Հայաստանում չկա ողջամիտ մարդ, որ չի համաձայնվի Հայաստանի անվտանգության ապահովման հարցում Սերժ Սարգսյանի նշանակալի և անգնահատելի ավանդ ունենալու փաստի հետ

Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես շատ հեռու եմ կուռքեր ստեղծելուց և դրանք երկրպագելուց: Երբեք, նույնիսկ դպրոցական տարիներիս չեմ ֆիքսվել որևէ երգչի, դերասանի կամ քաղաքական գործչի վրա, ինչպես որ հաճախ է լինում այդ տարիքում: Մի խոսքով, հակված չեմ մարդկանց դնել պատվանդանի վրա ու գովերքել: Սա որպես նախաբան:
Անկախությունից ի վեր Հայաստանը երբեք շատ լավ չի ապրել: Դրա համար եղել են և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ: Այս պատճառները կարելի է անվերջ վերլուծել, վիճել դրանց շուրջ, մատնացույց անել, «հանցավոր ռեժիմ», մարդկանց թիրախավորել առանց իրեղեն ապացույցների «բոլորը գիտեն» ոչ իրավական հիմնավորմամբ: Դա ամենահեշտ գործն է: Դժվար է այդ աղբի մեջ զատել ճշմարտությունը և գնահատել մարդկանց ըստ իրենց արած բազմաթիվ լավ գործերի:
Բայց կա մի փաստ, որն անհերքելի է: Լևոն Տեր-Պետրոսյանից հետո մնացած քարուքանդ և թալանված Հայաստանի անվտանգությունը մշտապես ապահովում էին այն մարդիկ, ովքեր սեփական կյանքից վեր էին դասում հայրենիքի և հայ ժողովրդի անվտանգությունը:
Այդ առումով, կարծում եմ, Հայաստանում չկա ողջամիտ մարդ, որ չի համաձայնվի Հայաստանի անվտանգության ապահովման հարցում Սերժ Սարգսյանի նշանակալի և անգնահատելի ավանդ ունենալու փաստի հետ: Պետք է ընդունենք, որ թեպետ մեր երկրում միշտ եղել են տնտեսական դժվարություններ, եղել են կոռուպցիայի և անարդարության երևույթների դրսևորումներ և այլն, սակայն մենք բոլորս կարողացել ենք գիշերը հանգիստ քնել, քանի որ վստահ էինք, որ Սերժ Սարգսյանն ու իր նման մի շարք մարդիկ, որոնք տեսել են պատերազմ և գիտեն խաղաղության գինը, կապահովեն մեր անվտանգությունը: Վստահ էինք, որ թուրքը, կամ ադրբեջանցին չի գա մտնի մեր տներն ու կացինով մեզ չի մորթի:
Այսօր Հայաստանը կանգնած է պատերազմի եզրին: Ընդ որում, ոչ միայն արտաքին թշնամու հետ, այլև մեր երկրի ներսում բուն դրած և օրվա իշխանության թեթև ձեռքով, իսկ ավելի ճիշտ՝ հանցավոր համագործակցությամբ, անարգելք հակահայկական գործունեություն ծավալող որոշ ուժերի հետ: Այսօր վտանգված է մեր ազգային ինքնությունն ու նկարագիրը: Այսօր մեզ ուզում են զրկել հայ լինելու երկնային պարգևից: Եվ սա չափազանցրած չեմ գրում, վտանգը իրական է և եկել է մեր դուռը:
Այս ամենի ֆոնին, վստահ եմ, բոլորս մտածում ենք, թե ով կարող է մեզ փրկել վրա հասնող արհավիրքից: Կարծում եմ, կա մարդ, ով արդեն արել է դա թե՛ Արցախյան ազատամարտի տարիների և թե՛ դրանից հետո: Ամենևին չցանկանալով նսեմացնել այլ ազգանվեր գործիչների ավանդը, պետք է ասեմ, որ Հայաստանի անվտանգության առումով այդ խնդիրը կարող է լուծել Սերժ Սարգսյանը: Նրա նախագահության օրոք Հայաստանի Հանրապետության դիվանագիտությունը գրանցել է շատ լուրջ հաջողություններ թե Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցություններում, թե ռազմավարական գործընկեր երկրների հետ և թե ակնհայտորեն թշնամաբար տրամադրված երկրների հետ:

Այո, եղել են նաև խնդիրներ: Այդ խնդիրները ընդդիմադիր ուժերի կողմից անբարոյական ձևով ուռճացվել և դարձվել են մատի փաթաթան: Եկեք սթափ դատենք և գիտակցենք, որ եթե մենք կորցնենք մեր ազգայինը, ապա ոչ մի տնտեսական աճ մեզ այլևս պետք չի լինի: Մենք կդառնանք կոնսումերիստական հասարակություն, որը չունի ազգային ոգի և որպես այդպիսին չունի արժանապատիվ ապագա:
Հ.Գ. Հարգում եմ բոլոր նրանց կարծիքը, ով չի համաձայնվի իմ դիրքորոշման հետ: Սակայն հորդորում եմ ձեզ մնալ էթիկայի կանոնների սահմաններում և գրել միայն առարկայական հակափաստարկներ, եթե կարող եք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների  կուսակցության  խորհդի  անդամ  Նատալյա  Սաղիյանի  ֆեյսբուքյան  էջից

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով