ՀՀ-ին կոչ ենք անում ճանաչել Արցախի Հանրապետությունը և ռազմաքաղաքական պայմանագիր կնքել նրա հետ․ այսօր պահն է մեր միասնության․ «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա կատարված հարձակման վերաբերյալ։

Հայտարարությունը՝ ստորև․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«2020 թ. սեպտեմբերի  27-ը հայոց  պատմության մեջ կդառնա վճռորոշ սահմանագիծ: Թուրքիայի անթաքույց աջակցությամբ Ադրբեջանը, ոտնահարելով միջազգային իրավունքի իր իսկ ստորագրած սկզբունքները, Արցախի դեմ սահմանագծի ողջ երկայնքով սանձազերծեց  ռազմական ագրեսիա՝ կիրառելով մարտական զենքի բոլոր տեսակները, մարտական գործողությունները հասան մինչև Հայաստանի սահմաններ: Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքը հերթական անգամ վտանգի է ենթարկված, ունենք զոհեր, վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, հրետակոծված  հիվանդանոցներ, դպրոցներ, բնակելի տներ և ենթակառուցվածքներ: Արցախում և Հայաստանում հայտարարված է ռազմական դրություն:

«Ժառանգություն» կուսակցությունն իր անվարան աջակցությունն է հայտնում Արցախի և Հայաստանի Հանրապետությունների իշխանությանը՝ գերագույն գլխավոր հրամանատարությանը՝ կասեցնելու թշնամու ռազմական ագրեսիան և միջազգային հանրությանը  տեղեկացնելու թուրք-ադրբեջանական հարձակման մասին:

«Ժառանգություն»-ը համոզված է, որ միջազգային հանրությունը, հատկապես ԵԱՀԿ Մինսկի եռանախագահությունը պետք է արդար և վճռական դիրքորոշում որդեգրի՝ կանխելու ադրբեջանական ագրեսիան, հակառակ դեպքում նրանք ևս պատասխանատվության իրենց բաժինն են ունենալու հայ ժողովրդի դեմ գործած ռազմական այս ոճրագործության մեջ, որը կարող է վերաճել ցեղասպանության: Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմը կարող է վերաճել մեծ աղետի: Միջազգային կառույցները հանձնառություն ունեն միասնական ջանքերով զսպելու Թուրքիայի և Ադրբեջանի նվաճողական քաղաքականությունը՝ հանուն համաշխարհային կայունության և խաղաղության: «Ժառանգությունն» արդեն դիմել է գործընկեր միջազգային կազմակերպություններին, սպասում ենք արձագանքի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայ ժողովուրդն իր հազարամյակներ ձգվող պատմության ընթացքում շատ հարձակումներ ու պատերազմներ է տեսել, մենք ընկրկել ենք, բայց չենք պարտվել: Ազգերի իրավունքը ազատ և խաղաղ ապրելու այլընտրանք չունի, հաղթելո՛ւ ենք: Հայաստանի Հանրապետությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի Հանրապետությունը և ռազմաքաղաքական պայմանագիր կնքել Արցախի հետ, այս հարցը «Ժառանգությունը» բարձրացրել է դեռևս տասնամյակ առաջ, այսօր առավել քան պահն է մեր միասնության բոլոր մակարդակներում»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով