Սերժ Սարգսյանը ճիշտ էր, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ սխալ. Վերադարձ Վիեննայի, Սանկտ-Պետարբուրգի և Ժնևի պայմանավորվածություններին

2020 թվականի հուլիսի 12 Ադրբեջանը հերթական անգամ խախտեց հրադադարը և իր սանձազերձած ագրեսիայով երիցս ապացուցեց, որ պաշտոնական Բաքվից պարբերաբար հնչեցվող ռազմատենչ հիստերիան ժամանակ առ ժամանակ ունենում է իրական դրսևորումներ: Հայոց բանակը վարպետորեն պատասխանեց թշնամու ագրեսիային և կատարեց իր առջև դրված ռազմական խնդիրները:

Սակայն այսօր արդեն մենք տեսնում ենք, որ թշնամին չի հանդարտվում և շարունակում է խախտել հրադադարը: Ուշագրավ է, որ այդուհանդերձ Ադրբեջանական քարոզչամեքենան միջազգային հանրությանը ներկայացնում է լրիվ այլ պատկեր, թե իբր Հայաստանն է առաջինը հարձակում գործել: Այստեղ պետք է հիշեցնենք, որ նման համակարգի վերաբերյալ բանակցություններ են տարվել և շատ որոշակի համաձայնություններ են ձեռք բերվել դեռ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք: Խոսքը գնում է Վիեննայի, Սանկտ-Պետարբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների մասին, որոնք արդեն երկու տարի շարունակ սկզբունքորեն արհամարհվում են Հայաստանի օրվա իշխանության կողմից: 2017 թվականին Ժնևում անցկացվեց գագաթաժողով, որի ընթացքում նախագահները պայմանավորվեցին լարվածությունը նվազեցնելու համար լրացուցիչ քայլեր ձեռնարկել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք նաև, որ դրանից առաջ Սոչիում կայացած նախագահների մակարդակով հանդիպումների ժամանակ դեռ խոսվում էր հետաքննական մեխանիզմների մասին: Այսինքն, մոտ տասնմեկ տարի է՝ քննարկվում է այս մեխանիզմի ստեղծումը, մոտ տասնմեկ տարի է՝ եռանախագահները պնդում են և ասում են, որ այս մեխանիզմը պետք է ստեղծել, որովհետև ոչ միայն հետաքննության մեխանիզմի մասին է խոսքը, այլ այս հետաքննության մեխանիզմը կարող է լինել նաև լարվածության նվազեցման մեխանիզմ: Իսկ ով հրաժարվում է այսպիսի մեխանիզմ ստեղծելուց, իր վրա է վերցնում լարվածության և զինադադարի խախտումների ամբողջ պատասխանատվությունը։ Իսկ ո՞վ է հրաժարվում՝ Ադրբեջանը։ Այս ամենը Հայկական կողմին մեծ առավելություն տվեց: Այդ ուղղությամբ հայկական դիվանագիտությունն այնքան էր ուժեղացրել Հայաստանի դիրքերը, որ Ալիևն ամեն առիթով հայտարարում էր, որ իրեն ճնշում են և ստիպում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Սակայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանը տուրք տալով սեփական անձի կարևորությունը ամեն առիթով ընդգծելու մոլուցքին՝ հայտարարեց, որ Արցախի հիմնախնդրի լուծման գործընթացը նա «սկսել է ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իր սեփական կետից»: Այդպիսով պաշտոնական Երևանն ըստ էության հրաժարվեց Վիեննայի, Սանկտ-Պետարբուրգի և Ժնևի պայմանավորվածություններից և որոշեց հեծանիվ հայտնագործել: Մինչ օրս Փաշինյանը կարողացել է այնքան խճճել դիվանագիտական գործընթացը, որ արդեն նկատվում են ինքն իրեն հերքելու և հակասելու դրվագներ: Սկզբից նա հայտարարում է, որ չունի մանդատ բանակցելու Արցախի անունից, իսկ հետո հայտարարում է, որ Արցախը Հայաստան է և վերջ՝ այդպիսով Հայաստանին ներքաշելով պատերազմի մեջ:

Այնուհետև նա լեգիտիմացնում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը՝ 2019 թվականին Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ սեղանին նետելով «Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչներ» արտահայտությունը: Եվ այդպես շարունակ, Փաշինյանը գործում է սխալը սխալի հետևից: Եվ այդ ամենը «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար» էպիկական օքսյումորոնի ֆոնին: Բոլորիս պարզ է, որ նույնիսկ տեսականորեն չի կարող լինել այդպիսի լուծում, եթե կողմերից մեկը չգնա զիջումների: Այսօր նաև պարզ դարձավ, որ ՀՀ-ում ընդունված ազգային անվտանգության նոր ռազմավարությունը նույնպես իր մեջ մեծ վտանգներ է պարունակում Արցախի հիմնախնդրի լուծման համար: Մասնավորապես այդ փաստաթղթի մեջ տարօրինակ կերպով Արցախը չի դիտվում որպես հանրապետություն, այլ որակվում է որպես տարածք: Իսկ Արցախի հայությունը՝ որպես բնակչություն, «Արցախի ժողովուրդ»-ի փոխարեն: Սա ընդունենք ի գիտություն և փորձենք հասկանալ, թե ինչպե՞ս է տեղավորվում օրվա իշխանութւյան կողմից որդեգրված «խաղաղասիրական» կեցվածքի շրջանակներում Փաշինյանի կողմից 2020 հուլիսի 18-ն իր թվիթերյան էջում արված գրառումն այն մասին, որ Հայաստանը առաջ է քաշում հրադադարի պայմանների կատարման միջազգային մոնիտորինգի համակարգի ստեղծման գաղափարը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա ինչպե՞ս պետք է հասկանանք մոտեցումների այսպիսի փոփոխականությունը: Իր այդ գրառումով Փաշինյանն անուղղակիորեն հայտարարում է, որ Հայաստանն ուզում է բանակցային սեղանին վերադարձնել Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները: Սակայն երկու տարիների ընթացքում տարվող պարտվողական դիվանագիտության պայմաններում արդյո՞ք դա հնարավոր կլինի: Ժամանակը ցույց կտա:

Այսօր Հայկական կողմը այնքան հնարավորություններ է բաց թողել Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացում, որ Ադրբեջանին հաջողվել է ամրացներ իր դիրքերը: Ուստի դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը կցանկանա վերադառնալ իր համար ոչ բարենպաստ պայմաններին երկու տարի Հայաստանում թույլ և ապիկար իշխանության շնորհիվ երանության գրկում գտնվելուց հետո:

Եթե Փաշինյանի թվիթերյան հրապարակումն այնուամենայնիվ ձևակերպվի որպես ավելի պաշտոնական դիրքորոշում, կստացվի, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ սխալ:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով