Երկու տարեկան թավշյա դիկտատուրան

Երկու տարի: Երկու տարի է, ինչ Հայաստանում տիրում է իրավական կամայականության և ընտրովի արդարադատության մթնոլորտը: Սակայն չգիտես ինչու այսօր կան ընդդիմադիր ուժեր և առանձին գործիչներ, որոնք կարծես նոր են տեսնում, որ Հայաստանում իրավունքի առումով ինչ-որ բան այնպես չէ:
Այսօր Ազգային Ժողովում տեղի ունեցածը կարծես շատերի համար բացահայտում էր: Մարդիկ հանկարծ սկսեցին անհանգստանալ ու բոցաշունչ ելույթներ հրապարակել այն մասին, որ Հայաստանը ոնց-որ թե շեղվել է ժողովրդավարական ուղուց:
Մի՞թե իսկապես երկու տարի շարունակ ակնհայտ չէր, որ օրվա իշխանությունը դրսևորում է բացարձակ կամայականություն և սեփական քաղաքական շահի համար պատրաստ են ամեն ինչի: Մի՞թե 2018 թվականի պարլամենտական ընտրություններից հետո, երբ տարօրինակ կերպով ավելացվեց պատգամավորների թիվը և իշխանական մեծամասնությունը ԱԺ-ում զբաղեցրեց աթոռների ուղիղ երկու երրորդը, դա ոչ ոքու համար ահազանգ չէր: Փաստացի այսօր ունենք խորհրդարան, որի ճնշող իշխանական մեծամասնությունը՝ «ՔՊ» կուսակցությունը, ինքն իր կազմով կարող է և քվորում ապահովել, և պարզ մեծամասնություն և երկու երրորդ և երեք հինգերորդ, ինչպես որ այսօր եղավ:
Առերևույթ այսօր ունենք խորհրդարան, որի իշխանական մեծամասնությունը առանց ընդդիմության կարծիքը հաշվի առնելու կարող է ընդունել ցանկացած օրենք, փոփոխել ցանկացած օրենք, վավերացնել ցանկացած կոնվենցիա, զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից ցանկացած անձի և առհասարակ անել այն, ինչ ցանկանում է իր ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ է սա, եթե ոչ բռնապետության բացահայտ դրսևորում:
Տիկնայք և պարոնայք, մի՞թե դուք իսկապես երկու տարի ոչինչ չեք նկատել: Չե՞ք նկատել, որ իշխանության առաջնորդը բացահայտ հրահրում է ժողովրդին կատարել անօրինական գործողություններ և շրջափակել դատարանները, երբ երկու տարի անազատության մեջ է գտնվում ՀՀ 2-րդ նախագահը, թեպետ իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցը լուծված չէ, երբ շինծու և սև թելերով գործեր են փորձում կարել Սերժ Սարգսյանի, Ռուբեն Հայրապետյանի և այլ գործիչների դեմ, երբ Արցախի հիմնախնդրի բարդագույն դիվանագիտության արդյունքները մսխվում են հօգուտ Փաշինյանի կիրթ և կառուցողական բարեկամ Ալիևի… Այս ցանկը երկար կարելի է շարունակել:
Մի՞թե այս ամենը ապացույց չէր, որ մեր հայրենիքը գտնվում է անդունդի եզրին: Ու հանկարծ այսօր, երբ խորհրդարանական մեծամասնությունը պարզապես արեց այն, ինչ միշտ է արել այս երկու տարիների ընթացքում՝ կատարել է իր վերադասի հրահանգը, գտնվեցին մարդիկ, ովքեր կարծես քնած էին ու նոր արթնացան և տեսան այն ամենը, ինչ կատարվում է մեր երկրում:
Երկու տարի շարունակ մենք աղաղակում ենք այս ամենի մասին: Այսօր նույնիսկ ամենալավատես ընդդիմադիր գործիչները հասկացան, որ այս կամայական «արդարությունը» թակելու է բոլոր ընդդիմադիրների դուռը: Այսօր պիտի արձանագրենք, որ այս օրհասական պահին այլևս խիստ անհրաժեշտ է ընդդիմադիր ուժերի միավորումը, այլևս որոշ ընդդիմադիրներ, որոնք մինչ օրս մյուսներին վատաբանելու հաշվին դիվիդենդներ էին հավաքում, պետք է սթափվեն և մի կողմ թողնեն հեռանկար չունեցող այդ գործելաոճն ու համախմբվեն համընդհանուր օրակարգի շուրջ: Այսօր մեր հայրենիքի համար արդիական է միայն մեկ օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը իշխանությունից:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով