Բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են, քան մնացածներ

Այսօր ժամը 12:00 կողմերը ՀՀ Նախագահի նստավայրի մոտ մի խումբ երիտասարդներ ակցիա էին անցկացնում: Եվ, օ զարմա՜նք, նրանց առաջնորդում է ոչ ավել, ոչ պակաս ՀՀ ԱԺ ոչ այնքան անկախ երեսփոխան Արման Բաբաջանյանը: Ըստ տարբեր գնահատականների, ակցիան տևել է շուրջ մեկ ժամ, բայց մենք կանդրադառնանք փաստերին:

Մի շարք լրատվականներ տարածել են 8 րոպե տևողությամբ տեսանյութ այդ ակցիայի մասին և, ի զարմանս բոլորիս, չտեսանք ոչ մի ոստիկանի միջամտություն, չլսեցինք ակցիան անհապաղ դադարացնելու հրահանգներ կամ այլ գործողություններ իրավապահ մարմինների կողմից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ բոլոր մնացած քաղաքական ուժերին և անհատ գործիչներին արգելված է իրականացնել որևէ տեսակի ակցիաներ արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված:

Բա ինչպե՞ս է ստացվում, որ օրինակ Ռեֆորմիստների կուսակցությանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանին, Ադեկվադ միաբանությանը, «Վետո» շարժմանը և շատ այլ ընդդիմադիրներին պարետի որոշմամբ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ, իսկ օրվա իշխանության գրպանից ամբարտավան հայտարարություններ հնչեցնող և բոցաշունչ դատարկաբանություններ տիրաժավորող, հակահայկական օրակարգի երդվյալ ծառա Արման Բաբաջանյանին՝ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է:

Եթե մասայական ակցիաների, հանրահավաքների և պիկետների արգելման պարետի որոշումը իսկապես ուղղված է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին և միտված է վարակի տարածումը կանխելուն, ապա ստացվում է, որ Արման Բաբաջանյանի դեպքում կորոնավիրուսը ինքնակամ նահանջում է և վարակի տարածման վտանգ չկա, իսկ բոլոր մնացածների դեպքում՝ ոչ: Սա անհեթեթություն է: Բոլոր նշված քաղաքական ուժերն ու անհատներն իրենց բողոքի ակցիաները կազմակերպել են պարետատան պահանջների խիստ կատարմամբ՝ դիմակներով և սոցիալական հեռավորությունը պահպանելով, բայց այդուհանդերձ ոստիկանության աշխատակիցները միշտ խոչընդոտել են և տվել են առավելագույնը 5 րոպե ակցիան դադարացնելու և հեռանալու համար:

Հիշեցնենք նաև, որ ընդդիմադիր դաշտի բազմաթիվ ներկայացուցիչներ վարչական ձեռբակալության ենթարկվեցին, իսկ Արման Բաբաջանյանը ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց իր համակիրներով շրջապատված հանգիստ ճառում էր Սահմանադրական Դատարանի հանցագործների ոռջ լինելու մասին:

Հիմա ինչպե՞ս եղավ, որ Արման Բաբաջանյանը և իր հետ նախագահականի մոտ հավաքված երիտասարդները, ինչպես երևում է 8 րոպեանոց տեսանյութում, չեն պահպանում սոցիալական հեռավորությունը, բայց ոչ մի ոստիկան չի մոտենում և չի հորդորում իրենց դադարացնել ակցիան պարետի որոշման համաձայն: Երկակի ստանդարտների և խտրականության այսպիսի աղաղակող դրսևորումներ տեղ չեն ունեցել Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքում գոնե 2018թ. հեղաշրջմանը նախորդած 10 տարիների ընթացքում: Ուստի, ակնկալում ենք պարետատան և ոստիկանության արձագանքը Արման Բաբաջանյանի կողմից պարետի որոշման պայմանները խախտելու վերաբերյալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իրականում բողոքի ձայն բարձրացնել չի կարելի միայն նրանց, ովքեր արդարացիորեն և հիմնավորված հակադրվում են օրվա իշխանությանը և մերկացնում են վերջինիս սկանդալային դիլետանտությունը, օրենքի կամայական կիրառումը, ընդդիմության նկատմամբ լկտի ճնշումները, ազատ խոսքի սահմանափակումը, ժողովրդին տրված բազմաթիվ և բազմազան այդպես էլ չկատարված խոստումները, Հայաստանի Հանրապետության անվտանգությունը թիրախավորող գործելաոճը, դաշնակից երկրների հետ հարաբերությունների վատացումը և շատ այլ խնդիրներ: Իսկ օրվա իշխանության մասովկա ապահովող Արման Բաբաջանյաններին կարելի է:

Ինչո՞ւ: Որովհետև նոր Հայաստանում, որի հանցավոր իշխանությունը ինքն իրեն համարում է ժողովրդավարության բաստիոն, բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները հավասար են, բայց Արման Բաբաջանյանը ավելի հավասար է, քան մյուսները:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով