Կորոնավիրուսից զոհերի թիվը ՀՀ-ում անցավ 1000-ը, բայց «դուխ»-ը հերիքելու է ապաշնորհության ողջ մեղքը միայն Արսեն Թորոսյանի վրա բարդելու ու նրան ազատելու համար․ Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Instagram-ի իր էջում խոսել է կորոնավիրուսից գրանցված ավելի քան 1000 զոհերի մասին։ «Կորոնավիրուսից և դրա ուղեկցությամբ մահերի թիվը Հայաստանում անցավ 1000-ը։ 1000 մարդկային ճակատագիր, 1000 որբացած ընտանիք, 1000 մարած ջերմություն։ Կորոնավիրուսը շատ երկրների է վնասել, բայց այն, ինչ կատարվեց Հայաստանում, պարզապես խայտառակություն էր ու հանցագործություն՝ պետական մակարդակով։

«Դուխով» լինելը գլխարկ դնել չէ, ուժայինների հետևում թաքնված մարդկանց գլխին սարքել չէ և ոչ էլ՝ հնարավոր բոլոր հարևանների ու դաշնակիցների հետ հարաբերություններ փչացնելը։ «Դուխով» լինել՝ նշանակում է դուխով որոշումներ կայացնել, որոնք կպաշտպանեն քո ժողովրդին, կապահովեն նրանց կյանքը։ Բազմաթիվ աններելի սխալ որոշումներն արժեցան ահռելի թվով կյանքեր։ Այս պահին 1000-ից ավել մեր քաղաքացիների կյանք՝ մեկ միլիոն բնակչի հաշվով անգամներ ավել մեր նման երկրների ցուցանիշներից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ այսօր էլ «դուխ» ասածը հերիքելու է ապաշնորհության ողջ մեղքը միայն նախարար Արսեն Թորոսյանի վրա բարդելու ու նրան պաշտոնից ազատելու համար, այն էլ՝ հայտնի շրջանակի հետ հարաբերություններ հարթելու ծածուկ ակնկալիքով։

Մեղադրել քաղաքացուն, որ հիվանդացել է, մեղադրել քաղաքացուն, որ չի ստացել բուժում, մեղադրել քաղաքացուն, որ մահացել է։ Սա ցինիզմ է պետական մակարդակով։

Չեմ կարծում, թե նույնիսկ 1000-րդ մահը սթափեցնող դեր կխաղա։ Ցավոք»,- գրել է Ա․ Վանեցյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով