Իմ ձին կրակ, ինքս կրակ… Հանգիստ փաշինյանական ոճով

Վերջին օրերին շատ է շրջանառվում վարչապետի ձիու վրա նստած լուսանկարը: Ի՞նչ խոսք, Քաջ Նազարի հետ անալոգիան այնքան ակնհայտ է, որ նույնիսկ անհարմար է: Առհասարակ ձի քշելն ու այդ ընթացքում տեսանկարվելը հատկապես երկրի ղակավարի պարագայում մի տեսակ բուրժուական հաճույքների տպավորություն է թողնում: Ավելին, երկրի ղեկավարները սովորաբար տեսանկարահանվում են ձիու վրա նստած, եթե գիտեն դա ճիշտ անել՝ կամ հետևողականորեն զբաղվում են ձիավարությամբ կամ գոնե մի քանի դաս են վերցրել ծիծաղի առարկա չդառնալու համար:

Ձիավարությունը անկասկած արիստոկրատների զբաղմունք է, հենց դա է պատճառը, որ վարչապետը այդքան զավեշտալի է երևում ձիու վրա նստած: Եվ ամենևին զարմանալի չէ, որ վարչապետի ձիու վրա զբոսանքի հենց այս մեկ կադրն է այսօր շրջանառվում համացանցում: Մի մարդ, որը նույնիսկ ձիու վրա ուղիղ նստելու շնորք չունի, բայց իր հանրային ամեն խոսքը խիստ նման է Թումանյանի հայտնի հեքիաթի հերոսի՝ «փռշտոցով տուն եմ քանդում» ոճի ինքնագովազդին, պետք է պատրաստ լինի նաև այն բանին, որ հանրության զգալի մասը դատարկ խոստումների երկու տարիներ ապրելուց հետո ուղիղ անալոգիա կանցկացնի հայտնի հերոսի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երբ կորոնավիրուսի համավարակի ճանկերում գտնվող երկրի վարչապետը հանգիստ սրտով արձակուրդ է գնում, մասնակցում զանազան մշակութային միջոցառումներին և նաև ձի քշում, սա ինքնին նոնսենս է ցանկացած երկրի համար, որտեղ կա պրոֆեսիոնալ գործող իշխանություն: Իսկ փոքր Հայաստանի համար սա կարծես թե առհասարակ պետք է անհնարին լիներ, բայց արի ու տես, որ հնարավոր է:

Երկու տարի շարունակ մենք լսում ենք խոստումներ, որոնք իրենց ոճով ուղղակիորեն հիշեցնում են հանճարեղ հեքիաթի հայտնի հերոսի՝ «Ես Նազարն եմ, վիշապ խեղդող, հսկա ջարդող…»: Իսկ մենք՝ հանրությունը, ակամա կրկնում ենք հերոսի կնոք խոսքերը՝ «Սարքածդ տունը է՞ս չի:» Եվ այսպես, հեռակա կարգով միմյանց հետ երկխոսության մեջ ենք գտնվում վարչապետի հետ հայտնի հեքիաթի մոտիվներով: Վարչապետն էլ իր կեցվածքով մեզ ամեն օր նույն ուղերձն է հղում՝ «Իմ գործը վիշապ խեղդելն է, ոչ թե ձեր համար բարեկեցիկ երկիր կառուցելը…»

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով