Ինչո՞ւ է թիրախավորվել Վլադիմիր Գասպարյանը

Վերջին օրերին ամեն կողմից լսվում է Վլադիմիր Գասպարյանի անունը: Մեկ լսեցինք, որ պատրաստվում են իրեն ձեռբակալել, մեկ իմանում ենք, որ նա իբր «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներին գրեթե վրաերթի է ենթարկել՝ խոչընդոտելով նրանց մասնագիտական գործունեությունը և այլն:

Այսպիսի շոուներին մենք արդեն սովոր ենք՝ երկու տարի շարունակ օրվա իշխանությունը զարմանալի համառությամբ հանրությանը հրամցնում է էժանագին շոուներ: Սակայն այս մեկը ուղեկցվել էր անբարոյական սադրանքով, որն իրականացնելու համար մասնակից են դարձրել նաև իրեն ամենաանաչառ և ամենաանկախ հռչակող լրատվամիջոցին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սկսենք սկզբից:

Վլադիմիր Գասպարյանը ուժային կառույցների մարդ է: Նա ներքին գործերում է 1982 թվականից: Նորանկախ Հայաստանում 1993 թվականին նշանակվել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ: Պատասխանատու պաշտոններ է զբաղացնել ամբողջ կարիերայի ընթացքում՝ ռազմական ոստիկանությունում, պաշտպանության նախարարությունում և վերջում եղել է ՀՀ Ոստիկանապետ: Վ.Գասպարյանը կանգնած է եղել Հայաստանի Հանրապետության ստեղծման ակունքներում և իր մասնակցությունն է ունեցել ՀՀ ուժային կառույցների կայացման գործում: Բացի այս ամենից, քառասուն տարի ուսադիր կրած պարոն Գասպարյանը ազգային արժեքների կրող և իր առաքելությունը հստակ պատկերացնող մարդ է: Վլադիմիր Գասպարյանն այն մարդն է, որը 2018 թվականին պահեց ՀՀ Ոստիկանությունը բարձրության վրա և արնահեղություն թույլ չտվեց, ինչը միգուցե ինչ-որ առումով խանգարեց Փաշինյանի խունտայի պլանները:

Այս ամենի ֆոնին հասկանալի է դառնում, թե ինչու է թիրախավորվում Վլադիմիր Գասպարյանը: Հաշվի առնելով այն դերակատարումը, որն ունեցել է Գասպարյանը Ոստիկանության կայացման գործում՝ ՀՀ օրվա իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ չի կարող հաղթահարել այն վախերը, որոնք կապված են Ոստիկանության համակարգում Գասպարյանի հեղինակության հետ: Ամեն ծառի հետևում դավադրություն տեսնող իշխանությունը հավանաբար վախ ունի, որ Գասպարյանը կարող է ոտքի կանգնեցնել Ոստիկանությունը և հանրությանը և տանել իր հետևից: Արձանագրենք, որ երեկ կատարվածն այնուամենայնիվ սադրանք էր, քանի որ դժվար է պատկերացնել, որ եթե նախկին Ոստիկանապետի տան տարածքում թռչող սարք աշխատացնեն, նա չպետք է արձագանքի: Այսպիսի հանգամանքների բերումով իրավիճակը կարող է նաև թեժանալ:

Իհարկե շատ ողորմելի է այն լրատվամիջոցը, որը իր լրահոսի սկանդալային բաղադրիչը ապահովելու համար այսպիսի էժան մեթոդների է դիմում, սակայն այստեղ հանրությունը կարող է արդարացի կասկածներ ունենալ նաև այն առումով, որ իշխանությունը, չկարողանալով երկու տարիների ընթացքում մի կարգին գործ կարել Վլադիմիր Գասպարյանին փակելու համար, ստիպված դիմել է իրեն հվատարիմ ծառայող լրատվամիջոցին մի սադրանք կազմակերպելու համար: Այս առումով լրատվամիջոցը ավելի պաշտպանված է, քանի որ միշտ կարող է պնդել, որ խոչընդոտում են լրագրողների մասնագիտական պարտականություննների կատարմանը և այդ կարգախոսով նույնիսկ գործը հասցնել մինչև մեղադրանք ներկայացնելու փուլ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մասնավորապես երեկ Սևանում տեղի ունեցածի, Վլադիմիր Գասպարյանի կողմից «Ազատության» աշխատանքը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ի՞նչ է սա, եթե ոչ ակնհայտ թիրախավորում: Փաստենք նաև, որ երկու տարի շարունակ Վլադիմիր Գասպարյանի տրամաչափի խոշոր ֆիգուրների շուրջ բեմադրված իշխանական շոուները հանրությանն են հրամցվում, երբ պետք է ուշադրությունը շեղել ինչ-որ շատ լուրջ վտանգից:

Ժամանակը ցույց կտա, թե այս անգամ ինչից է հարկավոր շեղել հանրության ուշադրությունը: Միայն թե հետո շատ ուշ չլինի:

                                                                           Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով