Փոխշահավետ օրակարգ ձևավորելու խնդիր կա. Աբրահամ Գասպարյանը հայ-ուկրաինական հարաբերությունների մասին

-Report.info-ի զրուցակիցն է հեռուստամեկնաբան և քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը

— Ինչպե՞ս եք գնահատում պաշտոնական Կիևի և Երևանի ներկայիս հարաբերությունների մակարդակը, արդյոք դա համապատասխանում է երկու երկրների ներուժին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

— Հաջորդ տարի՝ 2021-ին լրանալու է միջպետական հարաբերություններն ավելի պրակտիկ ռելսերի վրա դնելու պայմանագրի քառորդ դարը: 1996-ին կնքված Բարեկամության ու համագործակցության պայմանագիրը իրավական լավ հիմք էր հետխորհրդային այս երկու պետությունների համար՝ զարգացնելու տնտեսական կապերը, ինչը, ցավոք, ակնկալվող մակարդակի վրա չի գտնվում: Կան բազմաթիվ պատճառներ՝ արտաքին քաղաքական տարբեր օրակարգերից մինչև ենթակառուցվածքների բացակայություն, հայկական սփյուռքի ներուժի ոչ ամբողջական օգտագործում և ամենակարևորը՝ համատեղ տնտեսական շահի ձևակերպման բացակայություն: ՀՀ-ում չգիտեն ինչ են ուզում Ուկրաինայի նման երկրից, նույնը կարելի է ասել Կիևի մասով: Ուկրաինական հետաքրքրությունները Հարավային Կովկասում հայտնի են, հարևան պետություններում ունեն ներդրումներ, բիզնեսներ, շահագրգռություններ, լոգիստիկա, բանկային սեկտոր…բայց Հայաստանում չունեն օրակարգ: Ակտիվ են, աննշան, ՀԿ դաշտում, բայց դա միջպետական հարաբերությունների որակի վրա չի ազդում: Կիևը նայում է դեպի եվրաատլանտյան խորը ինտեգրացիա, ամերիկյան/եվրոպական ուղղություն, ինչն այնքան էլ համատեղելի չէ երևանյան ակնկալիքների ու աշխարհաքաղաքական օբյեկտիվ առաջնահերթությունների հետ: Երկու ժողովուրդների միջև կա համակրանք ու անցած ճանապարհ, պատմություն, որն իրապես փայլուն էջեր է ունեցել: Միջպետական հարաբերություններում կա փոխադարձ հասկացվածության պակաս: Կիևում խանդով են նայում ՀՀ-ՌԴ հարաբերություններին ու միջազգային հարթակներում Երևանի քվեարկությանը, ՀՀ-ում էլ ցավով են տանում արցախյան հակամարտության հարցում Կիևի դիրքորոշմանն ու Բաքվի արսենալը համալրելուն: Ի՞նչ անել. Անհրաժեշտ է բանակցել, դուրս գալ պաթոսից ու արարողակարգային տեքստերից, ձևավորել համատեղ օրակարգ, որի առաջնային բաղադրիչը կլինի տնտեսական փոխադարձ շահը: Երևանը կարող է այս առումով ուկրաինական ապրանքի համար շահավետ պատուհան լինել դեպի Մերձավոր Արևելք՝ Իրանի միջոցով: Պետք է խոսել, ոչ թե մամուլի կամ երրորդ կողմի միջոցով իրար մեսիջներ հղել:

— Ի՞նչ դեր ունի հայ համայնքը Ուկրաինայի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման գործում:

— Երևանի ու Կիևի հարաբերությունները համեմատաբար ավելի կարճ են, քան երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների դարերի կտրվածքով: Դեռ Առաջին հանրապետության տարիներին էր հայ դիվանագիտությունը հասկացել Ուկրաինայի հետ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունը: Թիֆլիսում Երևանի դեսպանությունը 1918-ից կապեր է հաստատել Կիևի հայկական կոմիսարիատի կոլեգիայի հետ: Ուկրաինայի Ռադայի Անդրկովկասի ներկայացուցիչն էր, եթե չեմ սխալվում, առաջինն առաջարկել՝ Հայաստանի հետ ստեղծել առևտրական պալատ և անգնահատելի համարել Կիևում ՀՀ կոմիսարի մասնագիտական որակներն ու ակտիվ դերը երկկողմ կապերն ամրապնդելու հարցում: Այսինքն՝ կան բոլոր նախադրյալները կապերն ամրապնդելու և ապավինելու հայկական սփյուռքի ներուժին: Ես անձամբ գիտեմ, թե մեր ուկրաինահայ համայնքն ինչ դժվարությունների միջով է անցնում՝ չեզոքացնելու թուրք-ադրբեջանական տնտեսական ու քաղաքական տանդեմի հակահայկական ազդեցությունը: Մեր փորձագիտական միտքը Ուկրաինայում բավական ազդեցիկ է ու որակյալ: Շինարարությունից մինչև բիզնես՝ հայերը կուտակել են փորձ, բարի համբավ ու վստահություն: Դեռ չեմ խոսում ուկրաինահայ գիտական մեծ պոտենցիալի մասին, որն ունի մեծ նվաճումներ: Այս ներուժը պետք է ցուցակագրել ու անցնել աշխատանքի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

— Ինչպի՞սին եք տեսնում հայ-ուկրաինական հարաբերությունները և որքա՞ն կարևոր է Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման համար:

— Տեսե՛ք: ՀՀ-ն և Ուկրաինան ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում գործընկերներ են: Եվրոպական ուղղությունը Կիևն ամրագրել է օրենսդրորեն, ինչը թույլ կտա Երևանին՝ ինտենսիվացնել կապերն այդ շրջանակում: Բացի այդ, ՀՀ-ն և Ուկրաինան կարող են և պարտավոր են գործակցել նաև առանց երրորդ կողմի միջնորդության: «Բոգդաններից» պետք է անցնել լուրջ օրակարգերի, ներդրումների մեծ փաթեթների: Կիևը որքան մոտենա Երևանին, Երևանը չի մերժի այդ ձեռքը: Տպավորությունը, թե Հայաստանում չեն ուզում Ուկրաինայի հետ խոր հարաբերություններ ունենալ, միֆ է, ստահոդ լուր և ջուր է լցնում թուրք-ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին: Հասկանալի է՝ Անկարան, որ մոտ 15 տոկոս մասնաբաժին ունի Ուկրաինայի հետ առևտրատնտեսական հարաբերություններում, չի ցանկանա մեկ այլ խաղացողի տեսնել այդ դաշտում, թեև հայկական արտադրանքը չի էլ կարող ոտք գցել թուրքականի հետ: Բայց հայկական համայնքի որակյալ ներկայությունն Ուկրաինայում կարող է կոմպենսացնել այդ խնդրի դեֆիցիտը: Կամքը կա, կարծում եմ՝ երկուստեք, կապիտալի խնդիր չկա, կա համատեղ փոխշահավետ օրակարգ ձևավորելու խնդիր և երկկողմ կապերը երրորդ երկրի հետ չկապելու անհրաժեշտություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով