Ռուսաստանի արձագանքը չի ուշանա

Բոլորովին վերջերս ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց Աուդիովիզուալ մեդիայի մասին օրենքի նախագիծը: Այս օրինագիծը լուրջ խոչընդոտներ է ստեղծում մասնավորապես ռուսական ալիքների հեռարձակման համար: Հենց սրա վերաբերյալ էր զայրացել Մխիթար Հայրապետյանը և լրատվականներից մեկին կես ժամ ժամանակ տվել հոդվածի վերնագիրը փոխելու համար:

Իհարկե, Մխիթարի խանդավառությունն անհետացավ, երբ նույն թեմայով տարակուսանք հայտնեց ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը: Ըստ նոր նախագծի՝ 2021 թվականից հայկական մուլտիպլեքսում կհեռարձակվեն միայն այն ռուսական ալիքները, որոնց համար կլինեն միջպետական պայմանագրեր, և բոլոր ծրագրերը պետք է կրկնօրինակվեն հայերեն լեզվով կամ ունենան սուբտիտրեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ընդ որում, այս ամենը օրվա իշխանությունը քողարկում է «լեզվի անվտանգությունը ապահովելու» առաջին հայացքից վեհ, բայց ռուսերենի դեպքում անհեթեթ պատճառաբանությամբ:

Հայաստանում ռուսերեն լեզուն ունի այնքան լայն տարածում, որ խոսել լեզվի անվտանգության մասին այս պարագայում դատարկաբանություն է: Հետաքրքրական է, որ արբանյակային հեռարձակման միջոցով ցուցադրվող ալիքներին օրենքը ոչ մի կերպ չի առնչվում: Ավելին, ՀՀ ԱԺ փոխխոսնակը իրեն բնորոշ ամբարտավան ամենագետի կեցվածքին հավատարիմ մնալով հայտարարում է, որ Երևանի և մեծ քաղաքների բնակիչների մեծ մասը դիտում է արբանյակային հեռուստատեսություն: Հայտնի չէ, թե պարոն Սիմոնյանն այդ տեղեկությունները որտեղից է վերցրել, բայց ակնհայտ է, որ նա, մեղմ ասած, վատ է տեղեկացված այս հարցում: Ինչևե, ըստ իմքայլական պատգամավորների՝ այդ օրինագիծը հետապնդում է զուտ տեխնիկական, այլ ոչ թե քաղաքական նպատակներ:

Այս մանկամիտ մեկնաբանությունն իհարկե ոչ ոքու չի կարող համոզել: Այսօր իշխանության ցանկացած քայլ, որի արդյունքում թեկուզ աննշան խնդիր է ստեղծվում Ռուսաստանի՝ Հայաստանում ներկայացված լինելու հարցում, դիտվում է որպես քաղաքական: Փաշինյանն ու իր խունտան ամեն ինչ արեցին դրա համար: Վերջին ժամանակների անթաքույց հակառուսական դեմարշների շարքը այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել: Այս հակառուսական հիստերիայի վերջին ցայտուն դրսևորումներն են եղել Մեծամորի ատոմակայանի վերանորոգման և սպասարկման աշխատանքների համար ավանդաբար Ռուսաստանի կողմից տրամադրվող վարկից հրաժարվելը և հայտնի օդիոզ և մարգինալ քաղաքական ակտիվիստ Նավալնիի՝ Հ1-ի եթերում հայտնվելը: Այո, հենց այն Նավալնիի, ով համարում էր, որ թեև Թուրքիայում մեկ դար առաջ սպանել են հայերի, սակայն 100 տարի անց այդ հարցը թմբկահարելը ծիծաղելի է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր արդեն շրջանառվում են լուրեր 102-րդ ռազմաբազան փակելու մասին: Դա, իհարկե, կլինի հայ-ռուսական հարաբերությունների կործանման կուլմինացիան, որից հետո կունենանք ողբերգական զարգացումներ: Արձանագրենք, որ հայ-ռուսական հարաբերություններն այսօր այնքան վատ վիճակում են, որքան երբեք չեն եղել: Այն տրամաբանությունը, որի շրջանակներում գործում է Հայաստանի օրվա իշխանությունը փաստացի հակասում է վերջին 20 տարիների ընթացքում զարգացած և ընդլայնված հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների սկզբունքներին: Եվ այս ամենը տեղավորվում է տարածաշրջանում արևմուտքի կողմից տարվող հակառուսական դիվանագիտության տրամաբանության մեջ:

Այլևս անհերքելի է, որ Հայաստանը Փաշինյանի թեթև ձեռքով դարձել է Ռուսաստանի դեմ օգտագործվող գործիք: Բայց Փաշինյանն իրականությունից կտրված լինելով՝ մոռանում է, որ գործիքը կարող է նաև երկկողմանի սրված լինել: Վստահաբար Ռուսաստանի արձագանքը չի ուշանա, և այդ պարագայում կորոնավիրուսի դեմ տապալված պայքարի և տնտեսական ճգնաժամի ֆոնին օրվա իշխանության հակառուսական հիստերիան կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ:

Նատայլա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով