Աշխատատեղերի ավելացման միֆը. Փաշինյանն ընդդեմ Անդերսենի

Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնում հայտնված անձնավորությունը հավանաբար այլ զբաղմունք չունենալու պատճառով դարձյալ իր ոճին համահունչ հրապարակում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Պարզվում է 2020 թվականի հուլիս ամսվա տվյալներով աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը Հայաստանում կազմել է 613 000 մարդ, ինչը գերազանցում է անցած տարվա նույն ժամանակաշրջանում գրանցված 607 հազար ցուցանիշը: Գրառումն իհարկե համեմվել է ինքնագովեստի խոսքերով, առանց դրա հնարավոր չէ պատկերացնել Փաշինյանի գրառումները: Այսպիսի հեքիաթներն արդեն սովորական են դարձել, բայց աշխատատեղերի թեման չափազանց կարևոր է համավարակի պայմաններում ապրուստի միջոց չունեցող հանրության համար: Ուստի եկեք փորձենք բացահայտել Փաշինյանի կողմից ժողովրդին մատուցվող հեքիաթների գաղտնիքը:

Վստահաբար կարելի է ասել, որ այս թվերի հետ ինչ-որ բան այնպես չէ: Հաշվի առնելով, որ ՀՀ վարչապետը հայտնի է վիճակագրական թվերի նկատմամբ իր կամայական և ամփույթ վերաբերմունքով՝ կարելի է հիմնավոր կասկածներ ունենալ, որ այս թվերի հետ նույնպես աճպարարություն է իրականացվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ հիմա ավելի առարկայական խոսենք: Սկզբի համար մեջբերենք մեկ թիվ: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Հայաստանում 2020 թվականի իրական ՀՆԱ աճը կազմում է -1.5 (տարեկան տոկոսային փոփոխման ցուցանիշ): Փաստենք սա և անցնենք աշխատատեղերի և ՀՆԱ-ի միջև առկա կապակցվածությունը: Տնտեսագիտության բոլոր դասագրքերում արձանագրված է, որ ՀՆԱ-ի աճից կամ անկումից կախված է մեր կյանքի որակը: Եթե ՀՆԱ-ն աճում է, դա նշանակում է, որ երկրում աճել է ներսում արտադրվող ապրանքների և ծառայությունների ծավալը: Այսինքն տնտեսվարողները ընդլայնում են իրենց ծավալները, ինչը նշանակում է աշխատատեղերի քանակի աճ: Սա իհարկե խիստ պարզեցված սխեմա է, բայց հիմնական սկզբունքն այսպիսին է:

Մենք հիմքեր չունենք կասկածի տակ դնելու արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնական էջում հրապարակված տվյալները, որոնք միանշանակ փաստում են, որ Հայաստանում 2020 թվականին գրանցվել է ՀՆԱ-ի անկում: Ուստի վարչապետի կողմից հրապարակված թվերը կամ, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը, կամ արտացոլում են նախկինում օրավարձով աշխատող և այս ընթացքում, օրինակ, ԱՁ գրանցած քաղաքացիների թիվը: Վերջինը բացարձակ չի նշանակում, որ արտադրության կամ ծառայությունների ծավալը ավելացել է, ուղղակի այն մարդիկ, որոնք նախկինում չգրանցված են աշխատել, այժմ աշխատում են գրանցված: Ընդ որում, որպես կանոն այդպիսի փոքր և միջին բիզնեսները ազատված են լինում հարկերից, այսինքն՝ դարձյալ ուղղակիորեն չեն ազդում երկրի տնտեսական վիճակի բարելավման վրա:

Ավելին, հաշվի առնելով մարտ ամսին Հայաստանում մոլեգնող համավարակը և անդադար շարունակվող արտակարգ դրությունը՝ աշխատատեղերի թվերի իրական ավելացումը ուղղակիորեն հակասում է տնտեսական զարգացման կանոններին: Սա դարձյալ խոսում է այն մասին, որ եթե վարչապետի կողմից հրապարակված թվերը նկարչության արդյունք չեն, ապա դրանք ընդամենը արձանագում են օրինական դաշտ տեղափոխված օրավարձով աշխատողներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք նաև, որ փետրվար ամսից ի վեր Հայաստանում փակվել են բազմաթիվ հիմնարկ-ձեռնարկություններ, այդ թվում՝ պետական: Վերջին օրինակը Մարալիկի ծննդատան աշխատակիցների բողոքի ակցիան է, որոնք նույնիսկ շեշտում էին, որ իրենք բժշկական համազգեստով երկու տարի առաջ փողոց են փակել, իսկ այսօր իրենց թողնում են առանց ապրուստի միջոցների:

Ուշագրավ է, որ ըստ վարչապետի՝ մեկ տարվա ընթացքում (2019-2020) աշխատավարձ ստացող աշխատատեղերի քանակը ավելացել է շուրջ 6000-ով: Սա զարմանալի է, քանի որ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից 01.01.2020-31.03.2020 թվականների ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը մեզ ասում է, որ 2020 թվականի միայն առաջին 6 ամիսների ընթացքում գրանցվել են շուրջ 5226 իրավաբանական անձ (խոսքը գնում է միայն 6 տեսակի իրավաբանական անձերի մասին՝ ԱՁ, ՍՊԸ, ՀԿ, Անհատական ձեռնարկություն, Արտադրական կոոպերատիվ և Փակ բաժնետիրական ընկերություն): Այսինքն, եթե առաջին 6 ամիսների ընթացքում գրանցված իրավաբանական անձերը ունենան գոնե մեկական աշխատող, արդեն թիվը հասնում է վարչապետի նշված թվին, բա այդ դեպքում ի՞նչ է՝ 2019 թվականին ոչ մի աշխատատեղ չի՞ ստեղծվել:

Արձանագրենք, որ Փաշինյանի կողմից սովորությանը համաձայն առանց խորը մտածելու և մասնագետների հետ քննարկելու անփութորեն հրապարակված թվերն այնքան հարցեր են առաջացնում, որ կարելի է հիմնավոր կասկածներ ունենալ այդ թվերի ճշգրիտ լինելու վերաբերյալ: Ավելորդ է հորդորել վարչապետին ավելի լուրջ վերաբերվել վիճակագրական տվյալներին: Մենք բազմիցս ակիանատես ենք եղել, թե ինչպես է Փաշինյանը աջ ու ձախ չստուգված թվեր հնչեցնում: Փաշինյանի համար վիճակագրությունը ոչ թե ճշգրիտ գիտություն է, այլ մանիպուլյացիայի գործիք:

Մնում է միայն փաստել, որ ՀՀ վարչապետը նույնիսկ հեքիաթ գրելուց է դիլետանտ, նա փորձում է համեմատվել Շարլ Պերոի և Անդերսենի հետ, բայց ավաղ հեքիաթ գրելն էլ է շնորք պահանջում:
Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով