Երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը մինչեւ օրական 30-40․ Արա Բաբլոյան. news.am

Հայաստանում իրականացվող միջոցառումների շնորհիվ կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թիվը նվազում է։ Եթե աշխատանքը լինի շարունակական, երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել այս թիվը մինչեւ օրական 30-40։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը։

«Երբ մենք խոսում էինք, հունիսի 23-ին, մենք ունեինք թվերի տատանում` 500-700-ի սահմաններում: Եվ, փաստորեն, միջոցառումները, որոնք իրականացվում են, թույլ չտվեցին, որ թիվը հասնի 900-ի կամ 1000-ի, այլ ընդհակառակը, այս օրերին մենք տեսնում ենք թվերի տատանում 350-550-ի սահմաններում: Իհարկե, մեր նպատակը պետք է լինի շարունակել միջոցառումները ինչպես բացօթյա տարածքներում, այնպես էլ գործող կազմակերպությունների ու հաստատությունների ներսում: Այդ պարագայում, եթե աշխատանքը լինի շարունակական, մենք երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել թիվը մինչեւ 30-40` օրական: Մենք պետք է միջոցառումնեը շարունակենք այնքան ժամանակ, մինչեւ կլինի պատվաստանյութը եւ կսկսվի բնակչության կանխարգելիչ պատվաստումը», – նշեց մասնագետը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատասխանելով NEWS.am Medicine-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ գրանցվող նոր դեպքերի թիվը երկրում նորից սկսի աճել, Բաբլոյանը նշեց, որ նման բան կարող է տեղի ունենալ՝ երկու պատճառով։

«Մեկը, եթե թուլացնենք կանխարգելիչ միջոցառումները, ապա անմիջապես տեղի կունենա բարձրացում, ինչը շատ բացասական կարող է անդրադառնալ ապագայի գործընթացի վրա: Եվ երկրորդ պատճառը կարող է լինել այն, որ թեստավորման նոր լաբորատորիաների ստեղծումով օրական թեստավորումների թիվը հասցնենք 3000-4000-ի: Այդ պարագայում, իհարկե, մենք ավելի շատ կարող ենք հայտնաբերել, բայց դա չի ունենա իր բացասական նշանակությունը, ընդհակառակը, կտա հնարավորություն ավելի հստակեցնելու վարակվածների թիվը ե ավելի հեշտ կառավարելու հայտնաբերված դեպքերը», – ասաց նա։

Անդրադառնալով երկրում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին, Արա Բաբլոյանը նշեց, որ դրանք, իր կարծիքով, անհրաժեշտ են եւ չի կարելի հույսը դնել միայն բնակչության գիտակցության վրա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մենք տարբեր զարգացած երկրների փորձով տեսանք, որ դա չի տալիս ցանկալի արդյունք, եւ այդ երկրները նույնպես որոշում ընդունեցին որոշակի սահմանափակումներ մտցնելու մասին: Պահպանելով այն մոտեցումը, որ հանրային առողջապահական խնդիրները եւ տնտեսության զարգացումը խիստ փոխկապակցված են եւ չես կարող ունենալ զարգացող երկիր` առանց առողջ բնակչության, ես կառաջարկեի ծանոթանալ հետեւյալ նյութին, որտեղ շատ հարցերի պատասխաններ կան` ինչպես սովորական ընթերցողների, այնպես էլ բժիշկ-մասնագետների համար: Սա ԱՄՆ Ալերգիայի եւ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն դոկտոր Էնթոնի Ֆաուչիի հարցազրույցն է` «Նոր կորոնավիրուսային վարակի համաճարակի կես տարին» վերնագրով», – նշեց Բաբլոյանը:

news.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով