Նոր Սահմանադրությունը պետք ստեղծվի ոչ թե կոնկրետ անձի քաղաքական ուժի ճաշակով ու «հագով», այլ լուծի ժողովրդի իշխանությունն ամրացնելու հարցը․ Նիկոլ Փաշինյանի ուղեձը՝ Սահմանադրության օրվա առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է Սահմանադրության օրվա կապակցությամբ: Վարչապետի գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս: Պետք է անկեղծ արձանագրել, սակայն, որ ինչքան էլ բոլորս հասկանում ենք Սահմանադրության կարևորությունը պետության կայացման, հանրային և պետական հարաբերությունների կարգավորման գործում, այս պետականորեն նշվող օրվա մեջ ինչ-որ կիսատություն կա, լիարժեքության պակաս:

Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ երեք անգամ պաշտոնապես արձանագրվել է, որ ժողովուրդը հանրաքվեով ընդունել է Սահմանադրություն, կամ սահմանադրական փոփոխություններ: Բայց այդ հանրաքվեներից ոչ մեկի արդյունքները վստահելի չեն համարվել հանրության կողմից: Հայաստանի քաղաքացիները իրենցը չեն համարել Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու որոշումը, իրենցը չեն համարել նաև այդ որոշումների արդյունքում ընդունված Սահմանադրությունը:

Սա մեր պետական կառույցի ամենամեծ համակարգային թերությունն է, որովհետև Սահմանադրությունը, ըստ էության, քաղաքացիների պայմանավորվածություն պիտի լինի քաղաքացի-քաղաքացի, պետություն-քաղաքացի հարաբերությունների մասին: և ըստ այդմ, պետական կարգը պետք է բխի քաղաքացիների կամքից, պետական կարգի հիմքում պետք է քաղաքացիների կամարտահայտությունը դրված լինի, ինչը պետության անսասանությունը երաշխավորող գործոն պիտի դառնա, պետության ճակատագրի համար քաղաքացիների ստանձնած պատասխանատվության արգասիք, պետություն ունենալու քաղաքացիների կամքի արտահայտություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հատկապես վերջին շրջանի մի շարք իրադարձությունների վերլուծությունը ինձ հանգեցրել է այն մտքին, որ Հայաստանի քաղաքացիները երկրի պետական կարգը հաճախ իրենցը չեն համարում, չեն տեսնում այդ կարգի օրգանական կապը իրենց կամքի հետ:

Ու չնայած, իմ դիրքորոշումը եղել է այն, որ Սահմանադրության հաճախակի փոփոխությունները անհարկի սթրեսի են ենթարկում պետական համակարգը, Սահմանադրությանը անընդհատ փոփոխությունները բերում են անորոշությունների, նախորդ պարբերության մեջ նշված հանգամանքների գիտակցումը ինձ բերել է այն եզրակացության, որ մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, որը քաղաքացիների կամքի վրա հենված, քաղաքացիների կամքից բխող պետական կարգ կհաստատի Հայաստանում:

Նոր Սահմանադրությունը, ըստ այդմ, պետք ստեղծվի ոչ թե կոնկրետ անձի, անձանց, քաղաքական ուժի կամ խմբի ճաշակով ու «հագով», ոչ թե որևէ իշխանության վերարտադրությունն ապահովելու նպատակ պետք է ունենա, այլ ժողովրդի իշխանությունը ամրացնելու, ժողովդրի կամքից բխող պետական կարգ ունենալու և պետություն ունենալու քաղաքացիների կամքը արտահայտելու ռազմավարական հարցը պետք է լուծի:

Այս գործընթացը մեկնարկած է, հույս ունենք նոր Սահմանադրության նախագծի ձևավորումը կանցնի հնարավորինս լայն հանրային քննարկում և 2021 թվականին կայանալիք հանրաքվեով կընդունվի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ: Այս կարևոր գործում բոլորիս հաջողություն եմ մաղթում»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով