Ինքնության պայքար`օրվա հրամայականը

Արդեն երկրորդ տարին է, ինչ «Լույս» հիմնադրամի ֆինանսավորմամբ վերականգնողական աշխատանքներ են տարվում Ամարասի վանական համալիրում: Այս փուլում վերականգնվում և հարմարեցվում են օգտագործման համար երկու բավականին մեծ ծավալներ՝ երիցատներն ու մի քանի տնտեսական սենյակներ: Այս համալիրի պատմամշակութային նշանակությանը մենք արդեն անդրադարձել ենք հուլիսի սկզբին, երբ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով զրույց էր ունեցել վերականգնողական աշխատանքների ընթացքին տեղեկանալու համար:

Հիշեցնենք միայն, որ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դ սկզբին։ Այսօր Սերժ Սարգսյանն ընկերների հետ այցելել է Ամարասի վանական համալիր: Իրականում այս այցը կարելի էր մի սովորական իրադարձություն համարել, բայց Ամարասում Սերժ Սարգսյանը զրուցեց լրագրողների հետ՝ մասնավորապես ասելով հետևյալը. «Մենք բոլորս պարտավոր ենք հոգածություն ցուցաբերել այդ կենտրոնների նկատմամբ: Վերականգնել, վերակառուցել և մեր նախնիների ժառանգությունը փոխանցել մեր սերունդներին: Մենք պարտավոր ենք ուղղակի մեր անվտանգությունն ապահովելուն, պետությունը զարգացնելուն զուգահեռ, հատկապես, որ չնայած 21-րդ դարում ենք, բայց ցավոք սրտի հիմա էլ ոչնչացվում են հազարամյակների պատմություն ունեցող քրիստոնեական հուշարձաններ և խեղաթյուրում են, աղավաղում են պատմությունը և շատ դեպքերում փորձում են այն սեփականացնել, այ դա մենք չպետք է թույլ տանք: Ես ցանկանում եմ և շատ կարևորում եմ, որ մեր սերունդները պատշաճ տեղեկացված լինեն մեր ժողովրդի կյանքում կարևորագույն նշանակություն ունեցած հոգևոր, կրթական, մշակութային կենտրոնների մասին և սրբորեն պահպանեն այդ կենտրոններում ստեղծված անգնահատելի հարստությունը:» Սրանք բառեր են, որոնք Հայաստանի Հանրապետության օրվա իշխանության կողմից չենք լսել արդեն երկու տարի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք չենք տեսել, որ այս իշխանության օրոք վերականգնվի պատմական կամ մշակութային որևէ կոթող: Չենք լսել, որ որևէ պետական պաշտոնյա խոսի նախնիների ժառանգության պահպանման և սերունդներին փոխանցման մասին: Վաղուց արդեն մենք չենք լսում պետական պատկան մարմինների արձագանքը Վրաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում հայկական հուշարձանների ոչնչացման կամ ոչ հայկական ճանաչման փաստերի վերաբերյալ: Քավ լիցի, այսօրվա Հայաստանում մենք լսում ենք միայն հեղափոխական գործիչների կողմից հորինված ապոկալիպտիկ կեղծ կանխատեսումներ այն մասին, որ «նախկինները» քնում-արթնանում են ու երազում են իրենց ձեռքից խլել իշխանությունը ժողովրդին կեղեքելու համար:

Բայց արի ու տես, որ այն մարդը, ով իր ուսերի հետևում ունի անթիվ անհամար ռազմական գործողություններ և հաղթանակ, որը հայոց պետականաշինության կարևորագույն ֆիգուրներից է և ում մերժեց ամբոխը՝ կրկնելով փողոցային ակտիվիստների անհեթեթ վանկարկումները, չի հիասթափվել, չի ընկրկել, այլ շարունակում է իր հայրենանպաստ և ազգանվեր գործը: Եվ այս ազգանվեր գործի ֆոնին մենք այսօր ականատես ենք լինում, թե ինչպես է օրվա իշխանությունը անթաքույց հարձակումներ նախաձեռնում Հայ Առաքելական Եկեղեցու վրա, ինչպես է ազգային ինքնության գաղափարախոսությունը դիտավորությամբ հանվում դպրոցական կրթության բովանդակությունից և փոխարինվում կասկածելի արժեք ունեցող նեոլիբերալ արժեգների գաղափարախոսությամբ:

Ամփոփելով փաստենք, որ տարբերությունը ակնառու է: Այսօր մենք ունենք իշխանություն, որը 2018 թվականից ի վեր շարունակաբար մերժում է ամեն բան, որը կապված է ազգային ինքնության, հայ ժողովրդի պատմության փառահեղ էջերի, ռազմական հաղթանակների, մշակութային արժեքների հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն կա մի բան, որն օրվա իշխանությունը հաշվի չի առել՝ հայ ժողովուրդը միշտ միավորվում է դժվար պահերին, ընտրելով իրեն այնպիսի առաջնորդ, որը իր ամբողջ հոգով և ապրած կյանքով կապված է այն ամենի հետ ինչը այսօր մերժվում է:

                                                                                                                      Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով