Այս օրհասական պահին բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու պատրաստակամություն եմ հայտնել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին. Արցախի նախագահ

Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Հետաքրքրվել եմ ստեղծված իրավիճակով, տեղի հայկական համայնքի ունեցած կորուստներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Վեհափառին խնդրել եմ նաև մեր խորին ցավակցությունները փոխանցել ողբերգության հետևանքով զոհված մեր հայրենակիցների հարազատներին, Լիբանանի բարեկամ ժողովրդին` բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթելով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ անգամ ևս զորակցելով լիբանանահայ մեր քույրերին և եղբայրներին՝ այս օրհասական պահին բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու պատրաստակամություն եմ հայտնել:

Արցախը Լիբանանի հետ է»,- գրել է նա:

ՀՀ ԱԳՆ տվյալներով՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 հայ է զոհվել։ Հայտնի են նրանցից 4-ի անունները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել էին Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել պայթյունի հետևանքով լիբանանահայ գործիչ Նազար Նաճարյանի զոհվելու մասին: «Լիբանանի «Ազդակ» օրաթերթը հայտնում է, որ պայթյունի հետևանքով զոհերի թվում կա ևս մեկ հայ՝ Ժաք Պարամաքեանը:

Հայազգի զոհերի թվում է նաև Դելիա Փափազյանը: Երկու երեխաների մայր Դելիա Փափազյանն ընտանիքով բնակվում էր նավահանգստին շատ մոտ թաղամասում:

Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից: Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորները 4000-ից ավելի են, հայտնում է Լիբանանում Կարմիր խաչի գրասենյակը:

Պայթյունի հարվածային ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մայրաքաղաքի որևէ հատված ավերածությունից զերծ չի մնացել, անգամ հարևան Հորդանանում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել:

Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:
Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:

«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:

Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:

«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով