Փաշինյանի միակ հենարանը մնացել է ոստիկանությունը

Երեկ կեսօրից սկսած Տավուշի մարզից մտահոգիչ լուրեր սկսեցին գալ թշնամու կողմից սահմանին տարօրինակ գործողությունների մասին: Այնուհետև իմացանք, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունենում հրետանակոծություն ադրբեջանական կողմից: Այսօր կեսօրին հրապարակվեց պաշտոնական տեղեկատվություն այն մասին, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը պարբերաբար շարունակում է սրել իրավիճակը:

Փաստենք, որ Հայոց բանակը պատվով լուծում է իր առջև դրված խնդիրները: ՀՀ զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը սահմանագոտում։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Փաստենք նաև, որ սա ոչ մի կերպ չպետք է կապել Հայաստանի քաղաքական իշխանության հետ, այլ միայն ու միայն Հայոց բանակի հրամանատարների և զինվորների պրոֆեսիոնալիզմի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքական իշխանությունն այս ամենի մեջ ամենաթույլ օղակն էր:

ԱԳՆ կողմից հրապարակված լղոզված արձագանքը ակնհայտորեն ասում է այն մասին, որ քաղաքական իշխանությունը չի պատրաստվում կոշտ դիրքորոշում դրսևորել այս հարցում, մինչդեռ այսպիսի իրավիճակներում քաղաքական արձագանքը պետք է նույնիսկ ավելի կոշտ լինի, քան ռազմականը: Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից անորոշ արձագանքը Ադրբեջանում ոգևորություն է առաջացրել այն կապակցությամբ, որ Հայաստանի իշխանությունը չի տիրապետում իրավիճակին:Հատկապես, երբ Կառավարության նիստին Փաշինյանը գրեթե փորձ արեց արդարացնել ադրբեջանցի զինվորականներին՝ ենթադրելով, որ միգուցե նրանք մոլորվել են և հետո վերադարձել են իրենց մեքենայի հետևից:

Այս ամենի ֆոնին այսօր օրը լեցուն էր զանազան հայտարարություններով, որոնցից աչքի են ընկնում երկուսը: Աննա Հակոբյանը ա-լյա ռազմական համազգեստ աութֆիթով, դաշտային ծաղիկները ձեռքին հերթական անգամ ցույց տվեց իրեն՝ խաղաղության կոչերով ուղերձ հղելով ադրբեջանցի մայրերին: Այս պոպուլիստական հնարքը առաջին անգամ չէ, որ կիրառվում է տիկին Հակոբյանի կողմից և ամեն անգամ շատ կոշտ արձագանք է ստանում Ադրբեջանի կողմից: Նույնը եղավ այս անգամ: Մեհրիբան Ալիևայի պատասխանը չուշացավ և այն բառացիորեն այսպիսին էր՝ «Наша земля, наша борьба за Родину священны! Наше дело правое и Бог с нами! Враг получил отпор и так будет всегда!»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսպիսով Աննա Հակոբյանը և իր հետ նաև ամբողջ Հայաստանը հայտնվեց շատ անհարմար դրության մեջ: Ստացվեց, որ Հայաստանի վարչապետի տիկինը մուրում է խաղաղություն: Այստեղ պետք է հիշեցնենք օրվա իշխանությանը և մերձիշխանական օղակներին, որ մենք երկու անգամ հաղթել ենք Ադրբեջանին և ուստի չպետք է մուրանք խաղաղություն: Աննա Հակոբյանի այս քայլը հատկապես անլուրջ, վնասակար և ծիծաղելի է Սերժ Սարգսյանի կողմից վերջերս հնչեցված այն խոսքի ֆոնին, որ Ալիևները դեռ մուրալու են խաղաղություն: Իսկ երկրորդ հատկապես ուշագրավ հայտարարությունը ստացվեց ՔՊ պատգամավորի օգնական հանդիսացող Բաբկեն Գրիգորյանի ՖԲ էջից, որտեղ այս երիտասարդը բոցաշունչ ադրբեջանամետ գրառում էր արել, որտեղ Հայոց բանակի կողմից Ադրբեջանի ագրեսիան կանգնեցնելու ընթացքում սպանված ադրբեջանցի զինվորներին անամոթաբար անվանել է «նահատակներ» և լալահառաչ կոչեր է արել հայերին դադարել տարածել ատելություն: Ավելին, մեր բոլորիս հայրենասիրական մղումները անվանել է «պաթոսախառը աղբ»:

Այ սա է օրվա իշխանության իրական դեմքը, սրանք են նոր Հայաստանի ներկան կերտողները: Դատելով նրանից, որ գրառումն արդեն մի քանի ժամ է ինչ առկա է և չի ջնջվել նրանից հետո, երբ ամբողջ համացանցը ողողվեց խիստ դատապարտող մեկնաբանություններով, կարելի է եզրակացնել, որ այս երիտասարդը ոչ միայն իր անձնական կարծիքն է հայտնել, այլ միգուցե նաև իր ղեկավարները նույն մտքին են:

Այս ամենի ֆոնին այսօր տեղի ունեցավ ՎԵՏՈ շարժման ղեկավար Նարեկ Մալյանի միայնակ ակցիան, որը գրեթե չսկսված ավարտվեց Նարեկ Մալյանի ձեռբակալությամբ: Սա ուղեկցվեց նաև Ադեկվատ միաբանության ներկայացուցիչներին բերման ենթարկելով: Այս ամենը վկայում է այն մասին, որ Փաշինյանը և իր խունտան ապրում են ամենօրյա վախի ռեժիմով և սարսափում են նույնիսկ մեկ մարդու կողմից բողոքի ակցիա իրականացնելուց:

Արձանագրենք, որ Փաշինյանի միակ հենարանը մնացել է ոստիկանությունը: Օրվա իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հասկանում է, որ իրենց իշխանության մնալու միակ երաշխիքը արտակարգ դրությունն է, ուստի այն ևս մեկ ամսով երկարացվեց:

Այլևս կասկած չկա, որ արտակարգ դրության իրավական ռեժիմից դուրս գալու նույն օրը Հայաստանը ողողվելու է բողոքի ակցիաներով, ինչը երիցս ապացուցելու է անձամբ Փաշինյանի ընկած վարկանիշը և իշխանության ոչ լեգիտիմ լինելը: Փաշինյանի իշխանության համար իրավիճակը թեժանում է: Ալիևը բոլորովին վերջերս հայտարարեց, որ եթե բանակցությունները այսպիսին պետք է լինեն, ապա նա հանգիստ կարող է դուրս գալ բանակցային գործընթացից և Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» վերականգնել այլ եղանակով: Կիզակետին է հասել երկրի ներսում հանրային դժգոհությունը և յուրաքանչյուր օր, որ երկարացվում է արտակարգ դրությունը, այդ դժգոհությունը ավելի է մեծանում, ինչը հղի է լուրջ հետևանքներով:

Հայաստանը ոտնակոխել է տնտեսական ճգնաժամի շրջան, որն ուղեկցվելու է նաև սահմանադրական ճգնաժամով, այն դեպքում, եթե անօրինական եղանակով այնուամենայնիվ նշանակվեն ՍԴ նոր դատավորներ: Արձանագրենք, որ այս իրավիճակը նոր չի ձևավորվել: Այս վտանգի մասին մենք զգուշացնում էինք դեռ տարվա սկզբին: Ցավոք, իշխանությունը չցուցաբերեց քաղաքական ողջամտություն և գերադասեց իր քաղաքական օրակարգը երկրի և ժողովրդի անվտանգությունը երաշխավորելուց:

Եվ այսօր ունենք այն, ինչ ունենք:

                                                                                                          Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով