Առեւանգել ու ծեծել են սպորտի վարպետին. Ոստիկանությունում տիրում են գողականների մշակույթը

Ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ Արմեն Ղազարյանն այսօր հայտարարել է , որ ոստիկանության ծառայողները սեպտեմբերի 6-ին առեւանգել են իրեն ու տարել ոստիկանություն , թեև ոչ մի դատավարական կարգավիճակ չի ունեցել:

Սպորտի վարպետի փոխանցմամբ՝ իրեն ոստիկանություն տանելու միակ պատճառը եղել է այն, որ ինքը բացատրություն է պահանջել իր ծանոթի առեւանգման վերաբերյալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա ներկայացմամբ՝ իր նկատմամբ կիրառվել է բռնություն։ «Այս ընթացքում ես խմբակային ծեծի եմ ենթարկվել՝ մոտ 10 հոգու կողմից, ստացել վնասվածքներ, որոնք վիրավորում են իմ արժանապատվությունը: Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ եթե ոստիկանության սպաներից գոնե մեկը չհարվածեր ինձ, ապա դա նրանց համար «ամոթալի» բան կլիներ: Նրանք կանխամտածված խփում էին այնպես, որպեսզի մարմնի վրա ոչ մի տեսանելի հետք չմնա, չնայած ախտորոշումը վկայում է վնասվածքների առկայության մասին»,- հայտարարեց Ա.Ղազարյանը:

Նա պատմեց, որ մյուս քաղաքացու առեւանգումը տեղի է ունեցել ոստիկանության սպաներից մեկի անձնական պատճառներով, որն, ըստ էության, օգտվել է իր պաշտոնական դիրքից: «Այս օրերին ոստիկանությունը կապվել է ինձ հետ եւ փորձեց ինձնից կեղծ բացատրություններ ստանալ առ այն, որ վերը նշված դեպքը տեղի չի ունեցել: Մենք բազմաթիվ ապացույցներ եւ վկաներ ունենք: Ես գիտեմ երեք ոստիկանի անունները, իսկ մնացածին կարող եմ ճանաչել դեպքով: Ես չեմ դիմել կառավարության կամ խորհրդարանի անդամներին, բայց ինձ ոգեւորել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի աջակցությունը, ով ինձ հորդորեց շարունակել պայքարը»,- նշեց նա:

Մարզիկի փաստաբան Արա Կարագյոզյանի խոսքով` քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն ինչպես միջադեպի մասնակից ոստիկանները, այնպես էլ ոստիկանության բաժնի պետը, քանի որ ամեն ինչ տեղի է ունեցել նրա ներկայությամբ, եւ նա ոչ մի միջոց չի ձեռնարկել:
Փաստաբանի գնահատմամբ՝ ոստիկանության այս ծառայողների բոլոր գործողությունները «հանցավոր ենթամշակույթի» նշաններ են պարունակում, թեեւ իշխանությունները հայտարարում են, թե պայքարում են այդ ենթամշակույթի դեմ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստաբան Աստղիկ Պապիկյանի գնահատմամբ՝ ամեն ինչ արդեն դուրս է եկել վերահսկողությունից, որ բռնության են ենթարկվում նաեւ նրանք, ով որեւէ գործի հետ որեւէ կապ չունի: «Այս ամենը կապված է անպատժելիության մթնոլորտի հետ: Փաստերը ցույց են տալիս, որ ոստիկանության բաժանմունքի պետը զբաղվում է իր ենթակաների հովանավորությամբ»,- նշեց փաստաբանն՝ ավելացնելով, որ միջադեպն ինչ-որ կերպ կապված էր Ղազարյանի ծանոթի կնոջ եւ ոստիկանության սպաներից մեկի կնոջ կենցաղային վեճի հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով