«Երբ որ կյանքում 1 հաստատություն չղեկավարած անձին 3 նախարարության ղեկավար էին նշանակում, ի՞նչ էիք մտածում».Գարիկ Ուրումյան

Երեկ՝ հուլիսի 8-ին  Հայաստանում տեղի ունեցավ վերջին տարիների ամենամեծ ցանցային կոլապսը: Մի քանի ժամով խախտվեց «Յուքոմ» ինտերնետ կապի և հեռախոսակապի օպերատորի գործունեությունը, որին տևական ժամանակ «ձայնակցեց» նաև «ՎիվաՍել» օպերատորը: Ընդամենը մի քանի օր առաջ էլ պարզվեց, որ Ադրբեջանական կայքերում են հայտնվել Հայաստանի ֆինանսական կազմակերպություններում վարկային գործարքներ արած անձանց տվյալները: Մեկ ամիս առաջ, նույն Ադրբեջանի կայքերում հայտնվեցին նաև Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց անձնական տվյալները:

Այս ամենը պարզ վկայությունն է այն բանի, որ մենք կիբերտարածությունում չզարգացած, թույլ և խոցելի ենք: Մեր անձնական կյանքի տվյալները պաշտպանված չեն: Բազմաթիվ են նաև «ներքին» տեղեկատվական արտահոսքերը:
Եվ այս պայմաններում ինչպե՞ս է կարելի խոսել  ավանդական դասապրոցեսն առցանցով փոխարինելու մասին: Սա պարզապես աբսուրդ է: Մեր դպրոցահասակ երեխաների ծնողներն այսօր իսկ պետք է պարտադրեն ԿԳՄՍ նախարարին  անել ամենայն հնարավորը, որպեսզի սեպտեմբերի 1-ին մեր երեխաները հաճախեն դպրոց և մասնակցեն լիարժեք դասապրոցեսի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե խոսենք առցանց ուսումնառության կազմակերպման մասին, պետք է ընդգծենք, որ այն ոչ միայն ներկան է կամ ապագան, այլ նաև անցյալը և արդեն իսկ կիրառվում է, ավելի քան 15 տարի: Սակայն ցավոք պետք է ֆիքսենք, որ Հայաստանը հետ է մնում աշխարհից: Առցանցն էլ կարելի է դիտարկելո  ոչ թե որպես հիմնական դասապրոցես, այլ օժանդակ միջոց:

Չկա կապի լավ որակ, չկան բավականաչափ լավ համակարգիչներ, չկա մեդիագրագետ հանրություն: Եթե ծնողներն իրենք չեն տիրապետում համացանցից օգտվելու անվտանգության կանոններին, ինչպե՞ս պիտի վերահսկեն իրենց դպրոցահասակ երեխաների վարքն ու աշխատանքը համացանցում: Փորձը ցույց տվեց, որ անգամ ուսուցիչներն այդ ամենին չեն տիրապետում:
Սակայն զարմանալի էլ չէ:

2018-ին մարդկային ամբոխը համախմբվեց մեկ ընդանուր գաղափարի՝ հեղափոխության շուրջ, սակայն ի՞նչ արժեքներ բերեց այդ հեղափոխությունը: Էյֆորիայի ալիքի վրա,  կյանքում ոչ մի ուսումնական հաստատություն չղեկավարած անձը՝ Արայիկ Հարությունյանը դարձավ ՀՀ կրթության և գիտության նախարար, այնուհետև նրա կառույցը վերածվեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, իսկ նա  դե ֆակտո դարձավ նախկինում 3 նախարարի գործառույթ իրականացնող անձի, ցույց չտալով անգամ, թե կարող է գոնե իր նախկին գործառույթը լիարժեք իրականացնել:
Երբ որ կյանքում 1 հաստատություն չղեկավարած անձին 3 նախարարության ղեկավար էին նշանակում, ի՞նչ էիք մտածում:
Ինչևէ, ծնողները պետք է հասկանան, որ այս անձից է կախված իրենց սերունդների ճակատագիրը և պիտի անցնեն գործի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ   Գարիկ Ուրումյանի ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով