Փաշինյանի ռադիկալ փոխակերպումը և Ամուլսարը

Ամուլսարում այսօր դարձյալ թեժ է եղել: Հանքի գործարկման դեմ պայքարող և իրենց «Ամուլսարի պահապաններ» անվանող ակտիվիստներն ամիսներ շարունակ գիշեր-ցերեկ հերթապահում են՝ փակ պահելով դեպի հանք տանող ճանապարհները:

Դատելով տեղում կուտակված ոստիկանների քանակից՝ իշխանությունը լուրջ է տրամադրված և պատրաստվում է ամեն գնով վերացնել Ամուլսարի հանքի գործարկմանը խանգարող խոչընդոտները: Մենք չենք ուզում ընկղմվել հանքի գործարկման իրավական հիմքերի առկայության կամ բացակայության անհատակ հորի մեջ, քանի որ ըստ էության ճշմարտությունը հավանաբար հայտնի է մատների վրա հաշված մարդկանց, այդ թվում՝ վարչապետի պաշտոնում հայտնված և Ամուլսարի հարցում խիստ փոփոխական, իսկ ավելի ճիշտ՝ օպորտունիստական դիրքորոշում ունեցող Նիկոլ Փաշինյանին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզապես հիշեցնենք, որ 2018 թ. սեպտեմբերի 9–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան ուղիղ եթերում անդրադարձել էր Ամուլսարի հանքի շահագործման թեմային` հատուկ շեշտելով, որ Ջերմուկի բնակիչները պետք է ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները: Այնուհետև, 2019 թ. ապրիլին ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից։ Այդ մասին նաև հայտարարություն տարածվեց, որում մասնավորապես նշված էր,  քանի որ ոստիկանությունն իրենց դիմումին հերթական անգամ չի արձագանքել, իրենք ապօրինի գույքն ինքնուրույն են հեռացրել սեփական տարածքից։

Այսօր մենք կանդրադառնանք ոստիկանության կողմից կիրառված և մեր կարծիքով անհամաչափ ուժի կիրառմանը: Այս պահին հայտնի է, որ վարչական ձեռբակալման են ենթարկվել հայտնի բնապահպան Վահագն Վարագյանը և Ապրիլյանի հերոս, հակառակորդի երեք տանկ խոցած, մարտական խաչի շքանշանակիր Ռաֆայել Հովհաննիսյանը: Արձանագրենք, որ օրվա իշխանությունն արդեն բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է ուժային կառույցները գործի դնել բոլոր այն պարագաներում, երբ հանրային բողոքը չի ծառայում Փաշինյանի նեղ անձնական կամ քաղաքական նպատակներին: 2018 թվականի գարնանը ընդդիմադիր փողոցային ակտիվիստ դարձած Փաշինյանին կարելի էր փողոց փակել, պոպուլիստական հնարքներ և մանիպուլյատիվ գործիքակազմ կիրառելով հանրային բողոքը ուղղել իշխանության դեմ և հենց Փաշինյանի կողմից հրահրված ցասման ալիքը օգտագործել սեփական շահերի համար:

Իսկ այսօր, երբ Փաշինյանը հասել է իր բաղձալի աթոռին, ցանկացած հանրային բողոքի ալիք անթույլատրելի է և արժանանում է ոստիկանության կողմից խիստ անհամաչափ ուժի կիրառման: Փաշինյանի այսպիսի ռադիկալ փոխակերպումը վկայում է այն մասին, որ իրականում նա չունի ավելի ժողովրդավար և ավելի լավ նոր Հայաստան կառուցելու օրակարգ, նրա միակ օրակարգը սեփական շահն է, իսկ այդ շահը այսօր կայանում է ամեն գնով իշխանությունը իր ձեռքերում պահելու մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամփոփելով նշենք միայն, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանն իշխանությունը պահելու համար չդիմեց ծայրահեղ և անհամաչափ ուժի կիրառման, իսկ Փաշինյանի ոստիկանությունն այսօր անհամաչափ ուժ է կիրառում խիստ վիճահարույց իրավիճակում: Ինչպես որ ասում են՝ զգացեք տարբերությունը:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով