Քանդել, քանդել մինչև վերջ…

«Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Սողոմոն Իմաստունի Առակների գրքից Մեսրոպ Մաշտոցի թարգմանված այս բառերը այսօր գիտի առաջին դասարանն ավարտած յուրաքանչյուր դպրոցական: Ըստ Հանրակրթական դպրոցում գրականության ուսումնառության հայեցակարգի՝ սա կլինի Մեսրոպ Մաշտոցի առաջին և վերջին նախադասությունը, որը երեխաները կսովորեն դպրոցում:

Ուսումնասիրելով ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված՝ Հայոց լեզվի և գրականության չափորոշիչների նախագիծը՝ կտեսնենք, որ մի շարք հայ գրողներ, որոնցից մի քանիսը իրենց ժամանակները ներկայացնող լուրջ ֆիգուրներ են, հանվել են 7-12-րդ դասարանների գրականություն առարկայի ծրագրից: Մասնավորապես դպրոցական ծրագրում չեն ներառվել հետևյալ հեղինակները՝ Մովսես Խորենացի, Եղիշե, Մեսրոպ Մաշտոց, Կորյուն, Գրիգոր Նարեկացի («Մատյան ողբերգության»), Նաղաշ Հովնաթան, Ներսես Շնորհալի, Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի, Ղեւոնդ Ալիշան, Ֆրիկ, Մկրտիչ Պեշիկթաշլյան, Ռափայել Պատկանյան, Ղազարոս Աղայան, Ավետիս Ահարոնյան, Սմբատ Շահազիզ, Արշակ Չոպանյան, Երուխան, Սիամանթո, Երվանդ Օտյան, Ռուբեն Սեւակ, Գաբրիել Սունդուկյան, Պերճ Պռոշյան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս հեղինակներին դեռ կվերադառնանք, իսկ հիմա եկեք անդրադառնանք Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծին (գրկանությաւն առարկայի վերաբերյալ): Սա մի փաստաթուղթ է, որով դրա հաստատվելու դեպքում պետք է առաջնորդվեն ուսուցիչները դպրոցում մեր երեխաներին գրականություն առարկան դասավանդելու ժամանակ: Հենց առաջին տողերից փաստաթուղթը ապշեցնում է իր մեղմ ասած տարօրինակ բովանդակությամբ: Մասնավորապես հեղինակները համոզված են, որ՝ «Գրականության ուսումնասիրությունը առաջարկվում է կառուցել հետևյալ սկզբունքներով. Ժողովրդավարական. սովորողը մասնակցում է ուսումնառության պլանավորմանը և դրա իրականացման գործընթացին, նրա կարծիքի և հետաքրքրությունների հիման վրա են ծրագրվում նյութի բովանդակությունը, մշակվում ընթացիկ աշխատանքները:

Անձնակենտրոն կամ սովորողակենտրոն ուսումնառություն. սովորողն ինքնուրույն է, աշխատում է հիմնականում դասարանում՝ ուսուցչի և ընկերների հետ համագործակցելով: Ուսումնառության գործընթացում շեշտադրվում են սովորողի անհատականությունը, անձնային ներդաշնակ զարգացումը, սովորելու ոճը, հետաքրքրությունների և կարիքների շրջանակը: Սովորողը նախագծում և իրականացնում է տարաբնույթ հետազոտություններ:» Դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է սովորողը մասնակցի ուսումնառության պլանավորմանը, եթե նա ծանոթ չէ ուսումնասիրվող հեղինակներին: Հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները՝ կարող ենք ենթադրել, որ աշակերտները առաջարկվող ցանկից կընտրեն ավելի քիչ էջեր ունեցող ստեղծագործությունները:

Ավելին, ինչպե՞ս կարող է սովորողը ունենալ կարծիք այն ստեղծագործության կամ հեղինակի մասին, որոնց հետ դեռ նոր պետք է ծանոթանա ուսումնական տարվա ընթացքում: «Սովորողն ինքնուրույն է, աշխատում է հիմնականում դասարանում՝ ուսուցչի և ընկերների հետ համագործակցելով» գրված է նախագծում: Արդյո՞ք սա համապատասխանում է «Գրականություն» առարկայի ուսումնասիրման սպեցիֆիկային: Ոչ, չի համապատասխանում: Գրականություն առարկան ուսումնասիրելը ենթադրում է սովորողի մոտ գրքի հետ կապ ստեղծելը, նրան գիրք կարդալ սիրել սովորեցնելը, ուստի սովորողը պետք է ոչ թե աշխատի առավելապես դասարանում, այլ սովորի ժամանակ անցկացնել գրքի հետ, շոշափել գրքի էջերի թուղթը, զգալ հոտը, պետք է գրքի հետ շփվելու իր սեփական աշխարհը կառուցի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա անդրադառնանք ծրագրից դուրս մնացած հեղինակներին, որոնք թվարկված են վերևում: Բոլոր նշված հեղինակները հայ գրականության նշանավոր ներկայացուցիչներ են, առանց այդ հեղինակների ստեղծագործությունները ուսումնասիրելու չենք կարող ասել, որ դպրոցն ավարտածը գիտի հայ գրականություն: Ավաղ, կան մարդիկ, ովքեր հետևյալ հարցն են բարձրացնում՝ արդյո՞ք պետք է, որ դպրոցում երեխաները ուսումնասիրեն ԲՈՒՀ-ական բարդության գրականություն: Այո, պետք է: Եթե նոր ծրագրի հեղինակները համարում են, որ 10-րդ դասարանում սովորողը կարող է կարդալ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբի» վեպը, ապա նա կարող է նաև ուսումնասիրել Ֆրիկի պոէզիան, քանի որ Ֆրիկը առաջինն էր, որ սկսեց գրել սոցիալական անարդարության դեմ 13-րդ դարում: Իսկ Ֆիցջերալդը ոչ մի հարցում առաջինը չի եղել, ուղղակի իր ժամանակի առավել համարձակ հեղինակներից է: Եթե կարելի է ավագ դպրոցում ուսումնասիրել Բրեդբերիի «Մարսյան քրոնիկոն» վեպը, ապա հաստատ կարելի է և անհրաժեշտ է ուսումնասիրել Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», որն աննախադեպ է իր ժամանակի համար, օրենքների ժողովածու էր, որը եզակի էր իր տեսակի մեջ: Քավ լիցի, օրվա իշխանությունը համարում է, որ նոր սերունդը չպետք է իմանա այն մասին, որ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» կիրառվել է Կիլիկիայում, Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ I-ի կողմից և 18-րդ դարում մտել է նաև վրացական Վախթանգյան օրենքների ժողովածուի մեջ: Առհասարակ տպավորություն է ստեղծվում, որ օրվա իշխանությունը նպատակ է դրել հնարավորինս սահմանափակել աճող սերնդի ինտելեկտը և զրկել մեր երեխաներին ազգային գրականության փայլուն ստեղծագործություններին ծանոթանալու հնարավորությունից:

Իհարկե սովորողները կարող են այդ ամենը ընթերցել ինքնուրույն, կասեն ոմանք: Բայց մենք հասկանում ենք, որ նշված հեղինակները սովորական հեղինակներ չեն, որպեսզի աշակերտները ընթերցեն այդ հեղինակներին, նրանց պետք է հուշող լինի: Այդ դերը նախկինում իր վրա էր վերցրել դպրոցը, իսկ այսօր նույն Մխիթար Գոշի՝ իր ժամանակի համար խիստ առաջադիմական «Դատաստանագիրքը», որը ըստ էության մի ամբողջ Սահմանադրություն էր և որի մեջ բարձրացվել են մարդու իրավունքների պաշտպանության հարցերը, փոխարինվում է Բոդլերի «Չարի ծաղիկները» ժողովածուով: Այսօր Հայաստանի Հանրապետությունում կրթությունը ծառայեցվում է հակահայկական օրակարգը առաջ տանելու համար և գործիք է դարձել ազգայինը երկրորդ պլան մղելու և նեոլիբերալ խիստ վիճելի արժեքները առաջին պլան բերելու համար: Այս ամենի ֆոնին մենք բոլորս անելիք ունենք:

Չպետք է թույլ տանք, որ մեր ազգային արժեքները, ինչպիսիք են նաև մեր հայ գրողներն ու մտավորականները, որոնց ստեղծագործությունները դեռ 12-րդ դարից առաջ էին անցնում իրենց ժամանակից և իրենց դերն են խաղացել համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործընթացում, փոխարինվեն ժամանակակից վիճելի արժեք ունեցող ստեղծագործություններով: Հայ ժողովրդի ապագայի համար ավելի կարևոր է, որ երեխաների մոտ ձևավորվի սեփական ժողովրդի կառկառուն ներկայացուցիչների համար հպարտւթյուն և ազգային ինքնության հստակ գիտակցում:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով