Բելառուսի հակառակ կողմը

Օգոստոսի 9-ին Բելառուսում անցել են նախագահական ընտրություններ: Թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո, բոլորս գիտենք: Ոմանք Բելառուսում տեղի ունեցածը նմանեցնում են 2008 թվականի մարտի մեկի իրադարձություններին, ոմանք՝ 2018 թվականի:

Այո, իհարկե Մինսկում տեղի ունեցածը ոչ թե ուղղակի շատ նման է Հայաստանում ծավալված իրադարձություններին, այլ ակնհայտորեն կրկնում է դրանք: Ավելին, անզեն աչքով երևում է, որ գործի է դրվել նույն հեղինակի սցենարը, որը կոորդինացվել է մեկ կենտրոնից և կյանքի է կոչվել նույն կուրատորների վերահսկողության ներքո: Սակայն այստեղ պետք է մեկ դիտարկում անենք՝ Մինսկում կատարվածը ավելի շատ հիշեցնում է 2008 թվականի իրադարձությունները, քանզի կա մեկ կարևոր միավորող գործոն՝ նախագահական ընտրությունները: Հավանաբար Բելառուսական գունավոր հեղափոխության փորձ իրականացրածների կարծիքով հանրային դժգոհության ալիքն այնքան ուժգին պետք է լիներ, որ ընտրությունների արդյունքներից դժգոհողներին հնարավոր կլիներ արդյունավետորեն օգտագործել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն նրանք գործի դրեցին մի այլ հնարք՝ ընտրությունների օրը արդեն կեսօրից ընտրատարածքներում զանազան սադրանքներ էին կազմակերպվում, սաբոտաժի էին ենթարկվում բուն ընտրությունները, ամեն ինչ արվում էր, որպեսզի ժամը 20:00-ին լինի մարդկանց բազմություն, որը հնարավորություն չունեցավ քվեարկելու: Դա արվեց այն հույսով, որ հետագայում հնարավոր կլինի օգտագործել «Լուկաշենկոն թույլ չթվեց, որ մենք քվեարկենք և գողացավ մեր ձայները» կարգախոսը: Իրենց կարծիքով դա պետք է լիներ «Քայլ արա, մերժիր Սերժին» պրովոկացիոն կարգախոսի բելառուսական տարբերակը:

Այստեղ Բելառուսի ղեկավարը խառնում է դավադիր ուժերի պլանները և հրահանգ է տալիս բաց թողնել ընտրատարածքները և հնարավորություն տալ բոլորին քվեարկելու: Այսպիսով մենք տեսնում ենք, որ Բելառուսում կատարվածի պատասխանատու կուրատորները հաշվի են առել 2008 թվականին Հայաստանում թույլ տված սխալները և ըստ այդմ ուղղումներ են մտցրել սցենարի մեջ:

Տեսնում ենք նաև, որ Բելարուսում կիրառվել են Հայաստանում 2018 թվականին իրականացված իշխանազավթման ընթացքում առավել հաջողված քաղտեխնոլոգիական հնարքները՝ ոստիկանների շարքի առջև գրկախառնված սիրահարները, Ոստիկանության մեքենաների դիմաց գետնին պառկող ակտիվիստները, բելառուսական «ոստիկան Աշոտը», սոցցանցերի միջոցով ամբոխը ուղղորդելու տեխնոլոգիաների կիրառումը և այլն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Համադրելով Հայաստանյան տասը տարվա ինտերվալով տեղի ունեցած իրադարձությունները և Բելառուսում կատարվածը՝ կարող ենք փաստել, որ թեպետ հաշվի են առնվել հայաստանյան սխալները, սակայն թույլ են տրվել նոր սխալներ: Մասնավորապես կարելի էր ենթադրել, որ Հայաստանյան իշխանազավթումից հետո Բելառուսի հատուկ ծառայությունները կսովորեն մոնիտորինգ անել սոցցանցերը՝ իմանալու համար ակտիվիստների հաջորդ գործողությունների մասին:

Թույլ են տրվել մի շարք այդպիսի սխալներ: Կամ միգուցե դրանք ոչ թե անփութության սխալներ են եղել, այլ այսպես կոչված «Разведка боем»: Ուսումնասիրելով տարբեր երկրներում հայտնի ուժերի կողմից իրականացված գունավոր հեղափոխությունները՝ կտեսնենք, որ այդպիսիք իրականացվել են ոչ թե միանգամից, այլ սովորաբար երկու փուլով: Փուլերի միջև տարբեր երկրներում եղել է տարբեր ժամանակի ինտերվալ՝ կախված այդ պահին գործող իշխանության սպեցիֆիկայից: Հայաստանում 10 տարի պահանջվեց, բայց դերակատարները նույնն էին: Որոշ երկրներում ինտերվալն ավելի կարճ էր, դերակատարները՝ տարբեր: Բայց միշտ երկու փուլով: Առաջինը՝ փորձնական, երկրորդը՝ վերջնական: Բելառուսում եղավ ևս մեկ նմանություն 2008 թվականի հետ՝ հիմնական դերակատար ընդդիմադիր գործիչը բողոքի ակցիաների երկրորդ օրը փախչում է Լիտվա:

Հիշեցնենք, որ 2008 թվականին իրականացված սահմանադրական կարգի տապալման անհաջող փորձի գլխավոր դերակատար Նիկոլ Փաշինյանը նույնպես փախավ Հայաստանից: Արձանագրենք, որ այս ամենը հաշվի առնելով՝ Բելառուսում որոշ ժամանակ հետո կարող է փորձ արվի իրականացնել պետականության տապալման ունիվերսալ սցենարի երկրորդ ակտը: Հաջողության դեպքում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն կարող է կրկնել ՀՀ 2-րդ նախագահի ճակատագիրը և հայտնվել ամբաստանյալի աթոռին: Այսպիսով ստացվում է, որ թեև այսօր նեոլիբերալ ապազգային ուժերի կողմից Բելառուսում իշխանությունը զավթելու փորձը տապալվել է, բայց կա մեծ հավանականություն, որ այն կկրկնվի և ճակատագրական լինի: Մնում է հուսալ, որ Բելառուսի իշխանությունը նույնպես դասեր կքաղի թե սեփական փորձից և թե Հայաստանում իրականացված ապազգային հակահայկական գործողություններից և կկարողանա կանխել հայտնի ուժերի բոլոր ապազգային գործողությունները: Իսկ մենք Հայաստանում պետք է ի վերջո հասկանանք, որ այն, ինչ կատարվել է Հայաստանում 2008 և այնուհետև 2018 թվականին, նույն սերիալի երկու սերիաներն են և ամենևին չեն նպաստում Հայաստանի ուժեղացմանն ու զարգացմանը:

Իշխանազավթումն իրականացրած ուժերի օրակարգը բոլորովին չի ներառում Հայաստանի որևէ առաջխաղացում, այլ հակառակը՝ նպատակ ունի Հայաստանը ծառայեցնելու շատ որոշակի ուժերի ծրագրերին գլոբալիստական խաղերի մեջ:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով