Բարիկադներ հայրենասիրության և նիկոլիզմի միջև

ԿԳՄՍ նախարարության առջև բողոքի ակցիա են իրականացնում ԲՈՒՀ չընդունված ուսանողներն ու իրենց ծնողները: Այս ակցիաները օրեր առաջ սկսվեցին ԱԺ-ի դիմաց և շարունակվում են մինչ օրս, քանի որ դիմորդների խնդրին լուծում չի տրվում:

Դիմորդներն ու իրենց ծնողները հավաքվել էին ԿԳՍՄ շենքի առաջ և մեկ ժամ ժամանակ տվել նախարարին իրենց հետ հանդիպման համար: Ի պատասխան այդ պահանջին՝ նախարարության խոսնակը ասաց, որ կարող են հանդիպում ունենալ փոխնախարարի հետ, ինչին ծնողներն ու դիմորդները չհամաձայնվեցին: Մեկ ժամ անց նրանք փակեցին Վազգեն Սարգսյան և Խորենացի խաչմերուկը, որի արդյունքում տարբեր գնահատականներով բերման ենթարկվեցին 2 քաղաքացի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արձանագրենք, որ չընդունված դիմորդների բողոքը օրեր շարունակ արհամարհվում է նախարարի կողմից:

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանն այն նախարարն է, որը 2018 թվականի նոյեմբերին ԱԺ-ում հայտարարեց, որ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին հավասարապես, այլ ոչ թե փոքրաթիվ խմբերին, որոնք ունեն հնարավորություններ: Սակայն նախարարը շատ շուտ մոռացավ իր այդ բոցաշունչ հայտարարությունը: Միգուցե այն պատճառով, որ 2018 թվականի նոյեմբերին այսօրվա իշխանությունը դեռ այնքան էլ վստահ չէր զգում իրեն իշխանության մեջ և հասկանում էր, որ հարկավոր է անել ամբոխահաճո հայտարարություններ էյֆորիկ տենդի ինտենսիվությունը պահելու համար:

Այսօր, երբ իշխանությունը և մասնավորապես ԿԳՄՍ նախարարը ունեն ոչնչով չհիմնավորված վստահություն, որ նրանք այդ պաշտոնում կմնան դեռ երկար ժամանակ, իրավիճակը կտրուկ փոխվել է: Նախարարը հավանաբար այլևս չի կարծում, որ որակյալ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորի համար: Այլապես ինչպե՞ս բացատրենք այն փաստը, որ քննությունների արդյունքների ամփոփման նոր կարգը ուժի մեջ է մտել մայիսի 26-ին, իսկ ընդունելության քննությունները սկսվել են մայիսի 25-ին: Իսկ դիմումների ընդունումը սկսված է եղել ավելի վաղ, ուստի դիմորդները տեղեկացված չեն եղել նոր կարգի մասին, ինչի պատճառով էլ ստեղծվել է այս անարդար իրավիճակը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր կարող ենք արձանագրել, որ այն նախարարը, որը սեփական փիառը ապահովելու համար մեկ անգամ աշխատանքի գնալուց մետրո էր նստել և այդ լուսանկարներն այնուհետև մեծ տարածում ստացան համացանցում և առանձնահատուկ հրճվանք առաջացրեցին հանրության շրջանում, այսօր պախկվում է ոստիկանների պատի հետևում և նույնիսկ չի ցանկանում դուրս գալ ՀՀ ապագա պաշտպանների, մասնագետների և, ինչու ոչ, նաև հնարավոր ապագա նախարարների մոտ և բացատրել կամ հիմնավորել իր դիրքորոշումը: Մի՞թե նախարարն այդքան զբաղված է: Հետաքրքիր է իմանալ՝ այդ ի՞նչ գործեր են, որ նախարարին  թույլ չեն  տալիս հատկացնել մեկ ժամ և հանդիպել այն դիմորդների հետ, ում ճակատագիրն է որոշվում այսօր:

Քանի որ նախարարը պատրաստ չէ լսել երիտասարդների ձայնը, առաջ է գալիս նրա հրաժարականի պահանջը: Սա ակնհայտորեն երիցս ապացուցում է, որ հանրային հիասթափությունը օրվա իշխանությունից օրեցօր աճում է և նույն իշխանության ներկայացուցիչները բոլորովին մտահոգված չեն դրանով՝ հավանաբար հույս ունենալով, որ անվերջ շարունակվող արտակարգ դրությունը կփրկի իրենց բողոքի ալիքից, որն անխուսափելիորեն դուրս կգա փողոց, եթե չլինի արտակարգ դրությունը: Սակայն այսօր մենք տեսնում ենք, որ երկու տարի շարունակ իրականացվող ապազգային օրակարգը հանգեցրել է միայն անարդարության և այդպիսով՝ հանրային դժգոհության, որն այլևս հնարավոր չէ սաստել արտակարգ դրությամբ:

Մեր երիտասարդները, որ այսօր հավաքվել էին ԿԳՍՄ նախարարության առջև և իրենց պահանջները ներկայացնելուն զուգընթաց նաև երգում էին հայրենասիրական երգեր, ապացուցեցին, որ դեռ ամեն ինչ կորած չէ: Մենք ունենք հայրենասեր սերունդ, որի համար ընկալելի չեն նեոլիբերալ և ապազգային արժեքները, որոնցով առաջնորդվում է օրվա իշխանությունը: Ամփոփելով հիշեցնենք Արայիկ Հարությունյանին, որ այս երիտասարդների ապագան և ճակատագիրը իր պատասխանատվությունն է:

Այսօր տխրագռչակ նախարարն ապացուցեց, որ նա բացարձակ անտարբեր է Հայաստանի Հանրապետության երիտասարդության ճակատագրի նկատմամբ: Վստահաբար, նախարարի ամբարտավան կեցվածքը չի մոռացվի և իշխանության փոփոխությունից հետո, որը շատ մոտ է, նա ստիպված է լինելու պատասխան տալ նաև սրա համար:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով