Միջնադարյա ազգային մեծերն ու սրբերը ձեր ապիկարության մեջ մեղավոր չեն

Չափազանց հեշտ է մարդկանց համոզելը, որ նրանք ավելիին են արժանի, որ նրանց ձախորդության կամ դժբախտ լինելու մեջ մեկ այլ անձ կամ երևույթ է մեղավոր, որը պիտի փոխվի, վերացվի: Իսկ սեփական սխալները, բացթողումները, ապիկարությունն ընդունել և աճելու և զարգանալու ձգտում ունենալը՝ ահավոր դժվար է:

Մարդիկ ունակ են հեղափոպություններ անելուն, իրենց նմանների դեմ դատապարտող ցուցմունքներ տալուն, գնդակահարելուն, սրի քաշելուն, աքսորելուն, սակայն ո՛չ սեփական բացթողումները խոստովանելուն: Եվ այդպիսի անձանց լուռ համաձայնությամբ և աջակցությամբ է, որ այսօր «հեղափոխական» ԿԳՄՍ աշխատակիցները որոշել են գլխիվայր փոխել դպրոցների ուսումնական պլանները: Գրականության 7-12-րդ դասարանների ծրագրից հանվում է Ոսկեդարի հայ գրականությունը, (Շնորհալին, Նարեկացին, Քուչակը և ոչ միայն), փոխարենը անհասկանալի հանգամանքներում ծրագրում ընդգրկվել են մի քանի ժամանակակից հայ արձակի գործեր և համաշխարհային դասականներ: Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծի մեջ այդ բանին որպես արդարացում մասնավրապես նշվում է. «Արդի աշխարհում տեխնիկայի և գիտության սրընթաց զարգացումը նոր խնդիրներ է դնում կրթության առջև:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բազմաթիվ մասնագիտություններ, որոնք այսօր հարգի են, շուտով փոխարինվելու են մեքենաների և ռոբոտների աշխատանքով: Ահա այդ է պատճառը, որ հանրակարթական դպրոցում հայոց (մայրենի) լեզվի և գրականության ուսուցումը և ուսումնառությունը ևս հիմնավոր փոփոխության կարիք ունեն: Այսինքն, ԿԳՄՍ-ում հերթը հասել է ոսկեդարյան մեծերին և կարծում են, թե Մովսես Խորենացին, Եղիշեն, Կորյունը, Նարեկացին, Նաղաշ Հովնաթանը, Շնորհալին, Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, Ղևոնդ Ալիշանը, Ֆրիկն են «մեղավոր» որ Հայաստանը չի կարողանում ոտք գցել աշխարհի հետ և այդ իսկ պատճառով անհրաժեշտ է այդ ամենից հրաժարվել: Հայ գրականության դասաժամերը բեռնաթափվել են: Ասում են, թե մի քանի հեղինակների «կցել են» մյուսների հետ և երեխաները դրանք կանցնեն մյուսների հետ միասին՝ «տողատակով», իսկ հայ պատմիչներին կուսումնասիրեն հայոց պատմության դասաժամերին:

Սակայն փաստը մնում է փաստ, որ այդուհանդերծ մի շարք պատմական հեղինակներ դուրս կմնան դպրոցական ծրագրից իսկ մյուսներն էլ էապես կկրճատվեն: Դպրոցը «կբեռնաթափվի և կթեթևանա», ինչը աշակերտներին հնարավորություն կտա ազատվել միջնադարի հայ գրականությունից և ավելի շատ ժամանակ տրամադրել բնագիտական առարկաներին ու ճշգրիտ գիտություններին, օրինակ՝ մաթեմատիկային, երկրչափությանը, քիմային, կենսաբանությանը, ինֆորմատիկային և նրանք ավելի ու ավելի մեծ շանսեր կունենան դառնալու առաջատար ֆիզիկոսներ, քիմիկոսներ, ռոբոտաշինության մասնագետներ: Իրականում, այդ մի քանի ժամերն ընդամենը կարող են օգնել աշակերտին միայն մի փոքր առաջադիմություն գրանցել և ոչ թե հասնել էական արդյունքի, քանի որ խնդիրների պատճառը սա չէ: Եթե դուք քիմիկոս եք, որը չի սիրում իր մասնագիտությունը, և երբ հանվում է միջնադարյա գրականությունը, դուք կդառնաք Նարեկացի չիմացող քիմոկոս, որն էլի չի սիրի իր մասնագիտությունը: Եթե դուք ապիկար ծրագրավորող եք, որն այսօր աշխատանք չի գտնում, և հանվում է միջնադարյա գրականությունը՝ դուք կդառնաք Վարդան Այգեկցի և Մխիթար Գոշ չիմացող աշխատանք չգտնող ծրագրավորող:

Եթե դուք տնտեսագետ եք, որը չի ցանկանում զարգացնել իր հմտությունները, և հանվում է միջնադարյա գրականությունը՝ դուք կդառնաք Այգեկցի չիմացող տնտեսագետ, որն էլի ու էլի չի ցանկանալու զարգացնել իր հմտությունները: Այս անձինք, ոսկեդարյա հեղինակները, մեր ազգի մեծություններն ու սրբերն են և բացարձակապես մեղավոր չեն ձեր անհաջողոթւյունների մեջ: Դպրոցներից ոսկեդարյա գրականությունը հեռացնելով, մենք օտարում ենք այն և մատնում մոռացության, փոխարենը ձեռք չբերելով ոչինչ, ինչն էլ որ ձեռք ենք բերում, արժանի չէ դրան և տեղը չի լրացնում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով