«Գրականության» և «Հայոց լեզվի» նախագծերն ամբողջությամբ մերժելի են և խոտելի. ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի կարծիքը՝ ծրագրերի և չափորոշիչների մասին

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտական խորհրդուրը հրապարկել է իր կարծիքը «Հայոց լեզու 7-12-րդ դասարաններ» և «Գրականություն 7-12-րդ դասարաններ» հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի մասին: Կարծիքը ներկայացնում ենք ստորև.

«Օրեր առաջ ԶԼՄ-ների տարբեր հարթակներում ծավալվեցին հանրային քննարկումներ վերոնշյալ ծրագրերի և չափորոշիչների շուրջ: Արտահայտվեցին շատ ու շատ մտավորականներ, այդ թվում՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներ: Ֆեյսբուքյան տիրույթներում հեղինակային խումբը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես տեղեկացրին, որ կատարվում են փոփոխություններ հրապարակ նետված սևագրության մեջ (խմբի անդամների բնորոշումն է), և շուտով հանրության դատին կներկայացվեն նոր՝ փոփոխված և լրամշակված չափորոշիչ ու ծրագիր: Սակայն, ինչպես և սպասելի էր 9-ամսյա ժամկետում միայն սևագրություն կազմելու հմտություն ունեցող խմբից, հրամցվեց երկրորդ` լրամշակված սևագրությունը՝ միայն մասնակիորեն փոփոխված «Գրականության» ծրագրով: Արդեն իսկ բացահայտ է, որ հեղինակային խումբը հարկադիր համառությամբ կա՛մ ցանկություն չունի, կա՛մ ի զորու չէ  ընդառաջ գնալու հանրության զգալի մեծամասնության պահանջին: Ավելին՝ առանց բազմակողմ մասնագիտական քննարկումների, օտար չափորոշիչների ապաշնորհ թարգմանությամբ ստացվածծրագրի տեղայնացումից ծնված անտեղի ոգևորությամբ ակնհայտորեն փորձ է արվում հայագիտության մեջ անուրանալի վաստակ ունեցող գիտնական մտավորականներին «դասդասելու»  հնի և նորի կեղծ սահմանա­բաժաններում:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը ձեռնպահ է մնալու հարցի այդօրինակ քննարկումներից: Հաշվի առնելով նախագծում իբրև թե կատարված բովանդակային փոփոխու­թյուն­ները՝ հայ բանասիրության ֆակուլտետը հայտնում է իր խոր մտահոգությունը այս ծրագրերի և չափորոշիչների վերաբերյալ, իր անվստահությունն է հայտնում աշխատանքային խմբին և անվերապահմերժում ծրագրերը հիմնավոր պատճառներով, որոնց մի մաս՝ ստորև:

Ա)Գրականության նախագիծը ամբողջությամբ մերժելի է հետևյալ պատճառներով.

1. Ավելի քան մեկ դար՝ սկսած Հայաստանի առաջին հանրապետության շրջանից (1918-1920) մինչև օրս, Հայաստանի հանրակրթական դպրոցում եղել է «Հայ գրականություն»։ Միջին դասարաններում աշակերտներին դասավանդվել է «Գրականություն» առարկա, որն իբրև բնագրեր ներառել է նաև համաշխարհային գրականության նմուշներ։ Իսկ բարձր դասարաններում (նախկինում՝ 9-10-րդ, վերջին շրջանում՝ 10-12-րդ) դասավանդվող առարկան կոչվել է «Հայ գրականություն», որն ընդգրկել է միայն հայ դասական գրականության կարևոր հեղինակներին և նրանց ընտիր գործերը։

Ներկա նախագծով նախատեսված է առարկայի անվանումից հանել «հայ» բառը և համապատասխանաբար անցնել նաև համաշխարհային գրականության երկեր։ Դրանով կրճատվում են հայ գրականությանը հատկացվող ծավալն ու ժամաքանակը, նվազում է ուսուցման խորության աստիճանը, և հայ գրականությունը տարրալուծվում է ոչ լիարժեք համաշխարհային գրականության մեջ. եվրոպական ու ամերիկյան մի քանի գրողների երկերի ներառումը ծրագիր, առանց Արևելքի և ռուս գրականության, չի կարող ներկայացվել իբրև համաշխարհային գրականություն: Այս ծրագրով ու չափորոշիչներով փաստորեն վերանում է «Հայ գրականություն» առարկան՝ իբրև դպրոցական կրթության նպատակային բաղադրիչ, որով նվազեցվում, աղճատվում է կրթության ազգային բովանդակությունը, ինչը հակասում է պատերազմող երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությանը և ընդհանուր ռազմավարությանը: Մինչդեռ հայ դպրոցն իրավունք չունի առանց ազգային նկարագրի «աշխարհաքաղաքացիներ» դաստիարակելու, ինչն առաջարկվում է հրամցվող ծրագրով ու չափորոշիչներով:

2. Առանց պատճառաբանության և հիմնավորման արմատապես փոխվել է հանրակրթական դպրոցում գրականության դասավանդման մեթոդաբանու­թյունը. ժամանակագրական մեթոդը փոխարինվել էգրականության սեռաժանրային ուսուցմամբ, որն անընդունելի է:

3. 7-12-րդ դասարաններում ամբողջ հինգ տարի աշակերտները նույն գործն են անելու, հայ և արտասահմանյան գրականությունը վերլուծելու են բանաստեղծության, դրամատուրգիայի և արձակ երկերի համադրությամբ կամ հակադրությամբ, լեզվի, ոճի, պատկերի, բառապաշարի և տեքստային այլ հատկանիշների բացահայտմամբ: Այսինքն՝ չնչին տարբերությամբ, ըստ գրական երկի տված հնարավորության, դուրս չեն գալու նույն շրջանակներից:

4. Այս փոփոխությունն արդեն իսկ հնարավորություն չի տալիս ծրագրերում ներառելու հայ հին ու միջնադարյան գրականությունը, որը չի ենթարկվում վերոնշյալ սեռաժանրային բաժանմանը: Ուստի այն հայտարարությունը, թե այդ հարցն արդեն շտկվել է, անհնար է սույն համակարգի պայմաններում:

5. Ժամանակագրական մեթոդը թույլ է տալիս պահպանելու ազգային հիշողությունը, որն արտահայտվում է և՛ պատմության, և՛ գրականության մեջ, մինչդեռ առաջարկվող համակարգը խառնում է ժամանակներն ու ազգությունները: Կամա թե ակամա դա վերացնում է նաև հնագույն քաղաքակրթություն ունեցող ազգերի և նորերի տարբերությունը՝ չեզոքացնելով հների ներդրումը համաշխարհային մշակույթի պատմության մեջ: 5-րդ դարի մեր պատմագրության բարձր արժեքը մեծապես պայմանավորված է նրանով, որ ստեղծվել է հենց 5-րդ և ոչ թե 15-րդ դարում, երբ ժամանակակից ազգերից ու պետություններից շատերը դեռևս չկային:

6. Արմատապես սխալ է ոմանց այն հայտարարությունը, թե այդպիսով իբր դպրոցն ուզում են դարձնել բանասիրության ֆակուլտետ:Դպրոցական և բուհական ծրագրերն ունեն ուսուցման խորության բոլորովին տարբեր աստիճաններ: Մի՞թե պարզ չէ, որ բուհական ծրագիրը ենթադրում է 5-րդ դ. մատենագրության և միջնադարի տաղերգության ավելի խոր՝ մասնագիտական յուրացում՝ նախապես միասնաբար դրսևորված պատմագրության և գեղարվեստական պատկերավորման յուրահատկությունների տարբերակումով:

7. Ամենակարևորը. նոր չափորոշիչները հնարավորություն չեն տալիս որևէ գրողի մասին ամբողջական պատկերացում ստեղծելու: Օրինակ՝ Թումանյանի «Փարվանան» և «Թմկաբերդի առումը» նախատեսված է անցնել 8-րդ դասարանում, «Սասունցի Դավիթ» պոեմը՝ 9-րդում, 10-րդում՝ «Անուշը», 11-րդում՝ քառյակները: Այդպես նաև մյուս գրողները: Որևէ գրող չի ներկայանում իր ամբողջական դիմանկարով:

8. Այս շիլաշփոթն ունի մեկ հիմնավորում՝ դաստիարակել ինքնուրույն մտածող, ինքն իրեն ճանաչող, վերլուծող, տրամաբանող, ընդհանուր առմամբ սոցիալապես ակտիվ անհատ: Դա, անշուշտ,  լավ է, բայց ինչո՞ւ այս եղանակով:

9. Չափորոշիչները կազմված են անորոշ ու ճապաղ՝ դասարանից դասարան կրկնվող սահմանումներով։ Նկատվում են գրականագիտական տերմինների անպատեհ կիրառություններ («տեքստը տեքստում»,  «միջտեքստայնություն», «նարատոր» և այլն), որոնք ծրագիրը մոտեցնում են գրականագիտության բուհական դասընթացներին։

10. Շատ թերի, խառնիխուռն ու անորակ են հայ և համաշխարհային գրականությունից վերցված ցանկերը։ Բացակայում են դրանց ընտրության սկզբունքները։ Ակնհայտ է, որ երկերն ընտրված են ոչ թե մասնագիտական բազմակողմ գնահատման արդյունքում, այլ ընդամենը հանձնառու խմբի նախասիրությամբ, պահի տպավորությամբ և ՀՀ քաղաքացու փոխարեն աշխարհաքաղաքացի կերտելու անիմաստ նպատա­կադրումով:

11. Դրական է ժամանակակից գրողների և գրականության՝ ծրագրերում ներառելու խնդիրը: Դրական է աշակերտներին կենդանի գրականության հետ կապելու, ժամանակի գրողներին ճանաչելու իմաստով: Բայց սա թերևս ամենաբարդ խնդիրն է երկու իմաստով: Նախ՝ նոր գրողներին ծրագրերում ներառելու համար պետք է կրճատել դասականներին, ինչը վաղ թե ուշ անհրաժեշտություն է դառնալու: Բայց պետք է նոր եկողները արժանի լինեն հների տեղը կամ առնվազն նրանց կողքին տեղ գրավելու: Ապա՝ նոր գրողներին ներառելու համար պետք է հաշվի առնել գրողների միության, գրականագետների կարծիքը և, անշուշտ, նրանց ստեղծած գրական արժեքը: Նոր անուններին կարելի է ծանոթանալ միջին դպրոցում, գրական խմբակներում, արտադասարանական ընթերցանության միջոցով:

12. Ծրագրում չնչին չափով է ներկայացված հայ դասական գրականության կարևորագույն մի հատվածը՝ սփյուռքահայ գրականությունը, որը ծանր հարված է մեր ժողովրդի և հայրենիք-սփյուռք միասնության գաղափարին։

13. Ուսուցչին տրվում է անկառավարելի ազատություն. նա իր ցանկությամբ կարող է ընտրել և մատուցել հայ և արտասահմանյան գրողների երկերը։ Իսկ եթե ուսուցիչն ու աշակերտը իրենց ճաշակով ընտրեն միայն արտասահմանյան գրողների՞ն, և հայ գրողներն ու նրանց լավագույն երկերը դո՞ւրս մնան: Այս դեպքում ինչպե՞ս են կազմակերպվելու գիտելիքի ստուգում­ները ավարտական դասարաններում, ազատ տրված գիտելիքի ո՞ր շրջանակն է լինելու պարտադիր ստուգելի:

14. Հանձնախմբի անդամները, իբրև իրենց «բարեփոխումների» հիմնական փաստարկ, բերում են այն հիմնավորումը, որ նոր չափորոշիչներով երեխան ոչ թե պետք է կարդա հանրահայտ վերլուծությունները, սովորի և հետո կրկնի դրանք, այլ կարողանա կատարել ինքնուրույն վերլուծություններ: Շատ հետաքրքիր է՝ ինչու պետք է ինքնուրույն վերլուծության հմտությունը կիրառվի հենց գրականության վրա. ի՞նչ է, գրականությունը այդքան հեշտ կամ սուբյեկտիվ ոլո՞րտ է: Այդ դեպքում չէր լինի գիտություն գրականության մասին՝գրականագիտություն: Դա նույնն է, որ հայոց պատմության դրվագները թույլ տանք ինքնուրույն վերլուծել ու մեկնաբանել կամայականորեն: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Ճիշտ հակառակը, գրականության ուսուցումը պետք է դնել գիտական լուրջ հիմքերի վրա, աշակերտին ուղղորդել, բացատրել այս կամ այն գրողի կատարած դերը մեր ազգային գրականության և գեղարվեստական մտածողության զարգացման մեջ: Ինչպե՞ս պետք է երեխան իմանա, թե ինչպիսի կարևոր դեր է կատարել Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին» մեր նոր գրականության ձևավորման և զարգացման գործում, ինչպե՞ս է ազդել հետագա շրջանի հայ գրողների ամենատարբեր սերունդների վրա, եթե դասագիրքը նրան չուղղորդի: Ինչու չէ, նաև անուրանալի ճշմարտություններ պետք է հաղորդել, որոնք աշակերտը նախ պիտի սովորի, հետո ինքնուրույն մեկնաբանի:

15. Դեռևս Աստվածաշնչից եկող միտք է, որ օգտագործում է նաև Հրանտ Մաթևոսյանը, թե նախ՝ պարտվում են մշակույթները, հետո՝ միայն պետությունները: Առաջարկվող նախագիծ-ծրագիրը պարտության տանող ծրագիր է: Այն, ինչ կարող է թույլ տալ հզոր պետությունը, ասենք ԱՄՆ-ն, որի կրթական ծրագրերի ազդեցությունն առկա է այս ծրագրում,  չի կարող թույլ տալ փոքրաքանակ (ոչ փոքր, թող սխալ չհասկացվի) ժողովուրդը, որի համար մշակույթը և առաջին հերթին կրթությունն ունեն ռազմավարական, ազգապահպան նշանակություն: Ըստ այսմ՝ հայ դասականների զգալի մասին ծրագրերից դուրս մղելը, հայ գրականության «հայ» բառի վերացումը մեծապես վնասում են ազգի շահերին:

Բ)Հայոց լեզվի նախագիծը խոտելի է հետևյալ պատճառներով.

1. Անհիմն է նախագծի արդիականության հիմնավորումը (բառագործածության անճշտությունները չենք քննարկում): «Արդի աշխարհում տեխնիկայի և գիտության սրընթաց զարգացումը նոր խնդիրներ է դնում կրթության առջև: Բազմաթիվ մասնագիտություններ, որոնք այսօր հարգի են, շուտով փոխարինվելու են մեքենաների և ռոբոտների աշխատանքով: Ահա այդ է պատճառը, որ հանրակրթական դպրոցում հայոց (մայրենի) լեզվի և գրականության ուսուցումը և ուսումնառությունը ևս հիմնավոր փոփոխության կարիք ունեն»: Լեզուն բացարձակ արժեք է և անկախ մասնագիտությունների հարգի կամ վերացող լինելուց` գոյություն է ունենալու:

2. Նախագծում գիտությամբ կամ անգիտությամբ աղճատվել է լեզվի դերը: Լեզուն ոչ միայն մտածողության միջոց է, այլև ու նախ և առաջ ազգային մտածողության ձևավորման միջոց, ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչ, ազգային-հայրենասիրական նկարագիր կերտելու գործիք. նախագծում ոչ մի կերպ արտահայտված չէ այս գաղափարը, մինչդեռ հենց դա պետք է դրված լիներ չափորոշիչների հիմքում. ՀՀ հանրակրթական դպրոցում հայոց լեզուն պետք է ուսուցանվի այս ելակետով և այս հիմունքով։

3. Եռաչափ կրթական համակարգի ներդրում ասվածը կասկածելի «նորույթ» է: Ավելացվել է հասկացություն հասկացակարգը: Նախկին գիտելիք-հմտություն ձևաչափից անցում է կատարվում հասկացություն-գիտելիք-հմտությունկարողություն ձևաչափին: Իսկ մի՞թե ցանկացած գիտելիքի մատուցում, ճանաչում, յուրացում չի սկսվում հասկացությունների մեկնաբանությունից:

4. Հայոց լեզվի և հայ գրականության ուսումնառության հայեցակարգերը նույն չափանիշներով և նույն հիմնավորումներով ներկայացնելը անընդունելի է. Հայոց լեզուն և Հայ գրականությունը տարբեր առարկաներ են (և ուսումնասիրվում են տարբեր գիտակարգերում), հետևաբար որոշակիորեն տարբեր են նաև դրանց ուսուցման նպատակներն ու մեթոդները։ Հայոց լեզուն պետք է նկարագրվի և ներկայացվի որպես առանձին առարկա։ Մինչդեռ ակնհայտ է, որ հայոց լեզվի և գրականության նախագծերը կազմվել են գրեթե նույն սկզբունքներով և որոշ ընդհանրություններ ունեն անգամ բնագիտական առարկաների նախագծերի հետ: Հասկանալի է, որ կիրառվել են միջազգային կրթական ծրագրերին հարմարեցնելու ինչ-ինչ գործիքներ, սակայն դրանք գործածվել են սխալ և անպատեհ: Ընդհանրություններով հանդերձ՝ սրանք էապես տարբեր առարկաներ են, և չափորոշիչներն էլ պետք է շատ հստակ տար­բերվեն ոչ միայն բովանդակությամբ, այլև վերջնարդյունքների և նպատակների սահմանումներով: Խոտելի է նախագծի ելակետային միտքը, թե «հայոց լեզվի և գրականության ուսումնասիրության հիմնական նպատակը բանավոր և գրավոր խոսք կառուցելու, տեքստ ստեղծելու ուսուցումն է»։

5. Նշվում է, որ աշակերտը ուսուցչի հետ միասնաբար պետք է կազմի դասի պլանավորումը՝ առաջնորդվելով իր հետաքրքրություններով: Խիստ վիճելի պահանջ է: 12-17 տարեկան երեխաների հետաքրքրության շրջանակը, արժեքային համակարգի ընկալումներն ու պատկերացումները դժվար թե համընկնեն ծրագրային պահանջներին. այդ տարիքում և դեռևս նոր գիտելիքներ ձեռք բերելու ճանապարհին աշակերտը հաստա­տապես չի կարող ըստ ամենայնի ճանաչել և արժևորել, օրինակ, քերականության կամ ոճաբանության կարևորությունը: Սա հանրակրթական ծրագիր է, և ուղղորդողները նախ և առաջ չափորոշիչներն են, դասագիրքը, ուսուցիչը:

6.Աղքատիկ է ծրագրի լեզվական-բովանդակային մասը. նախագիծը չի ենթադրում հայոց լեզվի վերաբերյալ բավարար գիտելիքների մատուցում։ Վերջնական նպատակը՝ գրավոր և բանավոր հաղորդակցմանը ըստ ամենայնի տիրապետելը, եթե համարենք «ազնիվ», միևնույնն է, և՛ գրագետ հաղորդակցվելու, և՛ ազդեցիկ խոսք կառուցելու, և՛ ստեղծագործական միտքը զարգացնելու համար սովորողին նախ և առաջ պետք է մատուցել լեզվական անհրաժեշտ բավարար գիտելիքներ։ Հետո միայն ստացած գիտելիքները պետք է վերածել կարողության ու հմտության։ Ծրագիրը այս խնդիրը լուծում է մասամբ։

7. Պակասում են կամ թերի են ներկայացված մի շարք թեմաներ.

· Լեզվի հնչյունական համակարգը նեղ իմաստով միայն ուղղագրությունը և ուղղախոսությունը չէ։ Նախորդ տարիներին (մինչև 7-րդ դասարան) ուսուցանվող նյութը բավարար չէ։ Հնչյուն, շեշտ, վանկ, տառադարձություն, հնչյունափոխություն թեմաները հանգամանորեն պետք է ներկայացված լինեն նաև միջին դպրոցում, ապա առավել խորությամբ՝ ավագ դպրոցում։ Հնչյունափոխական իրողությունների ուսուցումը անչափ կարևոր է գրագետ, բարեհունչ և գեղեցիկ խոսք կառուցելու, ճիշտ խոսելու համար։

· Տարտամ ու անորոշ նկարագրություն ունի լեզվի կարևոր բաժիններից մեկը՝ բառագիտությունը։ Նախագծում տեղ է գտել արտառոց մի ձևակերպում, ըստ որի՝ լեզվի երեք մակարդակներից մեկը ոչ թե բառագիտությունն է, այլ բառակազմությունը («Լեզվական համակարգ՝ հայերենի հնչյունական, բառակազմական, քերականական համակարգեր»)։ Եվ, ըստ այդմ, 5-6 տարիների ուսումնառության ծրագրում բառա­գիտությունը (իմաստաբանություն, բառակազմություն, բառապաշար, դարձվածա­բանություն, բառարանագրություն) ներկայացված է ցաքուցրիվ ու հատվածական։

· Ծրագիրը չի նախատեսում բայի սեռի ուսուցում. մինչդեռ նյութը չափազանց կարևոր է՝ բայական համակարգը և բայի գործառական հնարավորությունները հասկանալու, շարահյուսական կառույցներում կողմնորոշվելու և ճիշտ ու արտահայտիչ, նպատակային խոսք կազմելու համար։

· Քիչ ժամաքանակ է հատկացված անկանոն և պակասավոր բայերի ուսուցմանը, ընդամենը՝ 6 ժամ։ Մինչդեռ սա բայական համակարգի առանցքային թեմաներից է (նախորդ ծրագրից հանիրավի վտարված էր). դրա իմացությամբ նույնիսկ կարելի է չափել մարդու գրագիտությունը։ Թեմայի մասին նախ պետք է ընդհանուր գիտելիք տրվի միջին դպրոցում, ապա թեման առավել մանրամասն պետք է ուսուցանվի ավագ դպրոցում։

· Պահպանված չէ թեմաների ուսուցման համամասնությունը, հաշվի չեն առնվել թեմայի կարևորությունն ու բարդությունը, օրինակ՝ կապին և շաղկապին տրվում է ընդամենը 4-5-ական ժամ, մակբային՝ 8 ժամ, անկանոն և պակասավոր բայերին՝ 6 ժամ (7-րդ դ.), պատկերավորման և արտահայտչական միջոցներին՝ 4 ժամ (11-րդ դ.)։ Մինչդեռ անհարկի ուռճացված է որոշ թեմաներին տրվող ժամաքանակը. հատուկ և հասարակ, անձնանիշ և իրանիշ գոյականներ՝ 10 ժամ (7-րդ դ.), մեջբերվող ուղղակի խոսք՝ 28 ժամ (9-րդ դ.), ուղղագրություն՝ 18 ժամ (10-րդ դ.) և այլն։

· Ձախողված է ոճագիտության մատուցումը (ըստ նախագծի՝ «ՈՃԵՐ»): Ծրագրի այս հատվածը կազմված է առանձնահատուկ անիմացությամբ: Անընդունելի է գործա­ռական ոճերը միմյանցից հեռացնելու ծրագրային «որոշումը»: Դրանք, տարբերութ­յուն­ներով հանդերձ, ունեն զգալի ընդհանրություններ, հետևաբար պետք է ուսուցանվեն հաջորդական միասնությամբ։

8.Այն ճշմարտությունը, որ մեզանում ավագ դպրոցը ժամավաճառության օջախ է (և որ օր առաջ պիտի հրաժարվել դրանից), հաստատվում է նաև այս նախագծով. երեք տարի շարունակ՝ 10-11-12-րդ դասարաններում, նույն կամ գրեթե նույն բովանդակությամբ և սաստիկ համառությամբ կրկնվում է հայոց լեզվի բովանդակային նյութը։ Ըստ որում, շեշտադրվում են միայն որոշակի թեմաներ՝ ուղղագրություն, ուղղախոսություն, «ոճեր»՝ այն էլ խիստ պարզունակ պահանջներով՝ ճանաչել և տարբերակել գործառական ոճերը, Ճանաչել բառերի ձևաիմաստային տեսակները, դարձվածքները, իմանալ և տարբերակել խոսքի մասերը ըստ խոսքիմասային առանձնահատկությունների, խոսքի մասերը դասակարգել ըստ օրինաչափությունների՞՞ և նման բաներ։ Եվ այդ բոլորը՝ առանց համակարգության, առանց զարգացման միտումների։

9. Հատուկ պետք է ընդգծել և շեշտադրել գործնական աշխատանքների կարևո­րությունը և դերը։ Ծրագիրը «կենտրոնացել է» տեքստ ու փաստաթուղթ կազմելու և էսսե (գրական՞՞ տեքստ) գրելու գործի վրա, բայց դա բնավ էլ ստեղծագործական միտքը մշակելու ուղիղ ճանապարհը չէ, մանավանդ երբ չեն բացատրվում շարադրանք կազմելու հնարներն ու ձևերը: Սա նաև նյութը սերտողաբար յուրացնել տալու թաքնված ճանապարհ է, քանի որ, ըստ հեղինակային խմբի պարզաբանումների, որոշակի դասարաններում աշակերտը ուսուցչի օգնությամբ կկազմի «գրական տեքստեր» ընտրված հեղինակների երկերի վերաբերյալ: Իսկ ավարտական դասարանում գիտելիքի ստուգումը ենթադրում է արդեն մշակված և պատրաստի «գրական տեքստերի» անգիր շարադրանք:

10. Միջառարկայական կապերի մատուցումը՝ հաճախ ուղղակիորեն պատճենված արևմտյան նմանատիպ փաստաթղթերից, ավելի շատ ձևական բնույթ է կրում։ Դա առավել հստակ երևում է նաև վերջնարդյունքների, երբեմն գործնական առա­ջադրանքների ձևակերպումներում: Հատկապես վերջիններում ակնհայտ են նաև մասնագիտական լուրջ թերացումներ և բացթողումներ:

11. Գիտելիքների ստուգման այն ձևը, որը հրամցվում է 12-րդ դասարանում, սկզբունքորեն անընդունելի է. շարադրանքի միջոցով ստուգումը հանգեցնելու է կամայականությունների և սուբյեկտիվ գործե­­լաոճի:

12. Այս փաստաթուղթը, մեղմ ասած, գրագետ շարադրանքի տիպար օրինակ չէ (9 ամիսը քիչ ժամանակ չէր փաստարկված և գրագետ շարադրանք ունենալու համար). նրանում առկա են բազմաթիվ սխալ ձևակերպումներ, անճիշտ դատողություններ, սխալ բառագործածություններ, տերմինների շփոթ, վրիպակներ։ Բավարարվենք մեկ-երկու օրինակով. «Չափորոշչային պահանջները ձևավորվում են՝ հաշվի առնելով սովորողի անհատական առանձնահատկությունները….» (պահանջնե՞րն են ինչ-որ բան հաշվի առնում); «Տեխնիկայի՞՞ և գիտության սրընթաց զարգացումը….»; «….ուսումնասիրվում է հայոց լեզվի քերականությունը՝՞՞ ձևաբանություն և շարահյուսություն բաժիններով՝ շեշտադրելով՞՞….» (քերականությո՞ւնն է ինչ-որ բան շեշտադրում); «….Հայոց լեզվի ուսումնառության՞՞ համար սահմանվել են հետևյալ հիմնական՞՞ և ենթահասկացությունները՞՞»; «լեզվաքերականություն՞՞» և այլն, և այլն:

Ցավալի է, որ ԿԳՄՍ նախարարությունը հանրությանը ներկայանում է այսօրինակ փաստաթղթով»»։

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

«բարսեղյան լևոնիկ,մյուս անգամ, Սերժ Սարգսյանի անունը ռեխիցդ արտաբերելուց լեզուդ անպայման կկծես ու նոր կբառաչես». Հովհաննես Խաչատրյան

08.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Հայաստանին պոկում են Մոսկվայից

06.08.2020

Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութից.Նարեկ Մալյան

08.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով