Կյանքի, առողջության պահպանման իրավունքն առաջնային, գերակա է. Սերժ Սարգսյանի փաստաբանը՝ համավարակի պատճառով ամբաստանյալների դատարան չներկայանալն անհարգելի համարելու մասին

Կյանքի, առողջության պահպանման իրավունքն ամեն դեպքում առաջնային է, գերակա է: Այս մասին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուների գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե դատարանն ասաց, որ հաջորդ դատական նիստերից սկսած, համավարակով պայմանավորված, ամբաստանյալների չներկայանալը հարգելի չի դիտարկի:

Մակինյանը նշեց, որ համամիտ չէ դատարանի այդ գնահատականների հետ. «Համավարակի դեմ պայքարում ձեռնարկված միջոցառումները որևէ արդյունք այս պահի դրությամբ չեն տվել, ու այն հորդորները, որ արվում են, փոփոխվում են: Այսօրվա դրությամբ դեռևս պարզ չէ, թե այս համավարակը ինչի հետևանքով չի կասեցվում, ընդհակառակը՝ ավելանում է»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստաբանի դիտարկմամբ՝ մարդկանց կյանքը և առողջությունը ռիսկի տակ դնելն առնվազն ընդունելի չէ: «Այսօր պաշտոնապես հայտարարվում է, որ առողջապահական համակարգում վերակենդանացման բաժանմունքներն ամբողջ ծավալով ծանրաբեռնված են: Եթե որևէ մեկը վարակվի և առաջնային բուժօգնության կարիք ունենա, կարող է մեծ ռիսկ առաջանալ: Հետո նաև արձանագրվեց, որ սպասենք՝ օրը 10 հոգի մահանալու են. հռետորական հարց՝ ո՞վ է ուզում այդ վիճակագրությունը լրացնել: Սա աբսուրդ է, ֆորմաժորաին իրավիճակ է, որին պետք է շատ լուրջ վերաբերվել»,-ասաց Մակինյանը:

Դիտարկմանը, թե դատարանը հայտարարել է, որ հնարավոր է սոցիալական հեռավորություն պահել և բացի այդ հայտնի չէ՝ որքան կտևի այս վիճակը, Մակինյանն արձագանքեց. «Ես երկու շահի մասին խոսեցի՝ արդարադատության շահ, որի մեջ մտնում են նաև գործի ողջամիտ քննության ժամկետները, և մարդու առողջության պահպանման և կյանքի իրավունք: Երկրորդը բոլոր շահերից բարձր է, բոլոր իրավունքները կյանքի իրավունքից հետո են ծնվում»,-ասաց նա, ապա հավելեց, թե կսպասեն մինչ հաջորդ դատական նիստը՝ օգոստոսի 6-ը:

«Միգուցե էպիդեմիկ իրավիճակն այնպիսին է լինում, որ որևէ խոչընդոտ չի առաջանա, որովհետև առաջին շահագրգիռը մենք ենք, որ հանրությունն էլ տեսնի, թե ինչ քերական գործ է քննվում»,-ասաց Մակինյանը՝ նշելով, թե մեղադրանքն անհիմն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով