Արսենը «թռնողների» առաջատար

Այսօր իմացանք, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշումը։ Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ»: Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա սովորական բան է, մարդը աշխատել է, իսկ հիմա արձակուրդ է մեկնում:
Սակայն եկեք հիշենք, որ հենց օրվա իշխանությունն է կորոնավիրուսի համավարակը պատերազմ անվանել: Հիմա ինչպե՞ս հասկանանք առողջապահության նախարարի այս հապճեպ արձակուրդ մեկնելը: Մի՞թե պատերազմն ավարտվել է: Եթե ավարտվել է և Թորոսյանը, համարելով, որ իր առաքելությունը պատվով կատարել է, մեկնել է ազնիվ և տքնաջան աշխատանքով վաստակած արձակուրդ, ապա ինչո՞ւ Պարետատունը չի հանում դիմակ կրելու պարտադիր պահանջը: Իսկ եթե չի ավարտվել, ինչը ավելի է համապատասխանում իրականությանը, ապա ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվում առողջապահության նախարարը, որը ի պաշտոնե պետք է համավարակի դեմ պայքարի առաջնագծում լինի, երբ թողնում է իր ՛պոստը՛ և մեկնում արձակուրդ:
Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանն այս կամ այն հարցում առաջատար է: Այս հարցում նույնպես մենք առաջատար ենք, ուղղակի ամենավատ իմաստով: ՀՀ Առողջապահության նախարարն աշխարհում առաջինն է, ով համավարակի նման ցուցանիշների պարագայում 18 օրով արձակուրդ է գնում: Նշենք նաև, որ այսօր հրապարակվեց առողջապահության նախարարին ուղղված Պարետատան պահանջը՝ մանրամասն հաշվետվություն ներկայացնել այն մասին, թե ինչպես և ինչի համար են ծախսվել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար հատկացված գումարները: Այս ամենը հաշվի առնելով՝ հանրությունն իրավացիորեն կարող է հարցեր ունենալ: Առաջինը՝ արդյո՞ք սա զուգադիպություն է, իսկ երկրորդը՝ որը որի՞ հետևանքն է: Իսկ այդ հարցերից ածանցվում են մի շարք այլ, շատ ավելի սուր հարցեր: Արձանագրենք, որ առողջապահության նախարարը համավարակի պայմաններում չի գործում սեփական քմահաճույքով: Նա պարտավոր է իր բոլոր գործողությունները համաձայնեցնել Պարետատան հետ: Բացի դրանից, լինելով իշխող մեծամասնություն հանդիսացող քաղաքական ուժի ներկայացուցիչ՝ նա պարտավոր է գործել նաև այդ քաղաքական ուժի օրակարգի շրջանակներում: Փաստորեն այսօր Պարետատունը խոստովանեց, որ հինգ ամիս շարունակ առողջապահության նախարարը ոչ մի կերչ հաշվետու չի եղել Կառավարությանը: Եվ այսօր հանկարծ Պարետատունը քնից արթնանում է և հասկանում է, որ մի քանի ամիս չի վերահսկել, թե ուր և ինչպես են ծախսվում ահռելի գումարներ: Ավելին, այսպիսի կտրուկ պահանջը նշանակում է, որ Արսեն Թորոսյանից ոչ թե սպասում են ուղղակի հաշվետվության, այլ նրա աշխատանքից դժգոհ են: Այսինքն, ունենք հետևյալ իրավիճակը՝ Պարետատունը հինգ ամիսների ընթացքում Արսեն Թորոսյանին տալիս է քարթ-բլանշ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար, Թորոսյանը անում է ամեն ինչ այդ պայքարը տապալելու համար, բայց Պարետատունը կույր ձևանալով՝ հինգ ամիս շարունակ չի վերահսկում Թորոսյանի աշխատանքը, չնայած բազմաթիվ ահազանգերի, որոնք ստացվում են հանրությունից, իսկ այսօր հանկարծ նույն Պարետատունը հիշում է, որ առողջապահության նախարարը հինգ ամսի շարունակ ինչ ուզել արել է և պահանջում է հաշվետվություն, որից հետո հավանաբար Արսեն Թորոսյանը իր հերթին հիշում է, որ նա ունի չօգտագործված արձակուրդ և օրենքով սահմանված կարգով պահանջում է իրեն տրամադրել արձակուրդի չօգտագործված օրերը: Տպավորություն է, որ Պարետատունը և Նիկոլ Փաշինյանի Կառավարությունը փորձում են կորոնավիրուսի դեմ տապալված պայքարի ամբողջ մեղքը գցել նախարարի վրա և միգուցե ազատվելով նրանից՝ փակել այդ ամոթալի էջը: Պարետատանը և վարչապետին ստիպված ենք հիշեցնել, որ Արսեն Թորոսյանը Լուսնից չի ընկել նախարարի աթոռին: Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ տիկնայք և պարոնայք, համավարակի դեմ պայքարը տապալած նախարարին դուք եք ձեր հետ քայլեցրել, իսկ հետո նշանակել այդ կարևորագույն պաշտոնին: Այնպես որ այսօր մի փորձեք հեռավորություն պահել և ձևանալ որ դուք կապ չունեք:
Համավարակից մահացած շուրջ 1000 քաղաքացիների մահերը ձեր խղճին են, դուք Արսեն Թորոսյանի հետ հավասարապես պատասխանատվություն եք կրում կորսված կյանքերի և խեղված ճակատագրերի համար: Այդ 1000 հոգուց յուրաքանչյուրը ինչ-որ մեկի հարազատն էր, ինչ-որ մեկի վիշտը: Իսկ դուք և ձեր կողմից նշանակված առողջապահության նախարարը այդ հինգ ամիսների ընթացքում մի քանի անգամ ինքներդ ձեզ հերքել եք համավարակի վտանգավոր լինել-չլինելու և դիմակների պանացեա լինել-չլինելու հետ կապված:
Այս ամենի ֆոնին առավել քան օրինաչափ է հանրության շրջանում ձևավորվող Կառավարության հրաժարականի պահանջը: Մի փորձեք Արսեն Թորոսյանին քավության նոխազ դարձնել, դուք բոլորդ հավասարաչափ մեղավոր եք և պետք է պատասխան տաք:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով