Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի դատական նիստը

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական հերթական նիստում, դատարանը քննության դրեց հուլիսի 23-ին տեղի ունեցած դատական նիստում մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի ներկայացրած միջնորդությունը՝ պաշտպանական կողմի՝ տարբեր տեսակի միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքը սահմանափակելու վերաբերյալ:

Քրգործով ամբաստանյալ, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը միջնորդեց քննության չառնել դատախազության՝ երկու շաբաթ առաջ ներկայացրած միջնորությունը, քանի դեռ 2019 թվականի օգոստոսի 22-ին ներկայացրած իր միջնորդությունը քննության չի առնվել: Նշենք, որ Մեժլումյանի միջնորդությունը վերաբերում է քրգործը կարճելուն և ՍԴ ուղարկելուն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դատավոր Աննա Դանիբեկյանն էլ որոշեց, որ դատախազության ներկայացրած միջնորդությունը ենթակա է առաջնահերթ քննության, իսկ Կարեն Մեժլումյանի ներկայացրած միջնորդությանը դատարանը կանդրադառնա ավելի ուշ:

Նախ առարկություն ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝  «քրեական դատավարության ընթացակարգերը անտեսելու և ամբաստանյալներին պաշտպանության իրավունքից զրկելու դատախազության ներկայացրած միջնորդության դեմ»:  Պաշտպանի խոսքով՝ դատախազության պնդումը, թե իրենք չարաշահում են իրենց իրավունքը կամ նույնաբովանդակ միջնորդություններ են ներկայացնում, իրականությանը չեն համապատասխանում:

Խուդոյանի խոսքով՝ մեղադրող դատախազը ներկայացնում է տվյալներ, որոնք ոչ թե սխալ են, այլ սուտ: Ըստ փաստաբանի՝ դատախազներին քաջ հայտնի են ինքնաբացարկի միջնորդությունների  հիմքում դրված հանգամանքները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խուդոյանի՝ դատախազության պնդումներին «սուտ» որակում տալը բարկացրեց դատախազ Գևորգ Բաղդասարյանին, որն էլ դատարանին հորդորեց կարգի հրավիրել կողմին, հակառակ դեպքում ինքն էլ համանման որակումներով հանդես կգա։

«Փոխարենը դիմի Ձեզ, որ դուք համապատասխան արձագանք տաք, Դուք էլ որոշեք՝ այդտեղ անհարգալից բան կա՞, անհարգալից բան չկա՞, ինքը՝ մեղադրողը, արդեն Ձեր փոխարեն որոշել է, ու դատական նիստին, անտեսելով Ձեզ, բացարձակապես Ձեզ դատարանի տեղ չդնելով, ինքն իր հարցերն է փորձում լուծել պաշտպանական կողմի հետ, մի հատ էլ ինչ-որ կիսասպառնալից կամ իրականում սպառնալից բաներ ա ասում: Մեզ պետք չի սպառնալ, մեզ էնքան են սպառնացել, էդ թվում՝ նաև Ձեր գիտությամբ, որ արդեն ինչ էլ սպառնաք, նորություն չի լինելու: Համ էլ իմացեք՝ ում եք սպառնում»,- դատախազի արտահայտություններին անդրադառնալով՝ ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ, դիմելով դատարանին, առաջարկեց՝ եթե դատարանը փաստաբանի արտահայտություններում կգտնի որևիցե անհարգալից արտահայտություն, ապա թող փորձի նաև վերհիշել, թե արդյոք նույն արտահայտությունն այս դատական դահլիճում հնչե՞լ է դատավարության մասնակիցների կողմից, թե՞ ոչ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով