Ողբամ քեզ Սևան, ողբամ քեզ բնապահպանություն.Վահագն Վարագյան

Շրջակա միջավայրի նախարարի ժ/պ-ի ասուլիսը տեսա՞ք: Ողբամ քեզ Սևան, ողբամ քեզ բնապահպանություն: Հասկանո՞ւմ եք, թե Սևանը հիմա ինչ վիճակում է և ում ձեռքերում: Այս մարդիկ նույնիսկ չեն կարողանում պատշաճ մամուլի ասուլիս կազմակերպել: Կարելի էր չէ՞ գոնե եղանակային պայմանները ճշտել, թե՞ կարելի էր, բայց ձեռնտու չէր, որ էսպես լղոզեիք և անցներ գնար: Սա մամուլի ասուլիս չէր, սա մամուլի ասուլիսի ծաղր էր: Նախարարի ժ/պ-ն այն հարցին, թե այլ հարցեր կա՞ն, ասում է՝ «ստեղ մի տեղ պահեք էլի, իջնող կա», «հնարավո՞ր է, նավաստուն ասեք՝ մի քիչ արագ քշի»: Եթե խոսենք մասնագիտական հարցերից, նախարարի ժ/պ-ն պնդում է, թե լողալու համար տարածքային սահմանափակում չկա, սիգի հետ կապված էլ նշում է, որ չունենք քանակային խնդիր, իսկ այն հարցին, թե ձուկն այս պահին վտանգավո՞ր է մարդու առողջության համար, թե՞ ոչ, պատասխանում է՝ «ոչ, ոչ, վտանգավոր չի»՝ հավելելով, որ հետազոտություն չի իրականացվել, և որ դրա իրականացումը շատ բարդ է: Հարց է առաջանում չէ՞՝ այդ դեպքում ինչի՞ վրա եք հիմնվում՝ հերքելով ձկան վնասակարությունը, դեռ մի բան էլ նախատեսում եք ձուկն ուղարկել բանակ: Իսկ տարածքների մաքրման հարցում ֆիքսվեց, որ նախատեսված 750 հեկտարից մաքրված է միայն մոտավորապես 150 հեկտարը: Լրագրողի մտահոգությանը, թե այսքան կարճ մնացած ժամանակահատվածում կհասցնեք արդյո՞ք ևս 600 հեկտար մաքրել, նախարարի ժ/պ-ն պատասխանում է՝ «պետք է նենց անենք, որ հասցնենք», լրագրողը շարունակում է հարցադրումը՝ «իսկ եթե չստացվի՞»: Ի պատասխան դրան հնչում է նախարարի ժ/պ-ի «պետք է նենց անենք, որ չստացվել չլինի» պատասխանը: Մի խոսքով՝ անպատասխանատու բաժակաճառեր: Եվ այսպես. երեք տարվա կյանք ունեցող Սևանի ճահճացման պրոցեսների մասին տրված մամուլի ասուլիսից ի՞նչ ենք ֆիքսում. բոլոր հարցերը գտնվում են քննարկման, բանակցությունների և փաստաթղթերի փուլում, ոչ մի ռեալ գործընթաց այս պահին չի իրականացվում:
Ի՞նչ ունենք այս պահին.
1. Ունենք ճահճացող Սևան:
2. Ունենք կրճատվող ձկնապաշարներ և անհետացման եզրին կանգնած ձկան տեսակներ:
3. Ունենք անսահմանափակ քանակությամբ ցիանոբակտերիաներ:
4. Ունենք բույսերը բակտերիաներից ու ջրիմուռներից չտարբերող որոշում կայացնող պաշնոնյաներ:
Սա սովորական խայտառակություն չէ, սա աղետ է, ուղղակի աղետ:

Վահագն Վարագյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով