ՀՔԾ-ն հետաձգել է Վաչագան Ղազարյանի նկատմամբ համաներում կիրառելու հարցի լուծումը ու խուսափել որոշում կայացնելուց. «Փաստինֆո»

ՀՀ ՀՔԾ քննիչը հետաձգել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը համաներման հիմքով դադարեցնելու վերաբերյալ հարցի քննարկումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մհեր Հակոբյանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Վաչագան Ղազարյանին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Ըստ նախաքննական մարմնի՝ Ղազարյանը, պետական միջոցները սեփական ընտանիքի շահերին ծառայեցնելու և այդ ուղղությամբ սեփական միջոցներից լրացուցիչ ծախս չկատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, այն է` ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսության վարորդ Ս. Ա.-ին առաջարկել է պետական միջոցներից վարձատրություն ստանալով հանդերձ աշխատել որպես իր կնոջ և տան վարորդ: Ավելին՝ ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Ս. Ա.-ն 2015-2018 թվականների ընթացքում վարորդի ծառայություններ է մատուցել Վ. Ղազարյանի կնոջը, ինչով պայմանավորված՝ հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսությունում առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական որևէ պարտականություն չի կատարել: Չնայած դրան` Պետական պահպանության ծառայությանը հատկացված միջոցներից այդ ընթացքում Ս. Ա.-ին որպես աշխատավարձ, պարգևատրում և իրային բավարարում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 9.340.677 ՀՀ դրամ, որը Վ. Ղազարյանի կողմից ամբողջությամբ վերականգնվել է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արձանագրենք, որ, թեև գումարը վերականգնվել է, Ղազարյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իսկ գումարը վճարել է միայն այն պատճառով, որ իրեն «հանգիստ» թողնեն։ Մեղսագրվող արարքի վրա համաներում է տարածվում և Ղազարյանը դեմ չի եղել, որ համաներում կիրառվի և քրեական հետապնդումը դադարեցվի, մինչդեռ, պաշտպան Մհեր Հակոբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր գրություն է ստացել քննիչից այն մասին, որ իրենց դիրքորոշումը դիտարկվել է որպես Վաչագան Ղազարյանի նկատմամբ համաներում կիրառելու վերաբերյալ միջնորդություն և դրա քննությունը հետաձգվել է՝ մինչև գործի համար էական հանգամանքների պարզումը։ Իսկ թե ինչ հանգամանքների մասին է խոսքը, պաշտպանը դժվարացավ ՀՔԾ-ի փոխարեն գուշակել։ Նա փաստեց, որ իրավական պետության օրինականության սկզբունքն այն է, որ նման որոշում կայացնելու դեպքում պետք է նշվի, թե ինչ էական հանգամանքների համար է նման որոշում կայացվում, հակառակ դեպքում՝ օրենքից արտագրելով ցանկացած որոշում կարող են կայացնել։

Պաշտպանը գտնում է, որ որոշումը ձևական բնույթ է կրում՝ օրենսգրքից արտագրված, ընդ որում, նույնիսկ որոշում էլ չէ, այլ՝ գրություն, մինչդեռ, վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր որոշում կայացնել։ Փաստաբանը կարծում է, որ նման որոշում է կայացվել, որ Վաչագան Ղազարյանի վերաբերյալ «կարված» քրեական գործ պահելու և որոշակի սահմանափակումներ կիրառվելու համար։

«Հնարավորինս երկար այդ շոուներն ապահովելու համար»,- ասաց Հակոբյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թեև քննիչի կողմից ոչ թե որոշում է ուղարկվել, այլ՝ պարզապես գրություն, պաշտպանական կողմն, այնուամենայնիվ, կբողոքարկի քննիչի գործողությունները, իսկ թե ինչ դատավարական կարգով՝ դեռևս կքննարկվի։

«Անձի նկատմամբ համաներում է տարածվում։ Օրենքով դա երաշխավորված է»,- նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ չի կարելի արտագրություններով անձի նկատմամբ քրեական հետապնդումը պահել։

Պաշտպանը վստահեցնում է՝ համաներում կիրառելու վերաբերյալ հարցը միջնորդություն չի կարող լինել, դա վարույթն իրականացնող մարմնի պարտավորությունն է։
«Կարծես թե՝ ՀՔԾ-ն միայն իրեն հայտնի քրեական դատավարության օրենսդրությամբ է առաջնորդվում։ Այդ հարցը չի կարող միջնորդություն լինել, դա վարույթն իրականացնող մարմնի պարտականությունն է։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ ցանկացած պահին, երբ հայտնաբերում ես քրեական հետապնդումը բացառող հանգամանք, պարտավոր ես քրեական հետապնդումը դադարեցնել և կարճել գործի վարույթը։ Կամ կա այդ հիմքը, կամ՝ չկա։ Չես կարող ասել՝ հետաձգում եմ էական հանգամանք պարզելու համար։ Նման բան չի կարող լինել»,- ասաց նա։

Նշենք, որ Ղազարյանի մասնակցությամբ նոր քննչական գործողություններ չեն իրականացվել։

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանի ու նրա կնոջ նկատմամբ նախկինում հարուցվել էին քրեական գործեր՝ ապօրինի հարստանալու, դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու դեպքերի առթիվ, բայց գործերն այդպես էլ դատարան չհասան եւ նախաքննության փուլում կարճվեցին՝ Վ.Ղազարյանի ու նրա կնոջ նկատմամբ դադարեցնելով քրեական հետապնդումը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով