Երեք նշանակում ուժայիններում. Փաշինյանը ձգտում է տոտալ վերահսկողության

Այսօր ունեցանք երեք աղմկահարույց նշանակումներ: ՀՀ վարչապետը ընդունել է երեք ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները և անմիջապես նոր նշանակումներ է արել: Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, շուրջ մեկ ամիս առաջ մեկ օրում գնդապետի կոչում ստացած 29-ամյա Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ տնօրեն, իսկ գնդապետ Վահե Ղազարյանը՝ Ոստիկանության պետ: Հատկանշական է, որ նորանշանակները ԺՊ չեն, այլ կսկսեն պաշտոնավարել Արմեն Սարգսյանի կողմից նշանակման հրամանի ստորագրվելուց հետո:

Հասկանալով, որ մեկ օրում երեք այսպիսի պաշտոնանկություներն ու նշանակումները պարզաբանում են պահանջում, վարչապետը հանրությանը ներկայացրեց առաջին հայացքից բավականին հիմնավորված բացատրություն՝ բոլոր հրաժարականների պատճառը երեկ տեղի ունեցած և մեծ աղմուկի առիթ դարձած հարսանիքն է: Պարետատան պահանջները կատարելը պարտադիր է բոլորի համար, իսկ դրանք չկատարելը հղի է հետևանքներով: Այո, իսկապես, պարետատան պահանջները պարտադիր են բոլորի համար, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Սակայն այստեղ կա մի մեծ բայց: Սովորաբար անսպասելի պաշտոնանկություններից հետո նշանակվում են ժամանակավոր պաշտոնակատարներ: Բայց մեր դեպքում մարդիկ ուղղակիորեն նշանակվեցին իրենց պաշտոններում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այստեղից կարելի է հետևություն անել, որ Փաշինյանը պատրաստ էր փոխել երեք ուժային կառույցների ղեկվարներին և արդեն գիտեր, թե ում է նշանակելու այդ կարևորագույն պաշտոններում: ԱԱԾ-ի դեպքում դա արդեն պարզ էր Արգիշտի Քյարամյանի սըրընթաց կարիերան և մեկ օրում ոչ-մի-բանից գնդապետ դառնալը հաշվի առնելով: ԶՈւ Գլխավոր շտաբի նորանշանակ պետն ու նոր Ոստիկանապետն էլ իջևանցիներ են, երկրորդը Փաշինյանի մերձավորագույն շրջապատից է: Մի խոսքով, պատահական մարդիկ չեն և ըստ ամենայնի Փաշինյանը վաղուց էր պլանավորում այս փոփոխությունները, իսկ հարսանիքն ուղղակի առիթ էր: Ընդ որում, կարելի է ենթադրել, որ այս մարդիկ արդեն ներյակացրել էին իրենց հրաժարականները որոշ ժամանակ առաջ: Այլապես դժվար է պատկերացնել, որ բարձր պաշտոնյաները չէին հասկանում, որ արտակարգ դրության ընթացքում հարսանիք կազմակերպելն ու դրան մասնակցելը կունենա լրջագույն հետևանքներ: Այստեղ հանրությունը կարող է հիմնավոր կասկածներ ունենալ, որ պաշտոնանկությունների և նշանակումների հարցը վաղուց էր լուծված:

Հիմա եկեք հասկանանք, թե ինչ են նշանակում վարչապետի այս գործողությունները: Երկրում առողջապահական աղետ է: Հանրային դժգոհությունը գրեթե հատել է ժողովրդի համբերության բաժակը և ամեն պահի կարող է դուրս գալ ափերից, ողողելով փողոցները և ջաղջախելով ամեն ինչ իր ճանապարհին: Փաշինյանը լավ գիտի ժողովրդական ցասման իրական ուժը և հասկանում է, որ եթե ժողովուրդը դուրս եկավ փողոց, ապա նրա ճակատագիրը կարող է շատ վատ դասավորվել: Ուստի, ի՞նչ է մնում փորիկ բռնապետին: Մնում է փոխել երեք կարևորագույն ուժային կառույցների ղեկավարներին այնպես, որ այդ պաշտոններում հայտնվեն իրեն հավատարիմ և անվերապահորեն ենթարկվող անձինք, որոնք առանց հարցերի կկատարեն գերագույն գլխավորի հրահանգները: Կարելի է ենթադրել, որ ուժային կառույցների նախկին ղեկավարները բծախնդիր են եղել և միշտ չէ, որ համաձայնվել են կատարել իրենց վերադասի հրահանգները, իրավական կամ գուցե բարոյական պատճառներով: Այս ամենը էլ ավելի ցայտուն է երևում երեկվա իրադարձությունների ֆոնին՝ կառավարական ամառանոցների պահպանությունը ուժեղացվել է: Այլևս ակնհայտ է, որ ռեժիմը խուճապի մեջ է: Փաշինյանի գործողությունները անտարակուսելիորեն ապացուցում են, որ իրեն բացարձակ չի հետաքրքրում երկրում տիրող առողջապահական կոլապսը:

Միակ բանը, որի մասին այսօր կարող է մտածել Փաշինյանը դա սեփական անվտանգությունն է և իշխանությունից կառչելը: Ամփոփելով, արձանագրենք, որ ամենայն հավանականությամբ կարելի է սպասել ռեպրեսիաների: Թեպետ իրականում Փաշինյանը գրեթե ռեսուրս չունի դրանք ամբողջ ծավալով իրականացնելու համար, բայց փորձեր հավանաբար կլինեն: Կարելի է սպասել նաև ԱԱԾ-ի ներսում դժգոհությունների, քանի որ նորանշանակ տնօրենը իրական գնդապետ չէ: Նրա կոչումը տարիների աշխատանքով չի վաստակած, այլ Փաշինյանի նման փուջ է և անհիմն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երկու տարիների ընթացքում երեք ոստիկանապետ և երեք ԱԱԾ տնօրեն փոխելը խիստ բացասական է թե երկրի վարկանիշի և թե այդ կառույցների բնականոն աշխատանքի համար: Փաշինյանի պանիկան ակնհայտ է և վտանգավոր:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով