100 ազդեցության գործակալները կամ արևմտյան նոր ինտերվենցիան

Սեպտեմբերից 100 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ «իԳործ» ծրագրի շրջանակում կներգրավվեն ՀՀ պետական կառավարման համակարգի աշխատանքներին: Այս մասին Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին ավելի ընդլայնված հայտարարությամբ հանդես է եկել Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Ուշագրավ է, որ պետական մակարդակով այս ինտերվենցիան սկսվելու է հենց ՀՀ Արդարադատության նախարարությունից: Պարոն Սինանյանը իր ուղերձում այնպիսի ամպագոռգոռ բառեր է օգտագործել «իԳործ» ծրագրի մասին գրելիս, որ ակնհայտ է դառնում նրա նպատակը՝ իր զրոյական արդյունք տված «աշխատանքը» որպես Սփյուռքի հանձնակատար ինչ-որ կերպ իմաստավորել ու դրան արժեք հաղորդել: «Հայաստանի համար ռազմավարական և քաղաքական մեծ նշանակություն ունեցող «իԳործ»-ը երկրի պատմության մեջ առաջին նմանատիպ ծրագիրն է», գրում է նա: Պարոն Սինանյանին հուշենք, որ շատ վատ է, որ ձեր հեղինակած ծրագիրը, որն այնքան էլ նորություն չէ, քաղաքական նշանակություն և ենթատեքստ ունի: Շատ սխալ է Սփյուռքի հետ հարաբերությունները քաղաքական ռելսերի վրա դնել:
Եկեք արձանագրենք մի բան՝ Հայաստանի և Սփյուռքի միասնությունը այն կարևորագույն գործոններից մեկն է, որը երաշխավորում է հայ ժողովրդի տեղն ու դերը աշխարհում: Մենք ամենևին նպատակ չենք հետապնդում սեպ խրել Սփյուռքի և Հայաստանի միջև: Սակայն այս ծրագիրը՝ ՀՀ պետական կառավարման համակարգի աշխատանքներին արտասահմանյան ամենալավ ուսումնական հաստատություններն ավարտած սփյուռքահայերի ներգրավումը, ըստ էությալ ունի շատ հեռահար օրակարգ, որը ամենևին նպաստավոր չէ Հայաստանի համար: Այսպիսով, բոլորս հիշում ենք, որ վարչապետը և իր սատելիտները բազմիցս գանգատվել են պետական ապարատի դիմադրելու և ընդվզելու մասին: Չենք անդրադառնա այն բանին, որ ՀՀ իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները հաճախակի այնպիսի որոշումներ են կայացնում, որ ստորին օղակներում աշխատող փորձառու մասնագետները կարող է և ընմոստանան կամ ընդվզեն այդպիսի որոշումների դեմ: Հավանաբար սա պատճառներից մեկն է, որ վարչապետը իր հավատարիմ Զարեհ Սինանյանի հետ որոշել են օտարերկրյա դեսանտ իջեցնեն մեր պետական կառավարման համակարգի վրա և դրանում են տեսնում հարցի լուծումը: Պարոն Սինանյանի հավատարմության պատճառը հայտնի է՝ ըստ տարբեր աղբյուրների նա ստանում է շատ բարձր աշխատավարձ, սակայն մինչ օրս իր ղեկավարած գերատեսչությունը չի արձանագրել որևէ երևելի արդյունք: Չկան սփյուռքից ակնկալվող ներդրումներ, չկա ներգաղթ, ավելին՝ բոլորովին վերջերս նա հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ չէ ներգաղթի համար: Սակայն սա սառցաբեկորի գագաթն է միայն: Այս ավանտյուրան մի շարք հետևանքներ կունենա: Շեշտը դնելով այդ 100 հոգու լավ կրթության վրա՝ վարչապետն ու Սփյուռոի գլխավոր հանձնակատարը կասկածի տակ են դարձնում Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դրսում կրթություն ստացած մեր հայրենակիցները և սփյուռքահայերը այլ հավասար պայմանների առկայության դեպքում ավելի բարենպաստ վիճակում են եղել աշխատանք գտնելու առումով, քան հայրենական ԲՈՒՀ ավարտած նույնիսկ ամենախելացի և պատրաստված կադրերը: Վարչապետի կողմից այսպիսի շեշտադրումները առաջացնելու են միայն հիասթափություն և դժգոհություն, քանի որ այդպիսով վարչապետի մակարդակով քարոզվում է անհավասարությունը: Ժողովրդի ուսերին պաշտոնին հասած և բազմաթիվ խոստումներ տված ու դրանք չկատարած անձնավորությունը այսպիսով ուղղակիորեն հաստատում է այն գաղափարը, որ փողն է պայծառ ապագայի բանալին՝ ով ուներ գումար օտարերկրյա լավ ուսումնական հաստատությունում սովորելու, նա այսօր կմտնի պետական կառավարման համակարգ: Այս առումով առաջ է գալիս ևս մեկ օրինաչափ հարց՝ արդյո՞ք այդպիսի բարձր մակարդակի և թանկարժեք կրթություն ստացած մասնագետները կաշխատեն Հայաստանում սահմանված հաստիքային աշխատավարձերով: Դատելով Զարեհ Սինանյանի օրինակից՝ ոչ: Այսինքն, ևս 100 հոգի կդառնան լրացուցիչ ֆինանսական բեռ հարկատուների համար: Իսկ ինչպե՞ս է լուծվելու բուն աշխատատեղերի հարցը: Կստեղծվեն նոր հաստիքնե՞ր, թե՞ 100 Հայաստանի քաղաքացի կզրկվեն աշխատանքից: Բացի դրանից այստեղ կա նաև անվտանգության խնդիր: Եթե թեկնածուներն ընդամենը 100-ն են, ուրեմն նրանք որպես շարքային աշխատողներ չեն ներգրավվելու, այլ զբաղացնելու են պատասխանատու պաշտոններ: Հատկապես Արդարադատության նախարարության պաշտոնատար անձինք հաճախակի տիրապետում են այնպիսի տեղեկությունների, որոնք խիստ զգայուն են գաղտնիության առումով: Եթե այդպիսի տեղեկություններ պետք է հասանելի լինեն օտարերկրյա քաղաքացիներին, ինչպե՞ս է կարգավորվելու իրենց պատասխանատվության հարցը:
Արդյո՞ք բարձր պաշտոններ զբաղեցնելուց առաջ նրանց նկատմամբ անց է կացվելու այսպես կոչված Due diligence ստուգում, որի արդյունքում ուսումնասիրվում են անձի կենսագրության բոլոր ասպեկտները, նրա կապերը, հնարավոր թիրախ հանդիսացող սովորությունները և այլն: Դարձյալ ուզում ենք շեշտել, որ այս հարցերը միտված չեն Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերությունները բարդացնելու: Սակայն պետք է հասկանանք, որ բոլոր զարգացած երկրներում այդպիսի պաշտոններում օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի վերցնելը խիստ անցանկալի կլինի և օտարերկրյա թեկնածուների նկատմամբ կենսագրության ստուգումը ավելի խիստ կլինի: Դեռ մեծ հարց է՝ արդյո՞ք վարչապետը կբավարարվի միայն Արդարադատության նախարարությամբ, թե՞ դեսանտ կիջեցնի նաև ԱԱԾ կամ ԱԽ կամ Ոստիկանություն, կամ աստված մի արասցե՝ Զինված ՈՒժեր: Հաշվի առնելով այն, որ նույն ԱԽ քարտուղարը արդեն արտահայտվել է այն մասին, որ ԱԱԾ-ն պետք է ավելի թափանցիկ աշխատի՝ ոչ մի բան բացառել չի կարելի:
Դժվար է պատկերացնել, որ օրինակ ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայությունում աշխատանքի վերցնեն օտարերկրյա քաղաքացիների (բացառությամբ հավաքարարների)՝ ելնելով նրանց անգլոսաքսոն ծագումից: Այստեղ ոմանք կարող են հակադարձել՝ ասելով, որ ԱՄՆ-ում որակյալ կադրեր կան, իսկ Հայաստանում՝ ոչ: Այո, օրվա իշխանության շրջանակներում այսպիսի գաղափարը շատ մոդաիկ և տարածված է: Ցավալի է փաստել, որ մեր հայրենիքի իշխանությունը այնքան է կտրվել իրականությունից, որ չի կարողանում կադրերի հարց լուծել: Վարչապետին և Զարեհ Սինանյանին հիշեցնենք, որ իրենք խորապես սխալվում են մտածելով, որ Հայաստանում չկան որակյալ կադրեր: Այս ամենը երիցս ապացուցում է, որ վարչապետը չի տիրապետում իրավիճակը:
Փաշինյանն ու իր վարչակազմը այդպես էլ չկարողացան դառնալ պետական գործիչներ, չեն կարողացել հետադարձ կապ հաստատել հանրության հետ և հավաքել անհրաժեշտ տեղեկություններ Հայաստանում առկա կադրերի մասին: Ամփոփելով, արձանագրենք, որ մեր Սփյուռքը, ինչ խոսք, ունի բազմաթիվ շնորհալի մասնագետներ: Բայց Հայաստանում այդպիսի մասնագետներ նույնպես կան: Ուղղակի իշխանությունը պետք է կարողանա և ցանկանա որդեգրել այնպիսի աշխատելաոճ, որը թույլ կտա հայտնաբերել այդ լավ կադրերը և այդ կադրերի գիտելիքներն օգտագործել ի բարօրություն մեր երկրի ծառայեցնելու համար: Օրվա իշխանությունը բազմիցս ապացուցել է, որ չունի այդպիսի ցանկություն: Փաշինյանն ու իր խունտան գերադասում է ամեն առիթ օգտագործել ակնարկելու համար, որ նախկինների հետ կապված ամեն ինչը և ամեն ոք վատն են և անպիտան, այդ թվում՝ նախկինում հայրենական ԲՈՒՀ ավարտած, որոշ դեպքերում նույնիսկ դրսում որակավորում ստացած և փորձ ձեռքբերած մասնագետները: Սակայն այս ամբողջ պատմությունը կարող է անսպասելիորեն վատ արգասիքներ բերել Փաշինյանին: Արտասահմանյան լավագույն ԲՈՒՀ-երում ուսանողներին սովորեցնում են ինքնուրույն մտածել, բարձր գնահատել ժողովրդավարության սկզբունքները, չենթարկվել վերադասի անօրինական հրահանգներին և չաստվածացնել երկրի ղեկավարներին:
Այդքանով այս 100 հոգին կարող են դառնալ դանդաղ գործող ական Փաշինյանի համար:

                                                                                     Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով