Դեռ ամեն ինչ կորած չէ

Այսօր ԶԼՄ-ները և համացանցում աշխատող լրատվականները տեղեկատվություն տարածեցին այն մասին , որ ՀՀ 3-րդ Նախագահ Ս. Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին: Սա կարելի էր դիտարկել որպես սովորական մի տեղեկություն, որով լցվում է լրահոսը, երբ չկան սկանդալային լուրեր, սակայն իրականում այս տեղեկությունը շարքայիններից չէ:
Վստահաբար այն մարդիկ, ովքեր դպրոցում սովորել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմություն առարկան, լավ գիտեն Ամարասի վանական համալիրի պատմությունը, դերն ու նշանակությունը հայ ժողովրդի համար: Որպեսզի ավելի հստակեցնենք այս իրադարձության կարևորությունը, կատարենք փոքր պատմական էքսկուրս:
Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դ. սկզբին։ 821 թվականին վանքն ասպատակում են արաբները։ 1293 թվականին մոնղոլ-թաթարների Բայտու խանը կողոպտում է վանքը՝ որպես ավար տիրանալով Սբ. Գրիգորիսի գավազանին ու 36 ակներով ընդելուզված ոսկեձույլ մի խաչին։ Ամարասի վանքն ավերվում է նաև 1387 թվականին՝ Լենկթեմուրի արշավանքների ժամանակ։ Վանքն իր անընդմեջ գործող դպրոցով շարունակել է մնալ որպես կրոնական և մշակութային կենտրոն։ XV–XVI դդ. այստեղ գրվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր։ XVII դ. 3-րդ քառորդին նորոգվում է Գանձասարի Պետրոս կաթողիկոսի կողմից։ Վանքը ունի երկար և հարուստ պատմություն: Նշենք, որ XIX դ վերջին վանքն ուներ կալվածքներ՝ վարելահողեր, այգի, ջրաղաց։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո լքվել և ամայացել է։ Վերաբացվել է 1992 թվականին որպես Արցախի թեմի գործող վանք։
Հաշվի առնելով համալիրի պատմությունը՝ հնարավոր չէ չհասկանալ, որ սա պարզապես պատմական կառույցների խումբ չէ: Վանքն իր անընդմեջ գործող դպրոցով շարունակել է մնալ որպես կրոնական և մշակութային կենտրոն։ XV–XVI դդ. այստեղ գրվել և ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր։ XVII դ. 3-րդ քառորդին նորոգվում է Գանձասարի Պետրոս կաթողիկոսի կողմից։
Սա հայ ժողովրդի պատմամշակութային կոթողներից մեկն է, որն իր գոյությամբ և հարատևմամբ ազդարարում է մեր ազգի առկայությունը այս տարածաշրջանում, ինչը այդքան ջանում է հերքել «կիրթ» և «կառուցողական» Ալիևը:
Հիշեցնենք, որ դեռ 2019 թվականի օգոստոսին «Լույս» հիմնադրամի ֆինանսավորմամբ Ամարասի վանական համալիրում սկսվել են վերականգնման աշխատանքները: 2019թ. Հոկտեմբերի 12-ին Թարգմանչաց տոնի արթիվ ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Ամարաս վանական համալիր: Այսօր, վերականգնողական աշխատանքների մեկնարկից շուրջ մեկ տարի անց, Սերժ Սարգսյանը չի դադարում հետևողական լինել իր գործերում և տեսակապի միջոցով տեղեկանում է աշխատանքների ընթացքի մասին:
Մասնավորապես Սերժ Սարգսյանն անդրադարձել է Ամարասի վանական համալիրի կարևորությանը որպես լավագույն օրինակ այն բանի, թե ինչպես հայոց լեզուն և քրիստոնեական մեր հավատքը միասին հարյուրամյակներ շարունակ հայոց ինքնության պահպանման անառիկ ամրոց են դարձել: Եվ բազմաթիվ ասպատակություններից, ավերումներից հետո էլ Ամարասը կա ու վկայում է, որ հայ ժողովրդի երթն անկասելի է, անկասելի է նաև իր ինքնության կարևորագույն տարրերի` հավատքի և լեզվի շնորհիվ: Խոսելով Համալիրի կարևորության և խորհուրդի մասին՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ Ալիևներն ու իրենցից առաջ եղած հրոսակները, որ պարբերաբար գայթակղություն են ունեցել զավթել հայոց աշխարհը, այդ թվում` Արցախը, տիրանալ մեր հազարամյակների պատմություն ունեցող հոգևոր, մշակութային գանձերին, խեղաթյուրել պատմությունը, ի պատասխան պիտի տեսնեն մեր վեր հառնող մշակութային և հոգևոր կոթողները ու հարկ եղած դեպքում ստանան հայոց բանակի համարժեք պատասխանն ու զինադադար մուրան, ինչպես դա արել են ոչ հետու անցյալում:
Արձանագրենք, որ երկու տարի շարունակ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ իրականացվող բարբարոսական արշավի ֆոնին այս աստվածահաճո գործը ունի մեծ նշանակություն թե՛ պատմամշակութային հուշարձանի վերականգնման առումով և թե՛ հայ ժողովրդի անկոտրուն ոգու նոր զարթոնքի խորհրդանիշ: Ցավոք, երկու տարի է, ինչ Հայաստանը օրվա իշխանության թեթև ձեռքով կարծես շեղվել է լուսավոր ճանապարհից և շրջվել է դեպի խավարը: Երկու տարի մեզ փորձում են համոզել, որ ավելի առաջադեմ է հանգցնել լույսը մեր սրտերում, քան փորձել ցրել մեր շուրջը կուտակվող խավարը:
Բայց Ամարասի վանական համալիրի վերականգնման պես նշանավոր գործերը հույս են տալիս, որ դեռ ամեն ինչ կորած չէ: Հայաստանում դեռ կան մեծություններ, որոնք կարևորում են հոգևոր կոթողների ճրագը վառ պահելը:
Եզրափակելով փաստենք՝ որ ՀՀ 3-րդ Նախագահը դարձյալ անում է ազգանվեր գործ, որը ավարտին հասնելուց հետո հայ ժողովրդի դարավոր պատմության ապացույցն է լինելու, այդպիսով ի չիք դարձնելով այս տարածաշրջանում հայ ժողովրդի հնագույն ազգը լինելու իրողությունը հերքելու մեր թշնամիների ջանքերը:

                                                                                                                                                   Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով