փաստի մասին կարելի է խոսել, եթե հանրությունը խիստ բացասական է տրամադրված իշխանության նկատմամբ՝ դրսևորելով միայն անվստահություն և զայրույթ:

Այսպես կարելի է թվարկել չորրորդ, հինգերորդ … հարյուրերորդ օրինաչափ հարցերը: Այս 100 հարցերի ֆոնին Փաշինյանին կարելի է միայն մեկ բան խորհուրդ տալ՝ նա ավելի լավ կանի հանդես գա 100 խայտառակությունների ցանկը հրապարակելով, քանի որ իր անփառունակ կառավարմանն առավել բնորոշ են ձախողումներն ու խայտառակությունները, քան նվաճումները: Երկիրը աղետալի վիճակում է, դա ակնհայտ է բոլորի համար, բացի իշխող մեծամասնության և նրանց շուրջը պտտվող արբանյակներից, իսկ երկրի վարչապետը ավելի լավ բան չի գտնում, քան դարձյալ երեք ժամ բլա-բլա-բլա է պատրաստվում կարդալ և երիցս դառնալ ծաղրի առարկա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հասկանալի է, որ այն իրավիճակում, որում հայտնվել է Փաշինյանն ու իր խունտան, նրանց այլ բան չի մնում, քան տեսարանների նոր սեզոն բացել՝ չապահովելով սակայն հացի բաղադրիչը: Պարոն Փաշինյան, եթե որոշել եք «հաց և տեսարաններ» բանաձևով առաջնորդվել և շարունակել ոչ մի իրական գործ չանել, ապա մի մոռացեք, որ «հաց»-ի բաղադրիչը ոչ միայն ձեր առանձնատանը խորոված պատրաստելն է, այլ ԲՈԼՈՐ քաղաքացիների բարեկեցությունն ապահովելն է:

Դադարեք ծիծաղի առարկա դարձնել ինքներդ ձեզ և այդպիսով նաև մեր հայրենիքը: Դուք արդեն ապացուցել եք, որ չեք կարող, իսկ ավելի ճիշտ՝ չեք ցանկանում գործը գլուխ բերել: Ուղղակի հավաքեք ձեր ճամպրուկներն ու կամավոր հրաժարական տվեք: Մի սպասեք, մինչև ժողովրդի ցասումը հասնի կիզակետին, դրան արդեն շատ քիչ է մնացել:

Երբ մոտ ապագայում համբերության բաժակը լցվի, ձեր հարկադիր հեռացումը շատ աղմկահարույց խայտառակություն կլինի:

                                                                           Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով