Հայաստանը երբեք խաղաղություն չի մուրալու, այլ պարտադրելու է այն թշնամուն

Երեսպաշտության անհատակ օվկիանոսի մեջ ընկղմված մերձիշխանական օղակները, որոնք իրենց դավանանքն են դարձրել նեոլիբերալ արժեքներից ամենաարատավորները, հանդիսանում են Սորոսի անվան աղանդի կառկառուն դեմքեր և ըստ էության այնքան են կորցրել կապը ազգային արժեքների հետ, որ նույնիսկ մեր թշնամիների հետ սակարկության առարկա են դարձնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կարգավիճակը և պատրաստ են հրաժարվել հայ ժողովրդի պահանջատիրությունից, այսօր երիցս ի ցույց դրեցին իրենց իրական դեմքը:

Տխրահռչակ Արսեն Խառատյանը այսօր առավոտյան մի գրառում է արել իր էջում՝ «Մինչ Շամշադինում մերոնք կասեցնում են ադրբեջանական հարձակումները, հակասորոսական «ընդդիմադիրները» առիթը բաց չեն թողնում կրկին ի ցույց դնելու իրենց անբարո էությունը:էս եք դուք, սահման չունեք, բայց վստահ եղեք` սա չի մոռացվելու…»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չենք անդրադառնա այն հանգամանքին, որ այսօրվա լարված պայմաններում Շամշադին անվանումը ամփութորեն կիրառելը տեղին չէ, քանի որ այդպիսի կարևոր մանրամասները դժվար թե հասու լինեն այն շրջանակներին, որոնք ներկայացնում է Արսեն Խառատյանը և իրեն նմանները: Սկսենք պարոն Խառատյանին հակադարձելուց՝ երկու օր շարունակ մեր հայրենիքի սահմանները պահողներին դուք իրավունք չունեք «մերոնք» անվանելու: Նրանք հայ ժողովրդի զավակներն են, այն հայ ժողովրդի, որի պահանջատիրությունից ձեր ապազգային շրջանակները պատրաստ են հրաժարվել մեր դարավոր թշնամու աչքերում լավամարդ լինելու համար:

Այնուհետև հիշեցնենք, որ պարոն Խառատյանը ներկայացնում է մի զանգված, որը 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին մեծ խանդավառությամբ տարածում էր ապատեղեկատվություն հայոց բանակում իբր տիրող ողբալի իրավիճակի մասին՝ այդպիսով ոգևորություն առաջացնելով թշնամու շարքերում: Ավելին, մինչ օրս անտեսելով ԱԺ հայտնի հանձնաժողովի աշխատանքի ավարտից հետո հրապարակված որոշ տեղեկությունները՝ ոմանք դարձյալ շարունակում են պարբերաբար շահարկել ապրիլյանի թեման հօգուտ օրվա իշխանության կեղծ օրակարգին: Այս պարսավելի դրսևորումները համեմվում են տարբեր կալիբրի մի շարք այլ պսևդո-խաղաղասեր գործիչների հայտարարություններով առ այն, որ մենք պետք է դադարենք պատերազմի քարոզը և որ մեր բոլորիս հայրենասիրական մղումները ոչ ավել ոչ պակաս պաթոսախառն աղբ են: Ոմանք նույնիսկ հրապարակավ հանդես են գալիս խաղաղություն մուրացողների դիրքերից: Հայաստանի Հանրապետությունը երբեք չի մուրացել խաղաղություն և չի անելու դա նաև ապագայում: Մենք հաղթանակած պետություն ենք, երկու անգամ հաղթել ենք մեր թշնամուն և հաղթելու ենք նաև այս անգամ: Հայոց փառապանձ բանակն ինչպես 2016 թվականին, այնպես էլ այսօր գերազանց կատարում է իր առջև դրված ռազմական խնդիրները և ձեր նմանների պաշտպանության կարիքը չունի: Վստահ կարող ենք ասել միայն մեկ բան՝ եթե հանկարծ, Աստված մի արասցե, լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն, Արսեն Խառատյանի նմանները չեն մեկնի առաջնագիծ, այլ պաղկվելով իրենց կեղծ խաղաղասիրական լոզունգների հետևում, կմնան իրենց տաքուկ օֆիսներում, կամ կչքվեն տաք երկրներ և այնտեղից կշարունակեն քննադատել հայրենասերներին:

Պարոն Խառատյանը ավելի լավ է անդրադառնար վարչապետի տիկնոջ անպատեհ և վնասակար խաղաղության կոչերին, որոնց հասցեատերերը շատ արագ արձագանքեցին և որոնց պատասխանն այնպիսին էր, որ միջազգային հանրության մոտ ստեղծվեցին շատ սխալ պատկերացումներ Հայաստանի Հանրապետության մասին: Եթե պարոն Խառատյանը և բոլոր այն ակտիվիստները, որոնք այս օրերին աչքի ընկան իրենց պաթոսային և անբովանդակ խաղաղասիրական կամ կեղծավոր հայրենասիրական կոչերով, իսկապես մտահոգ լինեին Հայաստանի Հանրապետության ապագայի համար, ապա նրանք իրենց լայն կապերը կօգտագործեին ոչ թե ադրբեջանական մամուլում լայնորեն տիրաժավորվող կեղծ տեղեկությունների տարածման համար, այլ իրական պատկերը ներկայացնելու համար: Կարելի էր օրինակ հակադարձել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի այն ակնարկին, որ կարևոր չէ, թե ով է սկսել ռազմական գործողությունները, կամ կարելի էր հերքել ադրբեջանական մամուլի կողմից հրապարակվող ստերը: Շատ կարևոր և օգտակար բաներ կարելի էր անել: Բայց, քավ լիցի, մեր հայրենիքում կան մարդիկ, ովքեր ամեն առիթ, նույնիսկ մեր հայրենիքին սպառնացող պատերազմը օգտագործում են միայն նեղ անձնական կամ քաղաքական շահի համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միայն մեկ առումով կարելի է համաձայնվել պարոն Խառատյանի և այլոց հետ՝ ոչինչ չի մոռացվելու: Այդ թվում ձեր պատեհապաշտությունը և երեսպաշտությունը:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով