«Մարլեզոնյան բալետի» 2-րդ փուլին սպասելիս

Այսօր արտակարգ դրությունը Հայաստանում երկարացվեց ևս 30 օրով: Կառավարության նիստի ժամանակ երկար-բարակ խոսելուց հետո, առողջապահության նախարարի կողմից ներկայացված տվյալները լսելուց հետո վարչապետը ազգին լավություն անելու տոնայնությամբ հայտարարեց, որ այդուհանդերձ որոշ սահմանափակումներ կհանվեն: Հանվող սահմանափակումներից մեզ առավել հետաքրքրում է մեկը՝ հանրահավաքների իրավունքը քաղաքացիներին վերադարձնելը: Վերջապես մեզ թույլ կտան արտահայտել մեր դժգոհությունն ու անհանգստությունը երկրում ձևավորված իրավիճակի կապակցությամբ:

Իհարկե, կան պայմաններ՝ դիմակ և առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն, բայց այդ պայմանները չարյաց փոքրագույնն են: Այսուհանդերձ, այս առիթով չպետք է առանձնապես ուրախանանք, քանի որ հանրահավաքներ թույլ տալու մասին խոսելիս վարչապետն առիթը բաց չթողեց ակնարկելու, որ հանկարծ աստված չանի այս թուլացումների արդյունքում մենք նորից թվերի ավելացում ունենանք, ապա ստիպված կլինենք դարձյալ սահմանափակումներին վերադառնալ: Փաստենք, որ այս ամենի ֆոնին չկա ոչ մի երաշխիք, որ եթե վարչակազմը տեսնի, որ հանրահավաքների ուժգնությունը դուրս է գալիս վերահսկողությունից և սպառնում է իրենց իշխանությանը, կորոնավիրուսի համավարակի տարածման վիճակագրությունը միանգամից չի սկսի աճել՝ հնարավորություն տալով Փաշինյանին դարձյալ արգելել խաղաղ հանրահավաքները: Շատերը այստեղ կհակադարձեն՝ հիշեցնելով, որ Փաշինյանը խոստացել է, որ իրենք չեն խմբագրելու կորոնավիրուսի հետ կապված ինֆորմացիան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր Փաշինյանը դարձյալ շեշտեց, որ այն ինֆորմացիան, որը հասու է վարչապետին, հասու է նաև քաղաքացիներին: Սակայն հաշվի առնելով այն, թե որքան հաճախ է Փաշինյանը ստում, իրավաչափ է, որ կարելի է հիմնավոր կասկածներ ունենալ, որ դա այնքան էլ այդպես չէ և կորոնավիրուսի հետ կապված վիճակագրությունը հանգիստ կարող է որպես գործիք օգտագործվել իշխանության կողմից հանրային բողոքը վերահսկողության տակ պահելու համար: Սա հատկապես ցայտուն է երևում, երբ վարչապետը կանխավ ապահովագրելով իր հետագա հնարավոր խստացումները՝ ասում է, որ թեպետ այսօր ասվել է, որ վերջին անգամ է երկարացվում արտակարգ դրությունը, եթե ունենանք հուլիսի սկզբի թվեր, ապա կառավարությունը ստիպված կլինի սրանից հետո նորից երկարացնել ԱԴ-ն: Արտակարգ դրությունները այդպես կհաջորդեն մեկը մյուսին և համավարակը արդարացում կդառնա կառավարության կամայականությունների համար:

Մի խոսքով, իրավիճակը պարզ է: Կառավարությունը, իսկ ավելի հստակ՝ պարետատունը, գործում է ինտուիտիվ սկզբունքով՝ ինչ-որ առումներով էքսպերիմենտներ իրականացնելով մեր հասարակության վրա, դրսևորելով այսպես կոչված ՛ռեակտիվ՛ գործելաոճ, որը ենթադրում է ոչ թե կանխարգելում, այլ արձագանքում: Այս ամենից բացի մնում են նաև այլ կարգի հարցեր: Մասնավորապես դիլետանտ կառավարման և ոչ հստակ ձևակերպումներ կիրառելու արդյունքում այդպես էլ պարզ չէ, թե ինչով է տարբերվում ծառապատ և կանաչապատ տարածքը անտառատիպ տարածքից: Սա կարևոր հարց է, քանի որ երկրորդում թույլատրվում է դիմակ չկրել: Այսպիսի ոչ հստակ ձևակերպումները կարող են առիթ դառնալ չարաշահումների համար:

Արձանագրենք, որ մարտի սկզբին քաոսի վերածված իրավիճակը հինգ ամիս հետո չի կարգավորվել: Կառավարությունը որոշումներ է կայացնում, որոնք սիստեմատիկաբար չեն կատարվում հանրության կողմից անհեթեթ լինելու պատճառով, իսկ արդյունքում կառավարությունը Փաշինյանի գլխավորությամբ անդադար քաղաքացիներին է մեղադրում համավարակի շարունակման համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսինքն, կառավարություն-բնակչություն կապը խաթարված է, կառավարությունն ապրում է սեփական աշխարհում և դժգոհում է, որ իրական կյանքում ապրով և ամեն օր դժվարությունների դեմ միայնակ պայքարող բնակչությունը լուրջ չի ընդունում կառավարության որոշումները: Իսկ միգուցե ժամանա՞կն է, որ կառավարությունը Փաշինյանի գլխավորությամբ վերադառնա իրականություն և վերջապես գիտակցի, որ իրենց իսկապես լուրջ չեն ընդունում, քանի որ իրենց գործելաոճը անլուրջ է:

Փաստենք, որ այս իշխանությունը սպառել է իրեն: Ստի վրա կառուցված պետական համակարգը խարխլվում է և շուտով փլուզվելու է:

Կասկած չկա, որ հանրահավաքները թույլատրելու որոշմանը հաջորդելու է շատ ակտիվ քաղաքական գործողությունների փուլ: Բոլոր ընդդիմադիր ուժերը փողոց են դուրս գալու և պահանջներ են ներկայացնելու: Ժամանակը ցույց կտա, թե որքան կայուն է իշխանության դիրքը և որքան ժողովրդավարական և տոլերանտ են պատրաստ լինել նոր Հայաստանի իշխանությունները այլակարծության հանդեպ: Հավանական է, որ հանրահավաքների և այլ տեսակի փողոցային ակցիաների սկսվելուց շատ կարճ ժամանակ հետո կտեսնենք, թե ինչպես է իշխանությունը առիթ ման գալիս հանրությանը դարձյալ զրկելու ազատ բողոք արտահայտելու իրավունքից:

                                                                                                        Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով