Ninety VS Nineteen` Փաշինյանական անգլերենի ղալաթը

Այսօր Յություբում հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի և Սթիվեն Սաքուրի հարցազրույցը BBC HARDtalk հաղորդաշարի եթերում: Որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ինչպիսի ամբիցիաներ ունի Փաշինյանը, հստակեցնենք հետևյալը՝ HARDtalk-ը բավականին լուրջ հաղորդում է, որը պատրաստում են մի շարք բացառիկ փորձ ունեցող աշխատակիցներ: Նրանք փորփրում են հյուրի մասին հասանելի ամբողջ ինֆորմացիան և գտնում են ամենավիճահարույց դրվագները, որոնց վրա հիմնված կառուցվում է հարցաշարը:

Այսքանը հաշվի առնելով՝ ստիպված ենք փաստել, որ Փաշինյանի պարագայում «ամբիցիաներ» բառը ամենավատ իմաստով ենք օգտագործել: Սկսենք նրանից, որ Փաշինյանը այս անգամ նույնպես չի կարողացել զսպել ինքնահաստատվելու անզուսպ ձգտումը, որն իր դեպքում արդեն բարդույթ է դարձել, և դարձյալ խոսել է անգլերեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն դատելով նրա ականջներում տեղադրված երկու ականջակալներից՝ կարող ենք ենթադրել, որ մեկով նա լսում էր թարգմանիչին, իսկ մյուսով՝ սուֆլյորին, որն իրեն հուշում էր բարդ բառեր և արտահայտություններ: Դա ակնառու էր, քանի որ շատ դեպքերում Փաշինյանի խոսքը հապաղում էր: Ցավոք, նույնիսկ դա չօգնեց Փաշինյանին, հենց առաջին հարցին պատասխանելիս նա անում է շատ կոպիտ քերականական սխալ:

Մի՞թե Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, որ այդպիսի հարթակներում նա պետք է հայերեն խոսի ոչ միայն այն պարզ պատճառով, որ դա մեր հայրենիքի պետական լեզուն է, այլ նաև այն պատճառով, որ նա ամենևին վարժ չի խոսում անգլերեն: Հորդորում ենք այն մարդկանց, ովքեր շարունակաբար քծնելով Փաշինյանին համոզում են իրեն, որ նա լավ է խոսում անգլերեն, դադարեցնել մոլորության մեջ գցել առանց այդ էլ շատ մեծամիտ մարդուն:

Մնալով իր ամպլուայի մեջ՝ Փաշինյանն անընդհատ փորձում էր շատ ուղիղ և ոչ հաճելի հարցերին պատասխանելու փոխարեն խուսանավել և խոսակցությունը տանում էր դեպի իրեն հայտնի միակ կոմֆորտ զոնան՝ պոպուլիստական դատարկախոսություն: Անդադար փորձում էր խոսքը ուղղել դեպի աննախադեպ տնտեսական աճի, մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատական համակարգի և այլ իրականության հետ աղերս չունեցող թեմաներին: Բայց բրիտանացի լրագրողը ի զարմանք Փաշինյանին, որը սովոր է հրապարակներում ղժղժալ այն մասին, թե ինչպես նա կխլի իբր թալանված փողերը հարուստներից և կբաժանի դրանք ժողջանին, շատ կոպիտ ձևով իր հյուրին վերադարձնում էր իրականություն և ստիպում էր պատասխանել անհարմար հարցերին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրինակ նա հատուկ շեշտեց, որ Փաշինյանի կառավարությունը ամբողջովին տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը՝ հստակ արտաբերելով «failure» բառը և մատնացույց անելով թվերը Վրաստանում և այլ երկրներում: Բրիտանացի լրագրողը հարցրեց Փաշինյանին, թե ինչպե՞ս է նա կարողանում մայիսին մասնակցել Արցախում խնջույքի առանց դիմակ, իսկ հունիսին սեփական քաղաքացիներին մեղադրել դիմակ կրելու պարտադրանքը չկատարելու համար: Այսինքն, նույնիսկ բրիտանացի լրագրողը գիտի, որ Փաշինյանը պատրաստ է անգամ սեփական ժողովրդին մեղադրի ամեն ինչում՝ սեփական կառավարության դիլետանտությունն ու ապիկարությունը կոծկելու համար:

Փաշինյանին մնում էր միայն դասը վատ սովորած դպրոցականի նման կրկնել նույն անհեթեթ միտքը՝ դեռ վաղ է եզրակացություններ անել կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողված-չհաջողված լինելու մասին: Ոչ, պարոն Փաշինյան, շուտ չէ, այլ արդեն շատ ուշ է, քանի որ ձեր կողմից մաքսիմալ անլրջացրած համավարակը տարել է գրեթե 1000 մարդու կյանք: Ուշագրավ է, որ երբ Հայաստանում աննախադեպ ժողովրդավարական առաջընթացի մասին Փաշինյանի բոցաշունչ խոսքերից հետո Սթիվեն Սաքուրը ուղիղ հարցրեց Փաշինյանին, թե այդ դեպքում ինչպես հասկանանք 2020 թվականի Human Rights Watch կազմակերպության կողմից հրապարակված հաշվետվության Հայաստանին վերաբերող մասում ուղղակի բացասական գնահատականները, մեր երկրի գլխավոր գերագույնը ավելի լավ բան չկարողացավ անել, քան իրեն կորցրած բարբաջել, որ Freedom House աշխարհահռչակ կազմակերպությունը շատ բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունները:

Հստակեցնենք՝ Human Rights Watch-ը միջազգային հասարակական կազմակերպություն է, իսկ Freedom House-ը ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող շահույթ չհետապնդող կազմակերպություն է: Վստահ ենք, անկախության մակարդակների տարբերությունն ակնհայտ է: Այնպես որ այս հարցում նույնպես Փաշինյանն անհարմար դրության մեջ հայտնվեց: Բրիտանացի լրագրողը շարունակում էր պահպանել ճնշումը և ուղիղ հարցրեց Փաշինյանին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ընդունված ռեզոլյուցիայի մասին, որը պահանջում է հետ քաշել զինված ուժերը օկուպացված տարածքներից:

Այստեղ արդարության համար պետք է նշենք, որ Փաշինյանի պատասխանի սկիզբը բավականին հաջող էր, սակայն երկրորդ նախադասության մեջ նա կատարում է ճակատագրական սխալ, որի արձագանքը մենք շատ շուտով կլսենք: Մեծամտորեն անգլերեն լեզուն ընտրած Փաշինյանը խոսելով հակամարտության սկզբում Լեռնային Ղարաբաղի բնակչության կառուցվածքի մասին՝ «90 տոկոս» (ninety per cent) ասելու փոխարեն ասում է «19 տոկոս» (nineteen per cent): Այսինքն, հարցազրույցը դիտած հազարավոր արտասահմանցիների մոտ տպավորություն ստեղծվեց, որ Լեռնյին Ղարաբաղում հակամարտության սկզբին հայերը կազմում էին բնակչության 19 տոկոսը: Սա անթույլատրելի է և սա չի կարելի ուղղակի որպես վրիպակ ընդունել:

Եթե երկրի ղեկավարը այս աստիճան չի տիրապետում իր համար օտար լեզվին, ապա նա չպետք է լուրջ լրատվականին հարցազրույց տա այդ լեզվով: Հարցազրույցի ամենաթեժ դրվագներից մեկը վերաբերում էր հայկական զինված ուժերի կողմից ութսունականների վերջում և իննսունականների սկզբում ենթադրաբար թույլ տված մարդու իրավունքների բազնակի խախտումներին և ռազմական հանցագործություններին:

Լրագրողը հարց տվեց Փաշինյանին, թե արդյո՞ք նա պատրաստ է ներողություն խնդրել դրա համար, քանի որ կան դեպքերը նկարագրող փաստաթղթեր: Փաշինյանի պատասխանն անմահական էր, դարձյալ հիշեցնում էր դասը չսովորած դպրոցականին, որը արդարանալու համար մատնացույց է անում այլ աշակերտին՝ ասելով, որ նա էլ չի սովորել: «Բայց նման փաստաթղթեր կան նաև Ադրբեջանի կողմից գործած հանցագործությունների մասին», ասում է Փաշինյանը և արժանանում է հարցազրույցի ընթացքում հնչած ամենակոշտ պատասխանի: «Բայց ես չեմ խոսում Ադրբեջանի ղեկավարի հետ, ես հարցնում եմ Հայաստանի վարչապետին՝ արդյո՞ք նա պատրաստ է ներողություն խնդրել»:

Փաստենք, որ ամբողջ հարցազրույցը շատ ծանր խայտառակություն էր: Փաշինյանական ճամբարի տարբեր կալիբրի ներկայացուցիչներն արդեն միմյանց հերթ չտալով արդարացնում և գովերգում են իրենց կուռքին և արդարացնում են նրան բրիտանացի լրագրողի կողմից նենգաբար տրված բարդ հարցերով: Հատուկ նրանց համար նշենք, որ Փաշինյանն ու իր մամլո խոսնակը պետք է որ լավ իմանային, թե ինչպիսի վտանգավոր հաղորդում է HARDtalk-ը:

Մի՞թե վարչապետի աշխատակազմի մամլո ծառայությունը հույս ուներ, որ բրիտանացի լրագրողը պետք է Փաշինյանի համար բացառություն անի և Hello, Kitty մուլտֆիլմի մակարդակի հարցեր տա: Ոչ, հարգելի ժողովրդի ծառաներ, ձեր համար բացառություններ չեն լինելու, դուք ուզում եք նստեք մեծ խաղացողների հետ մի սեղանի շուրջ, ուրեմն պատրաստվեք անհարմար և բարդ հարցերի: Իսկ եթե ձեր կուռքը չի կարող պահպանել ինքնատիրապետումը և հստակ պատասխանել այդպիսի բարդ հարցերին, ուրեմն նա իր տեղում չէ:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով