Կրե՞լ դիմակ, թե՞ չկրել դիմակ. բժիշկների փոխարեն որոշում է պարետը

Այսօր պարետատունը հրապարակել է նոր որոշում, որն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 8-ից՝ ժամը 23:59-ից: Այս որոշումը երկար սպասվածներից էր, թեպետ դարձյալ կիսատ է և ուշացած, ինչպես պարետատան բոլոր քայլերը: Որոշման մեջ մասնավորապես ասված է, որ խրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի խրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ:

Բացի նրանից, որ այս որոշումը խիստ ուշացած է, այն նաև առաջացնում է մի շարք օրինաչափ հարցեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1. Եթե հնարավոր էր խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց ազատել դիմակ կրելու վտանգավոր պարտադրանքից, ապա ինչու՞ դա չի արվել հունիսի 4-ին, երբ ուժի մեջ մտան արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններն ու լրացումները և բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր դարձավ։ Չէ՞ որ այդ նույն խստացումները նախատեսում էին բացառություններ որոշ խմբերի համար՝ մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները ազատված էին դիմակ կրելու անհրաժեշտությունից։Ուստի, եթե այդուհանդերձ հնարավոր էին բացառություններ, ինչու՞ առաջին հերթին բացառություն չարեցին խրոնիկ հիվանդություններ ունեցողների համար:

2. Ի՞նչ է փոխվել այսօր, որ պարետը հանկարծակի որոշեց նշված խմբերից քաղաքացիների ազատել դիմակ կրելու պարտադրանքից: Ստացվում է, որ հունիսի 4-ից սկսած այդ մարդկանց առանց իրական պատճառի տանջում էին և տուգանում էին: Եթե սկզբունքորեն այդ մարդկանց կարելի էր դիմակ չկրել, ապա ինչպե՞ս պետք է լուծվի խրոնիկ նշված հիվանդություններ ունեցողներից այն մարդկանց հարցը, ում արդեն տուգանել են և ումից պահանջելու են տուգանքները վճարել:

3. Ինչպե՞ս պետք է պարետատունը կազմակերպի և վերահսկի ոստիկանության աշխատակիցների կողմից՝ պահանջվող բժշկական փաստաթղթերը ստուգելու և դրանցում նշված ախտորոշումը սահմանված ցուցակի հետ նույնականացնելու հարցը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք նաև, որ այս որոշումը թեպետ գովելի է, բայց պոտենցիալ վտանգ է իր մեջ պարունակում: Դիմակ չկրելու արտոնությունից օգտվելու համար մարդիկ վաղվանից կսկսեն այցելել պոլիկլինիկաներ և այլ բուժհաստատություններ համապատասխան փաստաթուղթ ստանալու համար, կգոյանան կուտակումներ, հնարավոր է վարակի բռնկում և այլ խնդիրների առաջացում: Հիմա վերադառնանք այն հարցին, թե ինչու այս որոշումը չի կայացվել մեկ ամիս առաջ : Տպավորություն է, որ պարետատունը առանձնապես իրեն նեղություն չի տվել վերլուծելու այն հետևանքները, որոնք կարող է ունենալ դիմակի պարտադիր կրումը ամառային այս շոգ եղանակին որոշ խրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիների համար: Ուշագրավ է նաև շրջանառվող այն թեզը, որ քաղաքացիներին տուգանում են, որպեսզի խրախուսեն դիմակ կրելը: Հետաքրքիր մոտեցում է խրախուսանքի գաղափարին՝ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է տուգանքը լինի խրոխուսման ձև: Այս ամենի հետ կապված կա ևս մեկ հարց, որը մենք բազմիցս բարձրաձայնել ենք, բայց պատասխան չենք ստացել:

Արդյո՞ք կա որևէ հետազոտություն, որի հիման վրա կարելի է ասել, որ առողջական խնդիրներ չունեցող մարդկանց համար եղանակային որոշակի պայմաններում դիմակ կրելը անվտանգ է կամ վտանգավոր: Մենք գիտենք, որ ԱՀԿ-ն դեռ գարնանը հրապարակել էր տեղեկատություն, ըստ որի առողջ մարդկանց կարիք չկա դիմակ կրել ամենուր, դիմակ պետք է կրեն միայն հիվանդների հետ շփվողներն ու ռիսկի խմբում գտնվողները: Ցավոք, նոր Հայաստանում հաճախակի ենք տեսնում, որ օրվա իշխանությունը խիստ կամայական է կիրառում հեղինակավոր միջազգային կառույցների ռեկոմենդացիաները՝ կախված սեփական քաղաքական օրակարգի համար դրանց օգտակար կամ ոչ օգտակար լինելուց: Հանրությունը ևս մեկ հիմնավոր հարց կարող է բարձրացնել այս կապակցությամբ: Եթե վաղը առողջական խնդիրներ չունեցող քաղաքացիների մոտ սկսվեն լուրջ առողջական խնդիրներ ի հայտ գալ շոգ եղանակին դիմակ կրելու հետ կապված, ո՞վ է պատասխան տալու դրա համար: Մի՞թե առողջապահության նախարարությունը նախարարի գլխավորությամբ չունի այդքան խոհեմություն, որպեսզի այս հարցը պատշաճ կերպով ուսումնասիրի: Թե՞ սա մի յուրահատուկ էքսպերիմենտ է, որը ներառում է ամբողջ հայ ազգը: Հով կաբինետներում նստած և օդորակիչներով ծառայողական կամ սեփական մեքենաներով տեղաշարժվող չինովնիկների մտքով անգամ չի անցնում, թե որքան դժվար է +35 ջերմաստիճանի պայմաններում, երբ մարդիկ խուճապահար եղած խուսափում են նստել հասարակական տրանսպորտ և հնարավորինս ոտքով են քայլում, կրել դիմակ նույնիսկ բաց տարածքներում՝ փողոցներում, այգիներում և այլն: Այսպիսի հախուռն, չհամակարգված որոշումներն ու գործողությունները խոսում են թե կառավարման հմտությունների բացակայության մասին և թե բժշկական գիտելիքների բացակայության մասին:

Մի՞թե Հայաստանում չկան որակավորված բժիշկներ, որոնց կարծիքը կարելի էր հարցնել դեռ գարնանը և ունենալ համապատասխան մասնագիտացված կոնսիլիումի եզրակացություն: Իհարկե, կան: Այդ բժիշկներից մի մասը բաց խոսում են այն մասին, որ իրականում համավարակից կարող է պաշտպանել միայն սոցիալական հեռավորությունը և երբեք ոչ դիմակը: Մի մասն էլ գերադասում է լռել՝ հասկանալով, որ իշխանության քիմքին ոչ հաճելի մասնագիտական կարծիքը իրենց կդարձնի ատելության թիրախ: Փաստենք, որ բացի նրանից, որ օրվա իշխանությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, հարցի տակ է նաև ամբողջ ազգաբնակչության առողջությունը, քանի որ տպավորություն կա, որ պարետատան գործողությունները հիմնված չեն մասնագետների եզրակացությունների վրա, այլ խիստ ինտուիտիվ են և չեն հիմնվում գիտական փաստերի վրա: Արձանագրենք, որ այս հարցը, որը ներկայիս ներքաղաքական և արտաքին բազմաթիվ խնդիրների ֆոնին անկարևոր է թվում, իրականում հանրությանը հետաքրքրող ամենակարևոր հարցն է:

Այստեղ մի բան է մնում շեշտել միայն՝ եթե բժիշկների փոխարեն պարետն է որոշում դիմակ կրելու-չկրելու հարցը, ուրեմն բոլոր հետագա խնդիրների համար պատասխան է տալու պարետը: Նշված հանգամանքներից ելնելով՝ կոչ ենք անում անհապաղ հանել հանրային բաց տարածքներում քաղաքացիների դիմակ կրելու պարտադրանքը և այդպիսով վտանգի չենթարկել քաղաքացիների առողջությունը:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով