Ի՞նչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը

Նիկոլ Փաշինյանի հուլիսի 28-ի որոշմամբ աշխատանքից ազատվել են վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մի շարք աշխատակիցներ։ Աշխատանքից ազատվել են գրասենյակի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Ավանեսյանը, Եվրոպայի հայ համայնքների վարչության Արևմտյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Նատալյա Դանիելյանը, Ամերիկայի հայ համայնքների վարչության Հարավային Ամերիկայի և Ավստրալիայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Գոհար Սահակյանը, Սփյուռքի ներուժի հաշվառման և տեղեկատվական վերլուծությունների վարչության պետ Վաղինակ Վարդանյանը, հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գրիգոր Արշակյանը, գրասենյակի համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության համահայկական և միջազգային կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ Անահիտ Դավթյանը, ինչպես նաև համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Քնարիկ Պետրոսյանը, Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը։

Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել են նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը, մերձավոր Սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Շագոյանը, համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և այլ հոգևոր կառույցների հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Սիրվարդ Համբարյանը, հայրենադարձության և հետազոտությունների վարչության հետազոտությունների բաժնի պետ Էլիզ Գևորգյանը և ԱՊՀ հայ համայնքների վարչության ՌԴ, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Էդգար Հովսեփյանը։

Ընդհանուր թվով 12 պաշտոնատար անձ: Ուշագրավ է, որ այդուհանդերձ Հանձնակատար Զարեհ Սինանյանը պահպանել է իր պաշտոնը: Այս կապակցությամբ մենեջմենտի տեսանկյունից կա թերևս միայն մեկ խնդիր՝ եթե պաշտոնատար աշխատակիցները վատ են աշխատում, ընդ որում, ինչպես որ կարող ենք հասկանալ՝ գրեթե բոլոր բաժինների ու վարչությունների ղեկավարները, ապա դա առաջին հերթին իրենց անմիջական ղեկավարի բացթողումն է: Բացթողում դեռ մեղմ է ասված: Զարեհ ՍԻնանյանը պաշտոնի է նշանակվել 2019թ. հունիսի 14-ին՝ գրեթե 14 ամիս առաջ: Եվ մենք պետք է հավատանք, որ ամեն ինչ շատ լավ էր, մինչև մեկ պայծառ օր Փաշինյանը Սինանյանի Հայաստանից բացակայության պարագայում աշխատանքից ազատում է ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 12 պաշտոնատար անձանց:

Հարգելիներս, այդպես չի լինում: Վատ կամ գրեթե զրոյական արդյունքների ականատես բոլորս ենք եղել, բայց չգիտես ինչու այս մարդիկ աշխատանքից հեռացվել են հենց այս իրավիճակում, երբ Հայաստանին օդի և ջրի նման պետք է հնարավորինս սերտ համագործակցություն Սփյուռքի բոլոր կառույցների հետ: Որքան կարողացանք իմանալ՝ գրեթե բոլոր պաշտոնանկ արված մասնագետները ունեն բավականաչափ երկար փորձ և սկսնակներ չեն այս գործում, ի տարբերություն Զարեհ Սինանյանի:

Այս լարված իրավիճակում, երբ Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցները իրենց հասանելի միջոցներով պայքարում են Ադրբեջանի և Թուրքիայի վտանգավոր ալյանսի և Ադրբեջանի ագրեսիայի դեմ  և իրենց պայքարը էլ ավելի արդյունավետ դարձնելու համար ունեն մեր օգնության կարիքը, վարչապետի պաշտոնում հայտնված անձը անհասկանալի, իսկ ավելի ճիշտ՝ բացակայող պատճառաբանությամբ գլխատում է Սփյուռքի հետ հարաբերությունների համար պատասխանատու մարմինը:Սակայն նույնքան անհասկանալի պատճառներով ցուցաբերում է բացառիկ մեծահոգություն և պաշտոնին պահում է մի մարդու, որը ըստ էության ամենաքիչ փորձն ունի Սփյուռքի հետ աշխատելու խիստ կարևոր ոլորտում:

Ամփոփենք՝ վարչապետը, հավանաբար դժգոհ լինելով նշված պաշտոնյաների աշխատանքի արդյունքներից, պաշտոնանկ է անում նրանց: Զարեհ Սինանյանը, հանդիսանալով այդ մարդկանց անմիջական ղեկավարը, ըստ տարբեր աղբյուրների՝ Հայաստանում չէ: Լինելով նշված անձանց անմիջական ղեկավարը՝ 14 ամիսների ընթացքում պարոն Սինանյանը փաստորեն չի նկատել, որ այդ մարդիկ անարդյունավետ են աշխատում և այդպիսով իրեն դրսևորել է որպես շատ վատ ղեկավար, սակայն նա ոչ մի պատասխանատվության չի ենթարկվել վարչապետի կողմից: Կարելի է նաև ենթադրել, որ վարչապետը պարզապես տեղ է ազատում իր կողմից այդքան թմբկահարված «e-գործ» ծրագրի շրջանակներում Հայաստան հրավիրված 100 “արտասահմանյան առաջատար ԲՈՒՀ-եր ավարտած” մասնագետների համար: Եթե այդպես է, ապա ի՞նչ ունենք արդյունքում:

Պատկերը հետևյալն է՝ վարչապետը առանց երկմտելու և առանց պատճառաբանության ազատվում է փորձառու մասնագետներից՝ տեղ ազատելով ինչ-որ “մասնագետների” համար, որոնց մասին ոչ ոք ոչինչ չգիտի, բացի վարչապետից և Զարեհ Սինանյանից: Հետաքրքրական է, որ այս 14 ամիսների ընթացքում այդ «e-գործ» ծրագիրը, որի մասին ըստ էության հանրությունը ոչինչ չգիտի, Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միակ արդյունքն է:

Համաձայնեք, որ 82.992.200 ՀՀ դրամի դիմաց, իսկ հենց այդքան է, ըստ տարբեր աղբյուրների, ստացել Զարեհ Սինանյանի ղեկավարած հիմնարկը նույնիսկ ոչ թե 14, այլ վերջին 7 ամիսների ընթացքում, մի տեսակ ոչ այնքան բավարար արդյունք է: Հատկապես հաշվի առնելով, որ վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած հայ-ադրբեջանական ճգնաժամի պայմաններում կորցրել ենք Սփյուռքի հետ երբեմն ունեցած սերտ կապերը, քանի որ Փաշինյանին պետք չէր “նախկինների” հետ համագործակցող և հայոց հարցի շրջանակներում պահանջատեր Սփյուռքը, իրեն պետք էր Սինանյանի նեոլիբերալ և ազգային ինքնությունը գերագույն արժեք չհամարող Սփյուռքը:

Այստեղ վարչապետին պետք է հիասթափեցնենք՝ իր երազած հայրենասիրություն չունեցող Սփյուռքը անիրական պատրանք է: Ուստի, հաշվի առնելով այս ամենը` կարող ենք արձանագրել, որ այս պատմության մեջ ինչ-որ բան այն չէ: Հուսանք, որ ժամանակը ամեն ինչ կդնի իր տեղը և հանրությունն ի վերջո կիմանա, թե ինչ մութ խաղեր են խաղում վարչապետն ու Զարեհ Սինանյանը:

Նատալյա  Սաղիյան

Друзья переслали мне сегодняшний пост Тиграна Кеосаяна об Армении, Николе и Серже.Армен Ашотян

10.08.2020

«բարսեղյան լևոնիկ,մյուս անգամ, Սերժ Սարգսյանի անունը ռեխիցդ արտաբերելուց լեզուդ անպայման կկծես ու նոր կբառաչես». Հովհաննես Խաչատրյան

08.08.2020

«Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի…».Արմեն Աշոտյան

09.08.2020

Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

10.08.2020

Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութից.Նարեկ Մալյան

08.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով